Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առանց հոգեւոր մաքառման հնարավոր չէ պահել պատվիրանները

Սեպտեմբեր 13,2017 13:30

Դուք չեք կարող ասել «ես քրիստոնյա եմ», ու ապրել այս կյանքն ինչպես որ ուզեք: Դուք չեք կարող ասել «ես Քրիստոսի հետեւորդ եմ» ու ապրել այս կյանքը ձեր ցանկություններին հետեւելով: Դուք չեք կարող ասել «ես հավատում եմ Աստծուն» ու ապրել այս կյանքը ձեր սեփական պատվիրաններով, այլ ոչ թե Աստուծո պատվիրաններով:

Երբ որ իրական հավատքի ես գալիս, ճանաչում ես Աստծուն եւ ձգտում ապրել իր պատվիրաններով՝ տեսնում ես, ոչ շատ խանգարող հանգամանքներ կան: Շատ բաներ չեն ստացվում ու ոչ մի բան հալած յուղի պես չի գնում: Դու մտածում էիր՝ հավատքի եկար ու ամեն ինչ լավ է լինելու եւ Աստված օգնելու է քեզ, մինչդեռ մերձավորներդ քո դեմ են դուրս գալիս, թե շատ ես խորացել, որոշ դեպքերում ընկերներն ու բարեկամներն են քեզ փորձում ետ պահել հավատքի կյանքից կամ էլ սկսում են խեթ նայել վրադ, ու դու էլ տեսնում ես, որ պատվիրանները պահելն էլ չի ստացվում:

Սկսում ես տխրել ու հուսահատվել: Ու այդ ժամանակ, ոմանք էլ, որ նույն վիճակի մեջ են կամ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է նշանակում հետեւել Քրիստոսին, գալիս են ու քեզ ասում՝ «այս դարում ո՞վ կարող է պատվիրաններով ապրել»: Ու այդպես նրանք էլ «փափուկ բարձ» են դնում քո գլխի տակ ու դու սկսում ես գալ գաղջ կամ գոլ վիճակի, ոչ սառն ես, ոչ տաք: Ոչ անհավատ ես, ոչ էլ պատվիրաններով է ստացվում ապրել: Սա մի վիճակ է, որի մասին Քրիստոսն այսպես ասաց. «Իսկ դու գաղջ ես՝ ո՛չ տաք, ո՛չ էլ սառն. հիմա պիտի փսխեմ քեզ իմ բերանից» (Յյտ 3:16): Սիրելի բարեկամ, որպեսզի մենք կարողանանք Քրիստոսի օգնությամբ պատվիրանները պահել, մենք պետք է մաքառենք, մենք պետք է մաքառել սովորենք: Որովհետեւ երբ մենք կանգնում ենք Աստուծո պատվիրանները կատարելու ճանապարհին, մենք տեսնում ու զգում ենք մի անտեսանելի չար ուժ, որ ամեն կերպ մեզ փորձում է ետ պահել պատվիրանապահությունից, ետ պահել կատարյալ լինելուց, ետ պահել սուրբ լինելուց, ետ պահել Աստծուն ու մերձավորին սիրելուց, ետ պահել կիրակի օրերը Պատարագին մասնակցելուց ու Քրիստոսի հետ հաղորդվելուց: Այս չար ուժին պետք է ճանաչել ու նրա դեմ պայքարել այն հոգեւոր միջոցներով, որոնց մասին մեզ սովորեցնում է Աստուծո Խոսքը: Այդ պայքարը նշանակում է մաքառել ու հակառակել այդ չար կրքերին, որոնք քեզ ամեն կերպ ձգտում են հեռու պահել անձնուրաց գործերից ու տարվել միայն այս աշխարհի հոգսերով, սեփական կարիքներդ ու ժամանցդ հոգալու համար: Այդ չար կրքերի դեմ պետք է մաքառել ու դրանց գիտակցաբար դիմադրել Քրիստոսի օգնությամբ:

Սիրելի բարեկամ, իրական քրիստոնեական կյանքը հոգեւոր մաքառում է: Մեր հոգին ատում է մեղքը, նա ձգտում է Աստծուն՝ իրեն ապրեցնող միշտ-բխող աղբյուրին: Իսկ մարմինը ձգտում է մեղքին: Ինչպե՞ս է քո մեջ լուծվելու այս ճակատամարտը: Ողջ այս վերոհիշյալ մաքառումը նրա համար է, որ Քրիստոսի օգնությամբ քո հոգին իշխի մարմնիդ վրա, որպեսզի մարմինդ մեղքի չտանի քեզ:

Քրիստոսի եկեղեցին մեզ տալիս է այն միջոցները, որոնցով կատարում ենք այս մաքառումը՝ աղոթք, ծոմապահություն, անձնուրաց բարի գործեր, ինչպես, օրինակ, քո ժամանակն ու միջոցներն ես դնում ինչ-որ մեկին անշահախնդիր օգնելու համար: Երբ մենք այս ամենն անում ենք, տեսնում ենք, թե ինչքան քաղցր է Քրիստոսին մոտենալն ու ձգտում ենք ավելի խորացնել մեր հարաբերությունը Քրիստոսի հետ, ավելին անել այս բանի համար, որովհետեւ մարդու համար չկա ավելի լավ բան, քան հաղորդությունն Աստուծո հետ:

Հոգեւոր մաքառումը հենց այս «ավելին անելն է»: Աստուծո հետ իր արքայության մեջ հավիտյան ապրելու միակ ճանապարհը սեփական անձդ ուրանալն է ու քո խաչը կամավոր կրելն է: Իսկ սա ջանք է ու հոգեւոր անձնուրաց մաքառում: Ուրիշ ճանապարհ չկա: Ուրանալ սեփական անձը՝ նշանակում է թողնել քո վատ սովորությունները, քո ժամանակն ու միջոցները տրամադրել մարդկանց օգնելու եւ մխիթարելու համար, չանել այն, ինչ հաճույք է պատճառում քեզ կամ ուրիշի դժբախտության հաշվին, կամ էլ նրան անտեսելու գնով: Ուրանալ սեփական անձն ու մաքառել, նշանակում է արմատախիլ անել քո սրտից քո բոլոր կապերն այս աշխարհի մտածողության հետ ու մտածել ինչպես Քրիստոսը: Դա կոչվում է ապաշխարել:

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

https://www.facebook.com/armen.hareyan

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930