Լրահոս
Օրվա լրահոսը

Արժեքավոր ներդրում սփյուռքագիտության մեջ

Սեպտեմբեր 13,2017 12:09

Հայկական սփյուռքագիտությունը համալրվեց վաղուց սպասվող աշխատությամբ. լույս տեսավ Հրանուշ Հակոբյանի «Հայկական Սփյուռքը հարափոփոխ աշխարհում» (Ե., Հեղ. հրատ.., 2017.-652 էջ) ծավալուն գիրքը՝ իր առաջադրած հիմնախնդիրների և դրանց լուծումների լրջությամբ ու արդիականությամբ:

Առաջին տպավորությունը, որ ստանում ես գիրքն ընթերցելիս, այդ հայկական Սփյուռքի ամբողջական, լիաթոք շնչող օրգանիզմի վերաբերյալ պատկերացումն է, աշխարհասփյուռ մի ազգի, որն իր պատմական անցյալով ու հարատևած կյանքով, մշակույթով ու բարքերով, իր տեսակը պահպանելու անհավատալի ճիգերով ու հավատով, տարակուսանքներով ու բերկրանքներով, վաղնջական ժամանակներից ի վեր իր հայրենիքի սահմաններում չտեղավորվող հանրության մասին պատկերացումը: Այս ամենը ամենաընդհանուրն է, որ կարող ենք ասել հայկական Սփյուռքի մասին, որը պետք է ճանաչել, խորամուխ լինել նրա խնդիրներին, ծանոթանալ նրան ի մոտո և դրանից բխող եզրակացություններում մնալով ճշմարտության անդրդվելի սահմաններում: Կարելի է կարծել, որ հեղինակը՝ ան- առարկելիորեն քաջատեղյակ իր ուսումնասիրության առարկային, Սփյուռքը և նրա էական խնդիրները վերհանելու իր զարմանալի կարելիություններով իրոք, մնացել է այդ ճշմարտությանը հավատարիմ: Աշխատության մեջ առաջադրվում են վիթխարի բազմությամբ հիմնահարցեր, բազմաբնույթ ու բազմակնճիռ խնդիրներ, որոնք բնութագրում են Սփյուռքի և ընդհանրական և որոշակիորեն կոնկրետ կյանքն ու պատկերը այս իրոք հարափոփոխ աշխարհում:

Իր աշխատության առջև դրված նպատակների ու խնդիրների վերաբերյալ զուսպ և միաժամանակ տարողունակ նախաբանից հետո, հեղինակը մեկնում է վերոհիշյալ ճանաչողական ակունքներից՝ առաջին գլուխը նվիրելով Սփյուռքի պատմության և արդի բնութագրին: Այստեղ, և առաջ ընկնելով ասենք՝ նաև հետագա շարադրանքում Սփյուռքը բացահայտվում և ներկայացվում է ոչ թե որպես մի ինքնաբավ երևույթ՝ ամփոփված որևէ երկրի կամ երկրների ու աշխարհամասերի սահմաններում, այլ հայրենիքի, նրա ցեղասպանված անցյալի, ապա անկախ պետականության, Արցախի ու նրա խնդիրների հետ ունեցած բազմածալ կապերով ու հարաբերություններով: Սկզբից իսկ ծանոթանում ենք հեղինակային յուրահատուկ ոճին՝ տեսական ձևակերպումներին զուգահեռ և դրանց լծորդված՝ Սփյուռքի արդիական և իրական խնդիրների քննարկումը՝ Սփյուռքի գոյացման պատմական պատճառների ու պայմանների ուրվագծումներից մինչև միջազգային սյուռքագիտության դրույթների գնահատում՝ հայ սփյուռքագիտության տարածքներում, վերջինիս յուրահատուկ չափանիշների վերհանում: Վերջիններս լրացվում են հեղինակի հիմնավոր դիտարկումներով՝ Սփյուռք-ասպնջական երկիր, Սփյուռք-ազգային պետություն, Սփյուռքի անդրազգային հատկանիշներ ընդգրկումներով: Այս հիմնահարցերում ի հայտ է բերվում մի շատ կարևոր օրինաչափություն՝ առհասարակ սփյուռքների ձուլման և մյուս կողմից, դրանց ինքնագիտակցության և ինքնակազմակերպման՝ միմյանց հակակշռող անդադար գործընթացները:

Աշխատության մեջ առաջնահերթ նշանակություն է տրված հայրենիք-Սփյուռք կապերի ու հարաբերությունների խորացմանը. դրանք հենվում են Սփյուռքի իրողությունների ու փոխակերպումների, հայկական համայնքների առանձնահատկությունների հստակ բնորոշումների վրա: Այս իմաստով առանցքային տեղ է գրավում համայնքների իրավական տարաբնույթ կարգավիճակների բնութագիրը՝ պայմանավորված բնակության երկրի օրենսդրությամբ, որպիսիք են ազգային-կրոնական համայնք, ազգային փոքրամասնություն, հասարակական կազմակերպություն և այլ տարակարգումները: Այս տարբերությունների ընդհանուր հենքի վրա գրքում ի հայտ են բերվում Սփյուռքի կառույցների (833 համայնք, 30 հազար կազմակերպություններ) բազմատեսակ բնութագրերը, դրանց տեսակներն ու գործունեության յուրահատկությունները, որոնք առնչվում են արդեն ընդհանուր, համահայկական կառույցների ռազմավարական դերակատարությանը՝ ազգային ինքնության պահպանման և հայրենիքի հետ կապերի խորացման ասպարեզում: Այս կերպ աշխատության էջերում և միշտ՝ շարժման մեջ, ըստ արժանվույն գնահատվում են Հայաստանյայց Առաքելական եկեղեցին, դպրոցների, հայագիտական կենտրոնների, ազգային կուսակցությունների, մշակութային, իրազեկման և մասնագիտական կառույցների մեծածավալ գործունեությունը ազգապահպանության խնդիրների անեզր սահմաններում: Հեղինակային ոճի միասնականությունը աշխատության մեջ երբեմն ընդմիջարկվում է գիտական հիմնավոր առարկություններով ու դիտողություններով՝ ընդհուպ մինչև մտածված գործնական առաջարկները: Սփյուռքի հիմնախնդիրների քննարկման հենքի վրա Հ. Հակոբյանը ճշտում է կարծրանալու վտանգ պարունակող որոշ եզրույթներ՝ ոչ թե հայկական սփյուռքներ, այլ անվանումներ՝ ըստ համայնքների տեղային կառուցվածքների, ինչպես՝ Ռուսաստանի հայկական համայնք, ԱՄՆ-ի հայկական համայնք և այլն: Կամ՝ պետք է ձերբազատվել տակավին շրջանառող «գաղութ» հասկացությունից՝ իրավացի այն առարկությամբ, որ Սփյուռքի «համայնքների հիմնական մասում արդեն չորրորդ, հինգերորդ սերունդն է ծնվում, և նրանց գաղթական կոչելն այդքան էլ ճիշտ չէ» (էջ 65):

Հեղինակը շարունակ իր մտահոգությունների կենտրոնում է պահում Սփյուռքի հիմնախնդիրները և որոնց լուծմանն էլ ուղղված է այս աշխատության ազնիվ նպատակներից մեկը: Ըստ նրա համոզմունքի, այդպիսի լուծումները պայմանավորված են և արտաքին, և ներքին հանգամանքներով, որոնց մեջ ընդհանրական նշանակություն ունեն Հայաստանի տնտեսական զորացումը, ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման առաջնահերթությունները: Համազգային այս հիմնախնդիրներին շաղկապված՝ հեղինակը քննարկում է զուտ Սփյուռքի խնդիրները, ինչպես «դասական» Սփյուռքի և Հայաստանից մեկնածների միջև գործակցության հաստատման, վերջիններիս համայնքային կյանքում ընդգրկելու, խառնամուսնություններից հողմածեծ հայ ընտանիքի պահպանության, երեխաների ինքնության և դպրոցի առջև ծառացած դժվարությունները, բուն իսկ Սփյուռքի ապակենտրոնացած կացությունը և այլն: Այս ամենը, հիրավի, մարտահրավերներ են, որոնց հաջող լուծումներից են կախված Սփյուռքի գոյատևման երաշխիքները: Հեղինակը համոզում է, որ այսուհանդերձ, կան այդ երաշխիքների առարկայացումները, որոնց հիմքում ընկած են համախմբմանն ուղղված համազգային ջանքերը և հայաստանակենտրոն գործունեությունը և Սփյուռքում, և հայրենիքում: Կապված վերոհիշյալին՝ որոշակիության և ընդհանրացնող որակներ ունեն աշխատության այն հատվածները, որոնք վերաբերում են Սփյուռքի առանձին համայնքներին՝ ըստ առանձին աշխարհամասերի և առանձին երկրների: Փաստական հարուստ տվյալներով և դրանց իմաստավորմամբ աշխատության մեջ վերարտադրվում են համայնքների կարգավիճակներում շրջանառվող կառույցների ու կազմակերպությունների գործունեության իրական պատկերները, հայերի ներդրումները ընդունող երկրի մտավոր և մշակութային կյանքում և այլն: Այս և հարակից հարցերը հեղինակը բացահայտում է իրենց հետագա զարգացումներում՝ մշտապես վկայակոչելով փաստեր, այդ թվում և քիչ հայտնի փաստեր և իրողություններ, որոնց վրա էլ հենվում է համահայկական մասնագիտական կառույցների, կենտրոնների ու մամուլի գործառույթների վերաբերյալ հմտալի քննական տեսությունը: Սփյուռքահայ հանրային ու ազգային կյանքի առավել համոզիչ վերարտադրության նպատակով հեղինակը նաև զուգահեռներ է անցկացնում այլազգի սփյուռքների կառույցների հետ, ինչը տեսնում ենք հրեական, հունական, թուրքական, իռլանդական իրազեկող և լոբբիստական կառույցների հեղինակային համադրման դեպքում՝ նկատի առնելով զուգահեռներից բխող ճանաչողական որակները ազգային խնդիրների լուծման ճանապարհին:

Սփյուռքին ուղղված մարտահրավերների խորքային ուսումնասիրությունը հեղինակին մղում է ոչ միայն ձևակերպել դրանց առանձնահատկությունները, այլև դրանց հաղթահարման ուղիների ու միջոցների վերաբերյալ անել գործնական առաջարկներ, որով աշխատությունը ստանում է ուղենշային ծրագրային բովանդակություն: Այսպես, համայնքների կազմակերպման ոլորտում հատկապես արժեքավոր են Հ. Հակոբյանի դրույթները՝ ուղղված Սփյուռքի կառուցվածքային զարգացմանը, համախմբմանը և մարտավարության մշակմանը: Այդպիսիք են Հայաստան-Սփյուռք համաժողովների կարևորումը, հին ու նոր սփյուռքների սերտաճման որոշակի կառուցակարգերի մշակումը, Հայաստանի և Սփյուռքի տեղեկատվական և գիտական կենտրոնների համախմբումը՝ համայնքների պատմամշակութային արժեքների բովանդակավորման ու ժողովրդականացման նպատակով, Հայաստանի ուղղորդող նշանակության մշակումը, խոշոր համայնքներում համակարգող մարմինների ստեղծումը և այլն: Հեղինակի այս հղացումների շարքը՝ այնքան կարևոր Սփյուռքի կենսապահովման պահանջների համար, կարելի էր շարունակել, բայց բավարարվենք այսքանով և այստեղ ընդգծենք, թե որչափ մեծ նշանակություն է տալիս հեղինակը մայր երկրին՝ իբրև այդ կենսապահովման ամենահզոր պատվարի:

Աշխատության մեջ լայն հենքով ներկայացված են Սփյուռքի թանգարաններն ու գրադարանները և աննախընթաց մեծ ծավալներով արժեքավորված՝ տասնյակ այդպիսի մշակութային օջախներ, իրենց պատմական ու կրոնական հավաքածուներով, ոչ սակավ դեպքերում եզակի և անկրկնելի՝ձեռագրերից մինչև դրամներ, մանրանկարներից մինչև կերպարվեստի հին և ժամանակակից գոհարներ և այլն: Այս իմաստով դարձյալ գործնական հնչեղություն ունեն հեղինակի առաջարկները՝ հայկական և օտար թանգարանների ամփոփած հոգևոր գանձերը հետազոտելու և միջազգային հանրությանը ճանաչեցնել տալու ուղղությամբ: Այս առումով հեղինակն անդրադառնում է հայագիտական կենտրոնների գործունեության համազգային ընգրկումների կարևորությանը՝ ուշադրության կենտնում պահելով նաև հայերի և այլ ազգերի միջև հոգևոր կապերի ամրապնդմանը: Սփյուռքահայ մամուլին արված ընդարձակ անդրադարձներում ևս Հ. Հակոբյանին հաջողվել է ցույց տալ միասնական գործողությունների ուղղությունները, ազգանպաստ իրազեկման առաջնահերթ նշանակությունը՝ նորօրյա բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ:

Աշխատության երկրորդ գլխում քննարկվում է Հայաստանի և Սփյուռքի առջև ներկայիս ծառացած մարտահրավերների հիմնահարցը, որտեղ հեղինակի պատկերացումներն ու մտահոգությունները ստանում են ամբողջական տեսք, որչափով այդ մարտահրավերները սերտորեն աղերսվում են մեկը մյուսին՝ արդեն իսկ պայմանավորված միմյանցով: Հեղինակը ձևակերպում է դրանց լուծումների առաջնահերթությունները՝ կապված Հայաստանի պետական կառավարման համակարգի զարգացման, քաղաքական ու տնտեսական բնույթի խոչընդոտների հաղթահարման, արտագաղթի դեմ արդյունավետ միջոցների կիրառման, քաղաքացիական հասարակության ակտիվացման, Սփյուռքի ներուժն օգտագործելու և այլնի հետ: Համահայկական դիմակայություների մեջ հեղինակը կարևորում է նաև թուրք-ադրբեջանական մարտնչող քաղաքականության մերկացումը ի հակակշիռ այդ քաղաքականության հետամտած՝ բանակցային գործընթացի ձախողման և տարածաշրջանային ապակայունացման: Հեղինակն ուշադրություն է հրավիրում հայկական իրողությունների վրա ներազդող նոր երևույթների վրա, այն բանին, որ նորահայտ մարտահրավերները պահանջում են նոր մոտեցումներ և որ բազմաբևեռ դարձած աշխարհը նոր կնճիռներ է հարուցում սփյուռքահայ կյանքի անհանգիստ մակերեսին՝ խորքերում պահելով առավել ահագնացող վտանգներ: Այդպիսիք, ինչպես ցույց է տալիս հեղինակը, ի հայտ են գալիս Սփյուռքի ներքին տեղաշարժերի, տարանջատումների և այլնի ձևով, որոնց միանում է մեկ այլ անխուսափելի դժվարություն՝ ընդունող երկրի և Հայաստանի տնտեսական ու քաղաքական շահերի անհամապատասխանությունը և այս պայմաններում՝ Հայաստանի և Սփյուռքի ճիշտ կողմնորոշվելու խնդիրը: Հեղինակի մոտեցումները առավել որոշակի են դառնում, երբ նա կանգ է առնում առանձին երկրների համայնքների յուրահատկությունների վրա: Այս տեսակետից համակողմանի քննության են առնված հայկական համայնքի իրողությունները Թուրքիայում, ցեղասպանության ճանաչման հարցում թուրքական ժխտողականությունը, որի դեմ անզիջում պայքարը գրքում իրավամբ ձևակերպվում է որպես հայությանը միավորող գործոն: Այստեղ նշվում են դիմակայության առաջնային ասպարեզները՝ կրթական (հայկական դպրոցների թվաքանակի նվազումը Ստամբուլում), լեզվի և խառնամուսնությունների տագնապահարույց վիճակը, Կ. Պոլսի հայոց պատրիարքության անգլուխ կացության հարատևումը, բռնի մահմեդականացած հայերի խնդիրը: Աշխատության մեջ բացահայտվում են ոչ միայն նոր տեսքով փոխակերպված պատմական կամ ավանդական, այլև իրավական բնույթի մարտահրավերներ՝ հատկապես հայության պատմամշակութային ժառանգության իրավական կարգավորումների ասպարեզում: Հայկական ունեցվածքի և գույքի ժառանգության հիմնախնդիրների մեջ Հ. Հակոբյանը մատնացույց է անում կտակների իրավական կարգավորման առանձնահատկությունները՝ ըստ տվյալ երկրի օրենսդրության ու միջազգային իրավունքի և դրանից բխեցնում արդիական հնչեղություն ստացած իր եզրակացությունը. ի տարբերություն երբևէ՝ ազգային կտակները վերադարձնելու փորձերի, այսօր դրանք պետք է շարունակվեն Հայաստանի պետականության պայմաններում, երբ պետությունն ինքն է ստանձնում իրավատիրոջ դերակատարությունը՝ իբրև ազգ-ժառանգորդի միակ ներկայացուցիչ: Հեղինակն այս խնդիրը քննարկում է զուսպ և համոզիչ՝ միջազգային իրավունքի կարելիությունների սահմաններում և որի արդարացի հետևանքներն ակնկալվում են նյութական, այլև հոգևոր ասպարեզում, իբրև պատմական հիշողության վերականգնում և վարքագիծ ներշնչող գործոն:

Աշխատության երկրորդ գլխի ավարտը, որպես նախընթաց շարադրանքից բխող հարցադրումների շարունակություն, նվիրված է հայ ինքնության հիմնահարցերին: Հեղինակն այդ ինքնությունը պահպանող հիմնասյուներն է համարում իր հայեցակարգային մոտեցումներում արծարծված և դրանք միավորող մեկնակետերը՝ ազգային լեզուն և դպրոցը, հայ ընտանիքն ու բարքերը, մշակույթը եկեղեցին և պատմական հիշողությունը: Սփյուռքի ինքնության ամրապնդման խնդիրները հեղինակին մղում են իրական վտանգները գնահատող ընդհանրացված եզրակացությունների՝ համայնքներում հայերենի գործածության սահմանափակումներից մինչև հաղորդակցության միջոցի գործառույթի վերացում, ազգային դպրոցի քանակական ու որակական տեղատվությունները օտար դպրոցների առջև, զուտ հայկական ընտանիքների քանակի նվազեցման արդեն ոչ թե դրամատիկ, այլ աղետալի պատկերը և այլն: Վերջին դեպքում մեջբերվում են համոզիչ տվյալներ՝ Լատինական Ամերիկայում խառնամուսնությունները հասել են 70-80, Հյուսիսային Ամերիկայում՝ շուրջ 60 տոկոսի (էջ 363), ուծացման ահեղ երևույթ, որ առավել ճարակներ է անում քրիստոնեական երկրներում և որի արմատներն իրենց զգացնել էին տալիս դեռևս միջնադարյան հայ գաղթօջախներում: Այս և այլ կարգի անձկություններին Հ. Հակոբյանը հակադրում է ազգային մշակույթի և հոգևոր կառույցների հակազդող նշանակությունը, հատկապես հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիների միասնական գործունեության հնարավորությունները:

Սփյուռքի զորացումը բուն իսկ Հայաստանի զորացումն է միանգամայն, և այս տեսակետը հեղինակն ամրապնդում է «Սփյուռքի ներդրումները» հատվածում: Սփյուռքն ի հայտ է բերում իր կեսունակությունը հայրենիքի հետ ունեցած բոլոր հարաբերություններում, այդ թվում և նրա տնտեսական վերաշինության բնագավառում: Հայաստան-Սփյուռք տնտեսական կապերի առկա կացությունն ու հեռանկարները գրքում քննարկվում են նյութին համապատասխան լրջմիտ վերլուծությամբ՝ բնորոշելով ներդրումների տեսակներն ու շրջանառության ոլորտները, իրավական, հոգեբանական ու բարոյական բնութագրերի նշանակությունը:

Քաղաքագիտական վերլուծության և կշռադատված ծրագրի համադրում պետք է համարել աշխատության վերջին գլուխը՝ Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում պետական քաղաքականության վերաբերյալ: Այստեղ ի մի են բերվում հայրենիք-Սփյուռք կապերի զարգացման խնդիրները՝ պատմական հենքի վրա՝ ընդհուպ դրանց որակական ու արդիական նոր պատկերը՝ Հայաստանի Երրորդ հանրապետության հռչակումից ի վեր: Հեղինակը շեշտադրում է այդ նոր փուլի սահմանադրական մակարդակը՝ համարժեք գործնական դրսևորումներով, որ ընկած է այդ գործակցության հայեցակարգի (2009 թ.) մշակման հիմքում: Հեղինակը, որ, ի դեպ, գլխավորում է Սփյուռքի նախարարությունը դրա ստեղծման ժամանակից առ այսօր, փորձի և իրազեկության համոզչությամբ բնութագրում է այդ կառույցի, որպես պետական կառավարման մարմնի առանձնահատկությունները, որոնք բխում են հայրենիք-Սփյուռք գործակցությունը իմաստավորող՝ փոխըմբռնման և իրավահավասարության սկզբունքներից: Հեղինակը փաստում է այդ սկզբունքների արդյունավետությունը ծրագրերի ու գործելակերպի ներդաշնակության պայմաններում («Արի տուն» ծրագիրը, «Իմ Հայաստան», «Կոմիտաս» փառատոները, «Սփյուռք» ամառային դպրոցը և այլն): Հիրավի, Սփյուռքը՝ հայության այդ խոշորագույն հատվածը, հեղինակի դիպուկ սահմանմամբ՝ իր «բազմաշերտ, բազմադեմ, բազմալեզու, բազմակարծիք և բազմակարիք» (էջ 427) նկարագրով մեր առջև հառնում է նշված գործակցությանն անհրաժեշտ անհատական ու հանրային, քաղաքական, տնտեսական ու մշակութային և այլ հիմքերով, անհատնում և առօրեական աշխատանքի պարտադրանքով: Հեղինակը լիովին համոզում է, որ այդ աշխատանքը լրջագույն փորձություն է և հայրենիքի, և Սփյուռքի համար և որի ազգովին հաղթահարումներից է կախված և մեկի, և մյուսի կեսագործունեության հաջողությունը, այլ կերպ՝ հայ ազգային ինքնության ապահովումը:

Գրախոսվող աշխատության անկեղծությունը, հեղինակի դրույթների գիտականությունն ու գործնական արժեքը խորանում են վիճակագրական տվյալները խմբավորող հույժ արժեքավոր աղյուսակներով, որոնք արտացոլում են Սփյուռքի իրական կացությունը և հայրենիքի հետ նրա փոխհարաբերությունների բազմաթիվ ոլորտները:

Աշխատությունը գրված է հեղինակի առաջադրած հիմնահարցերն ու դրույթները անբռնազբոս ձևակերպող՝ հղկված ու արտահայտիչ հայերենով, որ համապատասխանում է թեմային ու դրա կատարման գիտագործնական բնույթին: Կարելի էր, այս ամենի հետ մեկտեղ և կատարված վիթխարի աշխատանքը նկատի առնելով հանդերձ, ինչ-ինչ դիտողություններ անել որոշ ենթագլուխների հերթականության կամ ձևակերպումների առթիվ, բայց դրանք ունեն ընդամենը փանաքի տեղ՝ այս աշխատության նշանակության առջև: Հայկական Սփյուռքին նվիրված՝ Հ. Հակոբյանի աշխատությունն ունի ճանաչողական և ծրագրային անհերքելի արժեք և իր այս հատկությունների շնորհիվ իրավամբ հավակնում է Սփյուռքին նվիրված հանրագիտական աշխատության բոլոր արժանիքներին: Այն լուրջ ներդրում է սփյուռքագիտության և մասնավորապես հայ սփյուռքագիտության բնագավառում և հենց բազմալեզու սփյուռքին ուղղված իր մասնավոր նշանակությամբ առաջադրում է եվրոպական և արևելյան լեզուներով թարգմանվելու հասկանալի անհրաժեշտությունը:

 

 ԽԱՌԱՏՅԱՆ Ա. 

ՀՀ ԳԱԱ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄ

11.09.17

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930