Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, Երեւանի ավագանու նիստը բավականին բուռն անցավ: Ավագանու 3 խմբակցությունների միջեւ պարբերաբար վեճ էր բռնկվում, մեկ՝ «Ելքի» եւ «Երկիր Ծիրանիի» միջեւ, մեկ՝ ՀՀԿ-ի եւ «Ելքի» , մեկ էլ՝ ՀՀԿ- եւ «Երկիր Ծիրանիի» միջեւ:
Ամեն հերթական նախագծի ներկայացման ժամանակ «Երկիր Ծիրանին» խոսքի իրավունք էր խնդրում ու հարց ուղում, թե էլեկտրոնային քվեարկության համար նախատեսված սարքերը, երբ պետք է աշխատեն, որպեսզի , ՀՀԿ-ից, ինչպես քաղաքապետն էր դիմում՝ Սուրենը ձեռքով չհաշվի: Հետո «Երկիր Ծիրանիի» անդամների՝ որեւէ նախագծի վերաբերյալ կարծիք հայտնելուց հետո «Ելքի» ու ՀՀԿ-ի անդամները վրդովվում էին, թե այդ հարցերը տեղին չեն, նրանք նախագծի բովանդակությանը չեն տիրապետում:
Aravot.am-ը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի «Երկիր Ծիրանիի» վարքագծի մասին, արդյոք սա այս խմբակցության խոստացած՝ քաղաքապետի կյանքը նիստի օրերին դժոխքի վերածելու դրսեւորումներից է, եւ ինչպե՞ս էր իրեն զգում քաղաքապետը: Մեր հարցին ի պատասխան Տարոն Մարգարյանն ասաց. «Անկեղծ ասած, մի քիչ ուրախացնում էր նիստն իրենց պահվածքով: Պահվածքը բոլորդ տեսաք, բոլորիդ համար նկատելի էր, եւ մեր գործընկերները չեն տիրապետում հարցին: Այն, ինչ քննարկվում էր, իրենք խորը չէին ուսումնասիրել: Այնպիսի հարցեր էին բարձրացրել, որոնք օրակարգին չէին վերաբերում եւ դա ընդամենը մեր ավագանու անդամներին մի փոքր հանգստացնում էր եւ ուրախ էր անցնում»:
Մեր հարցին՝ միտումնավո՞ր էին այդպես վարվում, Մարգարյանը պատասխանեց՝ «Երեւի օգնում էին մեզ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ