«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնն» այս տարվա հունիսի 1-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանի մի շարք խոշոր քաղաքներում`Երևան, Գյումրի, Վանաձոր, Վայք, Եղեգնաձոր, Մարտունի եւ այլն հարցումներ է իրականացրել `ուսումնասիրելով միջազգային կառույցների` ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի նկատմամբ Հայաստանի հանրության վերաբերմունքը։
Հարցմանը մասնակցել է 900 քաղաքացի` 496 կին և 404 տղամարդ:
Ըստ այդմ, հարցվածների 50.67 տոկոսը կարծում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը մեր երկրի վրա բացասական ազդեցություն է ունեցել: 45.33 տոկոսը հակառակումն է վստահ: Հարցված քաղաքացիների շուրջ 59 տոկոսը Հայաստանի ապագան կապում է Եվրամիությանն անդամակցության հետ: Հարցազրուցավարները նշել են, որ մեր քաղաքացիների համար ԵՄ-ում ամենագրավիչը եղել է այն հանգամանքը, որ ԵՄ-ում օրենքն աշխատում է:
Հարցմանը մասնակցած Հայաստանի բնակիչների ընդամենը 34 տոկոսն է Ռուսաստանին համարում Հայաստանի դաշնակից, իսկ 2013 թվականի սեպտեմբերին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրից հրաժարումը հարցվածների 78 տոկոսը բացասական է գնահատում։ Հարցվածների 30 տոկոսը գտնում է, որ Ռուսաստանը չի ապահովում Հայաստանի անվտանգությունը: 56 տոկոսի կարծիքով էլ Ռուսաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա բացասաբար է ազդում։
Հարցին` արդյոք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ապահովո՞ւմ է ՀՀ-ի անվտանգությունը, միայն 15 տոկոսն է դրական պատասխան տվել: Մինչդեռ 41 տոկոսի կարծիքով` ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի անվտանգությունը: Կաջակցի՞ արդյոք ՀԱՊԿ-ը Հայաստանին` Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում, այս հարցում էլ հետաքրքիր արդյունք է արձանագրվել. 63.44 տոկոսը վստահ է, որ չի աջակցի։ ՀԱՊԿ-ի հետ հույսեր են կապում հարցվածների միայն 31 տոկոսը:
«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային վերլուծական կենտրոնի» նախագահ Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ՝ հատկապես ապրիլյան պատերազմն է պատճառ դարձել, որ Հայաստանի հանրությունը փոխի իր վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ «Հայաստանում ՌԴ-ի վարկանիշը բավական ընկել է`Ադրբեջանին զենք է վաճառում, ապրիլյան պատերազմի ժամանակ իրական աջակցություն չստացանք: Իշխանությունն էլ է դա ասում: Այս իրողությունն անարդյունք չէր կարող անցնել: Սա է պատճառը, որ հանրությունն այլընտրանքների կողմնակից է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ստեփան Գրիգորյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ