Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Շուշիում կայացավ «Շուշի. 48 ժամ» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը

Սեպտեմբեր 12,2017 21:40

Այսօր Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում կայացավ «Շուշի. 48 ժամ» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը: Այս լուսանկարչական նախագիծը ստեղծվել է Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ, որի նպատակն է ցույց տալ Շուշիի քաղաքային կյանքի բազմազանությունը երիտասարդ լուսանկարիչների աչքերով 48 ժամվա ընթացքում:

«Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամ»-ի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանն իր ելույթում ասաց, որ Շուշիի վերականգնումը որպես մշակութային մայրաքաղաք, դա հայ մշակութային կյանքի վերընձյուղումն է, քանի որ Շուշին Գյումրիի հետ եղել է 19 – 20 -րդ դարերի հայ մշակութային կենտրոններից:

Aravot.am-ի հետ զրույցում նախաձեռնության հեղինակներից` վավերագրող լուսանկարիչ Գերման Ավագյանը ասաց, որ ձևաչափն իրականացնելու նախնական որոշումը եղավ այս տարվա մարտի վերջին, իսկ հունիս ամսվա ընթացքում հավաքվել է անհրաժեշտ թիմը: Լուսանկարներն արվել են հունիսի 31-ին և հուլիսի 1-ին:

«Երբ Սպարտակ Ղարաբաղցյանի հետ որոշեցինք նման ծրագիր իրականացնել, որոշեցի մինչ այս Շուշիում արված իմ լուսանկարները թողնել մի կողմ և հրավիրել երիտասարդ սերնդին, որպեսզի իրենք լուսանկարեն այն՝ ինչ տեսնում են իրենց աչքերով: Եվ սա դարձավ մի կոլեկտիվ աշխատանք: Նրանցից կան երեխաներ, որոնք ծնվել են արդեն Շուշիի ազատագրումից հետո: Նրանք տեսել են Շուշին հայեցի, իսկ մեր սերնդի համար այդպես չէ»,- բացատրում է Գերման Ավագյանը` ավելացնելով, որ աշխատանքներին մասնակցել են 3- 4 սերունդ:

Պատկերագրքում կան նաև 1962 թվականին Շուշիում նկարված լուսանկարներ, որոնք ինչպես նշում է նա, այն տարիներին շատ մեծ դժվարությամբ արվել են կինօպերատոր Լևոն Աթոյանցի կողմից:

«Պատկերագրքի էջերը համարակալված չեն. դրա փոխարեն ամեն էջում, լուսանկարի մոտ գրված է լուսանկարելու ժամը»,-ընդգծում է Գերման Ավագյանը:

Համազգային հայ կրթական և մշակութային միության կողմից, ծրագրի ընթացքում կատարած աշխատանքի համար պարգևատրվել են վավերագրող լուսանկարիչ Գերման Ավագյանը և լուսանկարիչ Յուրի Մեչիտովը` Թբիլիսիից:

Միջոցառմանը ներկա էին Ազգային ժողովի պատգամավորներ, տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, շուշեցիներ և հյուրեր:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930