Գյումրու այսօրվա ավագանու նիստին, որին մասնակցում էին բոյկոտած բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ ԲՀԿ-ն,ԳԱԼԱ-ն ու «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, օրակարգ դրվեց գյումրեցի սոցիալապես անապահով 160 ընտանիքի 10 հազար դրամ օգնություն տրամադրելու հարցը։ ԳԱԼԱ խմբակցության ղեկավար Արմենուհի Վարդանյանը ասաց, որ սոցիալապես անապահով խավը Գյումրիում շատ մեծ է, թիվը 160 չէ, և քաղաքի բյուջեն չունի այդքան հնարավորություն բոլորին օգնելու, և օգնությունը աղքատությունը հաղթահարելու միջոց չէ։Նա առաջարկեց օրենքով սահմանված կարգով ուղերձ հղել գործող իշխանություններին։
«Ուղերձին կցենք Սերժ Սարգսյանի, ներկա ու նախկին վարչապետերի խոստումները, որոնք ամեն անգամ ընտրությունների նախաշեմին գալիս են Գյումրի, խոստանում ստեղծել աշխատատեղեր, կրճատել աղքատությունը, բարձրացնել աշխատավարձերը և այլն։ Ժամանակն է բարձրաձայնել նրանց տված սուտ խոստումների մասին, մենք կարող ենք կինոդիտում կազմակերպել ու հեռարձակել այստեղ ու հիշեցնել սուտ խոստումները։
Պարզապես կարող են ազդակ հնչեցնել նրանց, որ բավական է սուտ խոստումներով կերակրել, այլապես ընտրակաշառքի չափ հիշեցնող 10 հազարական դրամներով հասկանալի է, որ խնդիր չի լուծվում, դրանով չի դադարում աղքատությունը, չի դադարում արտագաղթը մեր քաղաքից ու երկրից»,-ասաց Արմենուհի Վարդանյանը։
Սա դուր չեկավ «Բալասանյան» դաշինքի ՀՀԿ-ական անդամներից մեկին՝ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանին, որը խորհուրդ տվեց ԳԱԼԱ-ի ներկայացուցչին քաղաքական հայտարարություններ չանել ավագանու նիստում, սա քաղաքական հարթակ չէ։ ԳԱԼԱ-ի ներկայացուցիչը, սակայն հակադարձեց, որ նստածները քաղաքական դեմքեր են և սա քաղաքական հարթակ է։ Հրայր Կարապետյանը ուզում էր պատասխանել Արմենուհի Վարդանյանին, սակայն Սամվել Բալասանյանը միջամտեց՝ ասելով ավագանու նիստը պետք չէ դարձնել երկխոսություն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ