Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օձերը Բաղրամյան պողոտա են բարձրանում` ջուր խմելու

Սեպտեմբեր 13,2017 16:00

Կենսաբան Սիլվա Ադամյանը բացատրում է` ինչու են օրումեջ
Բաղրամյան փողոցում ԱԻՆ աշխատակիցները օձ բռնում

Երեկ կրկին լուր տարածվեց, որ Բաղրամյան պողոտայի տներից մեկում օձ է հայտնաբերվել: «Օձին տեղափոխել են անվտանգ տարածք»,- ասված էր արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ:

Այսպիսի միջադեպեր այս ամառվա ընթացքում տասնյակ անգամներ եղան: ԱԻՆ-ի հաղորդագրություններում պարբերաբար հանդիպում էինք, որ Բաղրամյան պողոտայի այսինչ հասցեում, մայրաքաղաքի այնինչ հասցեում հայտնաբերվել է օձ: Եթե Նորք-Մարաշում կամ Կորեայի ձորում, Քանաքեռում բնակիչների տներ կամ այգիներ օձեր են սողոսկում, ինչ-որ տեղ հասկանալի է՝ այդ բնակավայրերը մերձքաղաքային են, մոտ են սողունների, կենդանիների բնակավայրերին, սակայն հարց է առաջանում՝ ի՞նչ է փնտրում օձը Բաղրամյան պողոտայում:

Կենսաբան, բնապահպան Սիլվա Ադամյանն «Առավոտի» հետ զրույցում մեր այս հարցին մասնագիտական պատասխան տվեց: Նրա համոզմամբ՝ օձերը Բաղրամյան պողոտա, եւ ոչ միայն, բարձրանում են ջուր խմելու: Կենսաբանի մեկնաբանմամբ՝ աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունները չեն շրջանցում նաեւ Հայաստանը, սակայն մեր երկրի կենսաբազմազանության համար պատասխանատուները չեն կարողանում աշխարհում ընթացող գործընթացները, որոնք միտված են գլոբալ փոփոխությունները մեղմելուն, ադապտացնել, համահունչ դարձնել նաեւ Հայաստանում:

«Անտարկտիդայում միջոցառումներ են իրականացվում մեղմելու կլիմայի փոփոխության ազդեցությունը կենդանական աշխարհի վրա, մեր երկրում միայն շենքերի կառույցների հետ կապված նախագծերի շուրջ են դրանք տեղի ունենում: Այսինքն` դա միայն կապվում է մարդու ապահովության հետ: Բայց մենք պետք է հաշվի առնենք, որ մարդը սերտ կապ ունի բնական միջավայրի հետ, եւ պետք է նաեւ պայմաններ ստեղծվեն, որպեսզի այս կենսամիջավայրին հարմարվեն նաեւ կենդանիները»:

Տիկին Ադամյանի խոսքով՝ Հայաստանում այնպիսի շոգ եղանակներ են, որ անգամ ագռավների քանակությունը նվազել է, ինչը խոսում է հենց «անողոք» ամռան մասին: Ըստ նրա՝ անձրեւների բացակայությունը, ջրային ռեսուրսների պակասը ազդում են նաեւ կենդանական աշխարհի վրա եւ ստիպում նրանց դուրս գալ իրենց բնակավայրերից: Ըստ Սիլվա Ադամյանի` «Կենդանիները, որոնք ապրում են քաղաքի մերձակայքում, կորցրել են իրենց հնարավորությունը ջուր խմելու, նրանց մեծ մասն այնպիսի վայրերում են ապրում, որտեղ ջրային ռեսուրսներ կան: Երբ պակասում են ջրային ռեսուրսները, կենդանիները դուրս են գալիս իրենց բնակավայրերից եւ փորձում են ապաստան գտնել այն վայրերում, որտեղ մարդիկ կան, եւ հնարավորություն կա ջրից օգտվելու»:

Կենսաբանի խոսքով՝ օրինակ, Արարատյան հարթավայրում, որը ջերմաստիճանով բարձր գոտի է համարվում, դաշտավայրը ջրազրկվել է ջրից, եւ չի բացառվում, որ այնտեղի կենդանիները եւս «արտագաղթել» են Երեւան:

Տիկին Ադամյանը այս գործում նաեւ հանքարդյունաբերության պատճառած վնասներն է մատնանշում: Նրա խոսքով՝ տարիներ ի վեր մեր երկրի ընդերքը առանց պատշաճ փորձաքննությունների «անխնա օգտագործվել ու քանդուքարափ» է արվել, ինչը եւս նպաստել է կենդանական աշխարհի բնավեր լինելուն եւ միգրացիային:

«Տարիներ շարունակ ամբողջ սողունների բները քանդում են՝ նրանց քշելով իրենց տարածքներից: Ոչ մի փորձաքննություն` ինչ միջոցառումներ պետք է արվեն, որ այդ կազմը պահպանվի, ոչ մի միջոցառում չի կատարվում, փակում են տարածքներն ու իրենց գործն անում, եւ ոչ ոքի չեն հետաքրքրում դրա հետեւանքները: Դրա համար էլ հիմա կանգնած ենք նման իրավիճակի առաջ»: Տիկին Ադամյանի խոսքով՝ մայրաքաղաքում տեղի ունեցող անկանոն քաղաքաշինությունը եւս դրան նպաստող գործոններից է: Ըստ նրա՝ մայրաքաղաքի պաշտպանիչ գոտիները, որոնք տարիներ առաջ կառուցել են գիտնականների հետ խորհրդակցելով, ամեն մի մանրուք հաշվի առնելով, ավիրվել են. «Դալմայի այգիները, Նորքի այգիները եւ մնացած կանաչ գոտիները, որոնք բնակավայր են եղել այդ կենդանիների համար, հիմա չկան, կառուցապատվել են, այդ պատճառով էլ սողունները հայտնվում են մայրաքաղաքի կենտրոնում: Միայն Հաղթանակի այգին է մնացել, որտեղ դեռ պահպանվում է կենդանիների համար հարմար միջավայրը: Ամենուրեք կենսաբազմազանությունը խախտել են, եթե ուզենաս մի նորմալ զբոսանքի գնալ` չես կարող»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

12.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930