Տարածաշրջանի համար պայքարը սաստկանում է
Ուշագրավ խոստովանություններ Մոսկվայից
Եթե Արեւմուտքն ընդուներ Մոսկվայի առաջարկը, ապա ԼՂ հակամարտությունը վաղուց կարգավորված կլիներ՝ նշեց Սերգեյ Լավրովը Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։ Լավրովը նախ՝ նկատել էր, որ Ռուսաստանը պատասխանատու երկիր է, որը խիստ հանձնառու է այն հռչակագրերին, որոնք ընդունվել են վերջին 20 տարում ԵԱՀԿ-ում եւ ՌԴ-ՆԱՏՕ խորհրդում: «Այդ հռչակագրերում պարունակվում է կողմերի ցանկությունը՝ ձեւավորելու Եվրաատլանտիկայում եւ Եվրասիայում հավասար անվտանգության տարածք, ինչպես նաեւ վստահեցում, որ մեզնից ոչ ոք չի ցանկանում ամրապնդել իր անվտանգությունը այլոց անվտանգության ոտնահարման հաշվին»,- նշել է նա։ Լավրովն ափսոսանք է հայտնել, որ այդ հռչակագրերն «այդպես էլ մնացել են թղթի վրա»։
«Դրանք իրավաբանորեն պարտադիր դարձնելու մեր բոլոր փորձերը մերժվել են մեր արեւմտյան գործընկերների կողմից։ Ես համոզված եմ, որ եթե հավասար, անբաժանելի անվտանգությունն իսկապես ընդուներ իրավաբանորեն պարտավորեցնող ձեւ, ապա շատ հակամարտություններ, որոնք հիմա պահպանվում են Եվրոպայում, վաղուց արդեն կարգավորված կլինեին»,- ասել է Լավրովը։ Նրա կարծիքով՝ դա վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի հակամարտությանը. «Իսկ ուկրաինական ճգնաժամն ընդհանրապես չէր լինի»։
Այնուհետեւ մեկ այլ ուշագրավ հայտարարություն հնչեց ՌԴ նախագահի կողմից: «Եթե ԱՄՆ-ը զենք մատակարարի Ուկրաինային, ապա Դոնբասը վերահսկող ռուսները կարող են իրենց զենքն ուղղել այլ «գոտիներ»,- նշեց Վլադիմիր Պուտինը Չինաստանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում: «ԱՄՆ-ի սուվերեն որոշումն է՝ ում զենք վաճառել կամ անվճար մատակարարել… Մենք այդ գործընթացի վրա ոչ մի կերպ ազդել չենք կարող»,- ասել է Պուտինը: Նրա խոսքով՝ «կան միջազգային կանոններ եւ մոտեցումներ. զենքի մատակարարումը հակամարտության գոտի չի խոսում հաշտեցման օգտին, այլ միայն խորացնում է իրավիճակը»:
Նույն դիրքորոշումն ուներ Պուտինը Վրաստանի պարագայում. 2008-ին նա, Ռուսաստանի այն ժամանակվա վարչապետի պաշտոնում, բացահայտ դժգոհում էր, որ Ուկրաինան զենք է մատակարարում Վրաստանին: Պուտինը Վրաստանի հետ հակամարտության ժամանակ Ուկրաինայի գործողությունները հանցագործություն էր անվանում` ընդգծելով, որ Թբիլիսիին սպառազինություն մատակարարելու որոշում ընդունած մարդը հանցագործ է. «Սպառազինության մատակարարումը դեռ կարելի է հասկանալ, դա կոմերցիոն գործ է: Սակայն երբ մարդիկ ու մարտական համալիրներն օգտագործվում են հակամարտության գոտում զինվորների սպանության համար, տվյալ դեպքում ռուս զինվորների սպանության, դա մեզ համար ազդանշան է»:
Այն, որ պետություններին հատուկ է երկակի ստանդարտներով առաջնորդվելը այս կամ այն հարցում՝ նորություն չէ ոչ մեկի համար: Պարզապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որպես միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների արդյունավետ համագործակցությունը, նույնիսկ աշխարհաքաղաքական տարաձայնությունների պայմաններում, մշտապես այլոց համար որպես հաջող համագործակցության օրինակ մատնացույց է արվել: Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում ճգնաժամը, ըստ ամենայնի, ապագայում ունենալու է իր ազդեցությունն ավելի ցայտուն ԼՂ հակամարտության կարգավորման վրա: Տարածաշրջանում ազդեցության լիակատար հաստատման ճանապարհին Մոսկվան ավելի ու ավելի խստապահանջ է դառնալու:
«Եթե Արեւմուտքն ընդուներ Մոսկվայի առաջարկը»` Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի հակամարտությունները լուծված կլինեին գնահատականներով Մոսկվան կրկին հիշեցնում է` ում ձեռքում է «ղեկը» հետխորհրդային տարածքում: Դա մի կողմից՝ արձանագրում է, որ Արեւմուտքը շատ է ամրացել հետխորհրդային պետություններում, մյուս կողմից՝ գրեթե սպառնալիք է, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն ՌԴ-ի վճռորոշ խոսքով:
Ի՞նչ արձանագրեց Մոսկվան ապրիլյան պատերազմից 20 օր անց: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 21-22-ը Երեւան այցի ժամանակ ԼՂ հակամարտության կարգավորման տարբերակներ կառաջարկի՝ նշեց ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեւանյան այցի նախօրերին. «Սերգեյ Լավրովը երբեք ոչ մի տեղ դատարկաձեռն չի գնում»,- նշեց այդ օրերին Մ. Զախարովան՝ մեկնաբանելով տեղեկությունները, որ Լավրովը Երեւան է մեկնում ԼՂ հակամարտության կարգավորման նախագծով: Նա հավելել էր, որ ճիշտ չէ դա անվանել ծրագիր, փաստաթուղթ կամ առաջարկ: «Ամենայն հավանականությամբ խոսքը հակամարտության կարգավորմանը վերաբերող որոշակի մշակումների, տարբեր գաղափարների քննարկումների մասին է»:
Հենց ապրիլյան պատերազմից հետո ինտենսիվացան խոսակցություններն այն մասին, որ ՌԴ-ն ներկայացրել է կազանյան փաստաթղթի վերամշակված կամ լրամշակված նոր տարբերակը, որը նախատեսում է որոշ տարածքների զիջում, գուցե ռուս խաղաղապահների տեղակայում: Որքան էլ պաշտոնական Երեւանը հերքում էր «Լավրովի պլանի» առկայությունը, եւ անգամ ինքը` Լավրովն այս տարվա մարտին հայտարարեց, որ «Լավրովի պլան» գոյություն չունի, եւ քննարկվող գաղափարների հիմքում ընկած են համանախագահող երկրների կողմից մշակված առաջարկներ», ոչ ոք չի հերքի, որ Մոսկվան ունի իր մոտեցումները, շահերն ու դիրքորոշումը, եւ դրանցով էլ առաջնորդվում է:
Մոսկվան` «Ադրբեջանական լվացքատան» պաշտպան
Պաշտոնական Մոսկվան Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մակարդակով անդրադարձել է արեւմտյան հեղինակավոր լրատվամիջոցների հրապարակած՝ Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության հետաքննությամբ զբաղվող կենտրոնի` OCCRP-ի բացահայտած փաստերով` «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը կրող հետաքննությանը: Ոչ ավել, ոչ պակաս՝ Մոսկվան արձանագրում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման մասին պարզապես արշավ է Ռուսաստանի դաշնակիցների դեմ: «Կատարվածը նշանակում է, որ Արեւմուտքը ճնշում է գործադրում Ռուսաստանի դաշնակիցների վրա: Ինձ թվում է՝ դա նշանակում է, որ շատ ուժեղ տեղեկատվական ճնշում է գործադրվում մի քանի ուղղություններով: Դա աշխատանք է՝ ուղղված ռուս լրագրողների դեմ…»,- ասել է Մարիա Զախարովան:
Այն, որ Ադրբեջանի «սեւ դրամարկղ»-ում վճարում է կատարել «Ռոսօբորոնէքսպորտ»-ը՝ ռազմատեխնիկայի վաճառքի ռուսական մենաշնորհային ընկերությունը, պարզ է, որ Մոսկվայի արձագանքն այսպիսին կլիներ: Բայց նաեւ պետք է փաստել, որ Մոսկվան իր վրա է վերցրել Արեւմուտքից Ադրբեջանին պաշտպանելու գործը: Ավելին, անգամ ապրիլյան պատերազմից հետո Մոսկվան այդպես էլ չդատապարտեց Ադրբեջանի կողմից հարձակումը, ընդհակառակը` Ադրբեջանին զինելու գործընթացը` սպառազինության մատակարարումները շարունակվեցին նաեւ ապրիլյան պատերազմից հետո` չնայած Պուտինի` «զենքի մատակարարումը հակամարտության գոտի չի խոսում հաշտեցման օգտին» դիրքորոշմանը:
«Թող Կովկասի հինավուրց եւ սուրբ հողի վրա հաստատվի օրհնյալ խաղաղությունը»
Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Մոսկվայի Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում քննարկեցին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները: Նրանք եկել են այն եզրահանգման, որ առանց դրանց հնարավոր չէ հասնել Կովկասում հաշտության եւ անվտանգության:
Եռակողմ հանդիպումից հետո տարածաշրջանի հոգեւոր առաջնորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է. «Մենք հատուկ նշանակություն ենք ընծայում խաղաղարարական երկխոսության հետեւողական զարգացմանը, բանակցությունների շարունակմանը եւ միջազգային հանրության միջնորդական ջանքերին, որոնք կօգնեն հասնել հակամարտության համապարփակ կարգավորմանը։ Համոզված ենք, որ տարաձայնությունները կարելի է հաղթահարել՝ հենվելով բարիդրացիության սկզբունքների եւ ավանդական կրոնների կողմից քարոզվող բարոյական արժեքների՝ բարության, մերձավորի նկատմամբ սիրո, փոխադարձ ներողամտության եւ բարեգթության վրա։ Հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները մշտապես ապրելու են կողք կողքի, այդ իսկ պատճառով չկա այլընտրանք, քան խաղաղությունն ու համագործակցությունը։ Բազմաթիվ մարտահրավերների առջեւ մենք՝ մեր ժողովուրդների հոգեւոր առաջնորդներս, պարտավոր ենք փնտրել համատեղ պատասխաններ… Խիստ կարեւոր է հրաժարվել ռազմատենչ եւ թշնամական հռետորաբանությունից։ Կոչ ենք ուղղում համապատասխան անձանց նպաստելու բոլոր այն խաղաղ բնակիչների ազատ արձակմանը, ովքեր չեն մասնակցել ռազմական գործողություններին եւ հայտնվել են գերության մեջ»։
Հոգեւոր առաջնորդները կոչ են արել ժողովուրդներին «երիտասարդությանը դաստիարակել բարյացակամության եւ փոխադարձ հարգանքի, խաղաղասիրության եւ ավանդական բարոյականության ոգով»։ «Մենք մեծ հույսեր ենք կապում բանակցային գործընթացի հետ։ Մեր ժողովուրդների առջեւ պատասխանատվությունն ու պարտքը մղում են մեզ՝ հոգեւոր առաջնորդներիս, անխոնջ եւ հետեւողական ջանքեր գործադրել հանուն խաղաղության եւ բարու իդեալների երկար սպասված հաղթության։ Մենք պատրաստ ենք գործադրել բոլոր առկա հնարավորությունները տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Մեր համայնքների բոլոր զավակներին ուղղում ենք խաղաղության, բարօրության եւ բարի ձեռնարկումներում հաջողությունների բարեմաղթանքներ։ Աղոթում ենք Բարձրյալին տարաձայնությունների հաղթահարման եւ չարիքից ու մեղքից մեր ժողովուրդներին պահպանելու համար։ Թող Կովկասի հինավուրց եւ սուրբ հողի վրա հաստատվի օրհնյալ խաղաղությունը, իսկ մեր երկրների ժողովուրդներն ապրեն հաշտ եւ խաղաղ, աստվածատուր բարոյական օրենքներով»,- նշվում է հոգեւոր առաջնորդների համատեղ հայտարարության մեջ:
«Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ, արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը, որը ներկա էր հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը, մի ուշագրավ գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում. «Ստորագրված ուղերձը հրապարակվել է, այն անգամ վերջին րոպեներին էր լրամշակվում: Այդ լարված մթնոլորտում տպավորվեց հատկապես Վեհափառ Տիրոջ ուղղամիտ կեցվածքը: Մի դրվագ միայն ներկայացնեմ. դիմելով Փաշազադեին՝ նկատեց, որ հարիր չէ հոգեւոր առաջնորդին բանակցությունների սեղանի շուրջ մի բան խոսել, ինչ-ինչ սխալներ ընդունել, իսկ վերադառնալուց հետո բոլորովին այլ ռետորիկայով ելույթներ ունենալ: Այլայլված Փաշազադեն փորձեց արդարանալ, որ դա լրատվամիջոցների մեղքն է: Բայց ռազմատենչ հայտարարությունների կտրվածքով մեղքը լրատվամիջոցների վրա բարդելն այնքան էլ համոզիչ չէր, ինչն էլ լրացուցիչ կետում արտացոլվեց…»:
Մոսկվան բոլոր մակարդակներով ցույց է տալիս իր առաջնորդող լինելու դերը ԼՂ կարգավորման կողմերի նկատմամբ: Հուսանք, որ այս եռակողմ հանդիպումը զերծ կպահի ղարաբաղյան գոտին նոր պատերազմից: Դատելով Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի կեցվածքից, որի մասին նկարագրել է Գեւորգ Դանիելյանը, Ադրբեջանը մշտապես մնալու է նույն ոճի մեջ, ինչը երբեք հրապարակայնորեն չի դատապարտում «հրավիրող կողմը»:
Ամփոփումը՝ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 12.09.2017