Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Մկրտչյան. ԿԳՆ-ում մտահոգված չեն Անահիտ Բախշյանի նախաձեռնությունից (տեսանյութ)

Սեպտեմբեր 13,2017 13:02

«Ավագանու այդպիսի անդամ ճանաչում եմ, բայց կրթության փորձագետ՝ ոչ: Այդ սուբյեկտը վերջերս ազատվեց կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնից։ Նա փորձագետ չէ», – խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը։ Լրագրողները հետաքրքրվել էին երեկ Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի մասին :

Փոխնախարարն ասաց, որ նախարարությունը մտահոգված չէ Անահիտ Բախշյանի`կրթության եւ գիտության նախարարին պաշտոնանկ անելու նախաձեռնությունից. «Յուրաքանչյուր քաղաքական գործիչ իր օրակարգն է սահմանում և դրա շրջանակներից ելնելով գործում է»։

Հիշեցնենք, այդ նախաձեռնությամբ Անահիտ Բախշյանը հանդես եկավ, երբ Հրազդանի քաղաքապետի որդուն նախագահը պարգեւատրեց ոսկե մեդալով: Այդ արարողությանը նախորդել էր Հրազդանի քաղաքապետի որդու մասնակցությամբ վրաերթի միջադեպը`հոր ծառայողական մեքենայով, որը մահվան ելքով էր ավարտվել:

«Եթե մարդը ավտովթարի է ենթարկել ինչ-որ մեկին ու, ցավոք սրտի, ամեն ինչ դժբախտ ելքով է ավարտվել, դա կապ չունի նրա գիտելիքների հետ։ Նրան այդ մեդալը շնորհել են իր գիտելիքների համար, իսկ այդ դեպքի հետ կապված կա նախաքննություն, որը կպարզի մանրամասները», – այս օրերին բազմիցս ասված թեզը շարունակեց փոխնախարարը։

Լրագրողներից մեկը զուգահեռեց`«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանը չի կարող հեռակա կարգով շարունակել ուսումը,  մինչդեռ ցանկանում է: Փոխնախարարն ասաց`միակ պատճառն այն է, որ Արամ Մանուկյանը գտնվում է կալանքի տակ: Փոխնախարարը բազմաթիվ նամակներ է ստացել Մանուկյանի պաշտպանից, զրուցել է բուհերի հետ, բայց այս պահին չկան անհրաժեշտ պայմանները, որոնք թույլ կտան Արամ Մանուկյանին շարունակելու կրթությունը: «Հեռակա կարգով Արամ Մանուկյանը չի կարող սովորել, որովհետև կալանքի տակ է։ Քանի որ նա դուրս է մնացել, ցանկանում է հեռավար կարգով վերականգնվել մեկ այլ տեղ։ Ես տարբեր բուհերի և ուսումնական հաստատությունների հետ խոսել եմ, օրենքի հետ կապված մի խնդիր ունենք՝ կալանքի տակ գտնվող անձը կարող է հեռավար ուսում ստանալ, եթե քրեակատարողական հիմնարկում և բուհում կան համանման պայմաններ։ Այդ երկու պայմաններն ապահովված չեն, հետևաբար Արամ Մանուկյանը չի կարող վերականագնվել և ուսումը շարունակել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Պարոն Վահրամ Մկրտչյան, քծնանքի ու հավատարմության դոզայով համարյա չտարբերվեցիք Երևանի ավագանու «Ծիտ» մականվանյալ «սուբյեկտից»: Անձամբ տիկին Բախշյանին,ցավոք, չեմ ճանաչում, բայց նրա գործունեությանը ծանոթ է յուրաքանչյուր հայ՝ Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Տիկին Բախշյանը այն հազվագյուտ հայերից է, որին սիրում և հագում են բոլորը (բացառություն են կազմում որոշ կաշառակեր դպրոցի տնօրեններ, ընտրակեղծարարներ, քծնողներ,օրինախախտներ): Ձեզ՝պարոն փոխնախարար, ոչ ոք չի ճանաչում, հանգիստ նստեք Ձեր աթոռին, քանի ձեր հինգաստղանի նախարարնին չեն հանել:

  2. Քրիստափոր says:

    Շատ ներողություն եմ խնդրում բոլորին, իմ ոճի համար: Սրան ով և ինչու է նշանակել փոխնախարար

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930