Այսօր Երեւանի ավագանու նիստից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանից լրագրողները հետաքրքրվեցին աղբահանության թերացումներից:
Լրագրողների դիտարկմանը՝ վերջին շրջանում «Սանիտեքից» աշխատանքից երեւանցիները դժգոհում են, ընկերությունը թերանում է եւ պատշաճ աղբահանություն չի իրականացնում քաղաքում, ընդ որում, աղբին զուգահեռ գարշահոտություն է տարածվում, Տարոն Մարգարյանը պատասխանեց.«Այո, վերջին ժամանակաշրջանում որոշ թերացումներ կան: Մեր կողմից «Սանիտեքին» դժգոհություններ են եղել: Իրենք էլ ներկայացրել են որոշ խնդիրներ, որոնք ընդունելի են: Ես կոչ եմ արել երեւանցիներին, որ մասնակից լինեն, ու ոչ սահմանված վայրում, երբ աղբ են թափում, այդտեղ «Սանիտեքը» պարտականություն չունի: Շինաղբ են թափում»:
Մարգարյանի ներկայացմամբ՝ «Սանիտեքը» որոշ խնդիրներ ուներ մեքենաների հետ կապված, հիմա այդ խնդիրը լուծված է եւ առաջիկայում քաղաքն ամբողջությամբ մաքուր կլինի:
«Հոտի հետ կապված՝ սեզոնային է, ամեն տարի կա, հիմնականում ձմերուկի, սեխի պատճառով: Մեր հայկական օջախներում ամռանը բոլորս ունենք ձմերուկ եւ սեխ: Սա բերում է նման հոտի»,-ասաց քաղաքապետը:
Դիտարկմանը՝ քաղաքապետարանը «Սանիտեքին» աղբահանության համար ուշացնում է վճարումները, ուստի աղբը ժամանակին չի մաքրվում, Մարգարյանը վստահեցրեց՝ «Քաղաքապետարանն, ընդհանրապես, ոչ մեկին մեկ դրամ պարտք չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ