Լրահոս
Օրվա լրահոսը

Չիչխանի հյութը՝ խոցային հիվանդությունների ժամանակ

Սեպտեմբեր 13,2017 12:30

Դժնիկանման ձիափուշը հայտնի է չիչխան, ծովափուշ, լափռի, ձիափշատենի անվանումներով: Բժշկադեղագիտական նպատակով օգտագործում են չիչխանի պտուղները, տերեւներն ու կեղեւը։ Պտուղները հավաքում են հասունացման սկզբում, երբ նրանք դեռ չեն կորցրել իրենց առաձգականությունը։ Չիչխանի յուղ ստանալու համար պտուղները հարկավոր է հավաքել նրանց ցրտահարումից հետո։ Պտուղները պահում են սառեցրած վիճակում՝ 6 ամիս։

Թարմ պտուղները կիրառվում են ցածր թթվայնության ստամոքսաբորբերի, ատոնիկ փորկապության, հեպատիտների համալիր բուժման եւ որպես պոլիվիտամինային միջոց։ Չիչխանի հյութը մեծաքանակ վիտամինների աղբյուր է, օժտված է հակամանրէային եւ հակաբորբոքային ազդեցությամբ, խթանում է մարսողական համակարգի գործունեությունը։ Չիչխանի յուղն օժտված է ռեգեներատիվ (վերքերը լավացնող, հյուսվածքները վերականգնող), ցավազրկող, հակամանրէային, հակաբորբոքային ազդեցությամբ։ Թարմ պտուղների հյութը կիրառվում է կոսմետոլոգիայում՝ որպես փափկացնող, սնուցող, տոնուսավորող եւ մաշկի էլաստիկությունը բարձրացնող։ Կեղեւի սպիրտային հանուկն օժտված է հակաուռուցքային, տերեւների ջրաթուրմը՝ կապող ազդեցությամբ։

Յուղը լայնորեն կիրառվում է վերքերի, տրոֆիկ խոցերի, այրվածքների լավացման, իսկ գինեկոլոգիական պրակտիկայում արգանդի էրոզիաների եւ այլ բորբոքային պրոցեսների բուժման նպատակով։ Մոմիկների ձեւով չիչխանի յուղը նշանակում են պրոկտիտների, հետանցքի ճաքերի եւ թութքի բուժման համար, իսկ ներքին ընդունման ձեւով այն նպաստում է ստամոքսի եւ 12-մատնյա աղու խոցային հիվանդության բուժմանը, լավացնում է ընդհանուր եւ լյարդային ճարպային փոխանակությունը։ Յուղը խթանում է ստամոքսաղիքային տրակտի գեղձերի գործունեությունը, լավացնում է աթերոսկլերոզով հիվանդների ընդհանուր վիճակը։

Դեղատոմսեր եւ պատրաստուկներ

Մաշկի ցանավորում

20 գրամ պտուղներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 4 ժամ, քամել։ Օգտագործել թրջոցների, լվացումների ձեւով:

Փորլուծություն

10 գրամ տերեւներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, տաքացնել մարմանդ կրակի վրա 20 րոպե, սառեցնել, քամել։ Ընդունել 1-2 ճաշի գդալ՝ օրը 4 անգամ։

Ստամոքսի եւ 12-մատնյա աղու խոցային հիվանդություն

ա) Ընդունել հյութը 1/4 բաժակ՝ օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։
բ) 20 գրամ պտուղներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, տաքացնել մարմանդ կրակի վրա 20 րոպե, սառեցնել, քամել։ Ընդունել 1/3 բաժակ՝ օրը 3 անգամ։
գ) Ընդունել չիչխանի յուղը 1 թեյի գդալ՝ օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ (առանց ջրի)։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ»

12.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930