Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրինակ, ես չգիտեի, որ եթե անհատական քարտ ունես, դրա կոդով ունես նաեւ էլեկտրոնային հասցե». Էդմոն Մարուքյան

Սեպտեմբեր 13,2017 12:05

Կառավարությունը առաջարկում է լիցենզավորման գրանցամատյանները վարել էլեկտրոնային եղանակով: Ամբողջ տեղեկատվությունը՝ սկսած լիցենզիայի տրամադրումից, ժամկետը դադարեցնելուց, լինելու է էլեկտրոնային եղանակով: Հետագայում կարելի է շատ հեշտ հսկել, թե ինչ փոփոխություն է կատարվել եւ ով է կատարել:

ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ սա կոռուպցիոն ռիսկերից հեռու կպահի:

Կառավարությունը մեկ այլ նախագծով առաջարկեց էլեկտրոնային ծանուցման անցնել, այսինքն, դատարանից կամ այլ կարգի ծանուցումները քաղաքացին կարող է ստանալ էլեկտրոնային փոստով, sms-ով, եւ հենց բացեց նամակը, ավտոմատ կերպով պետական մարմինը կհավաստիանա, որ քաղաքացին ծանուցվել է: Բայց սա չի նշանակում, որ փոստային ծանուցումը չի գործելու: Վարչական մարմինը սկզբում էլեկտրոնային եղանակով է ծանուցում, իսկ սա նշանակում է, որ, օրինակ, գույքի վրա կալանքի մասին քաղաքացին կարող է շատ արագ ծանուցվել, մինչեւ արգելանքը: Եթե էլեկտրոնային նամակը չի բացվում, նոր փոստային ավանդական ճանապարհով են ծանուցում:

«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց. «Օրինակ, ես չգիտեի, որ անհատական քարտ եթե ունես, դրա կոդով ունես նաեւ էլեկտրոնային հասցե, դրանով ստանում ես նամակ, եւ քաղաքացիները պետք է դա ստուգեն: Եթե ես դա չգիտեի, սա նշանակում է, որ հարյուր հազարավոր քաղաքացիներ սա չգիտեն»:

Հիմա արդարադատության նախարարությունը պետք է աշխատի իրազեկել քաղաքացիներին այդ մասին, նոր կիրառել էլեկտրոնային ծանուցումը:

Մեկ այլ նախագծով առաջարկվում է «Անշարժ գույքի գնահատման մասին» օրենքում փոփոխություն կատարել եւ անշարժ գույքի գնահատողի որակավորումը դարձնել անժամկետ: Գործող օրենքով մարդը պիտի քննություն հանձնի, որակավորվի, ու գործում է դա 3 տարի: 3 տարի հետո նորից պետք է քննություն տա, որակավորվի:

Հիմա կառավարությունը գտնում է, որ պետք է մեկ անգամ տալ ու վերջ: Սա հնարավորություն կտա այդ ոլորտում կարգավորումների բեռը կրճատել: Որակավորողի պետտուրքի չափը չի փոխվում՝ 3000 դրամ, իսկ վկայականի համար՝ 20 հազար դրամ:

ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանին մտահոգում էր այն, որ բանկերը պետության տված գնահատողի լիցենզիային չեն վստահում, դրա մասին է խոսում այն, որ տարբեր բանկերում ընդունում են այս կամ այն գնահատողի գույքի գնահատումը: Սակայն ՀՀ օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանն իր տեսակետը հայտնեց. բանկը շահագրգռված է համագործակցել այն գնահատողների հետ, որոնք գույքը ավելի ցածր են գնահատում, քան դրանց իրական արժեքն է, ուստի սա է պատճառը, որ տարբեր բանկեր կոնկրետ իրենց գործընկեր գնահատողների մոտ են ուղարկում քաղաքացիներին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930