«Հոգևոր առաջնորդները, իհարկե, ռազմաքաղաքական որևէ խնդիր չեն լուծում, նրանք ամենաշատը կարող են հանդես գալ առաջարկություններով, կոչերով, ինչն էլ արվեց: Վեհափառ հայրապետի ելույթները, դիրքորոշումը բավականին հստակ էին, պետք է ասեմ, որ շատ տարողունակ էին, և իրենց մեջ պարունակում էին բոլոր հարցադրումները, որոնք մենք բոլոր մակարդակներում բարձրացնում ենք: Այդ առումով, որևէ հանդիպում չի կարելի բնութագրել բացասական երանգով: Կլինի նաև արտգործնախարարների հանդիպում, որը նույնպես անչափ կարևոր է, և դրական եմ համարում: Այդ համատեքստում, եթե կարող են հանդիպում կազմակերպել Սերժ Սարգսյանի և Ալիևի միջև, ապա կարծում եմ, որ մենք այդ բոլոր հանդիպումներին պետք է շատ դրական վերաբերվենք»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Հարցին՝ կոնկրետ ի՞նչ տեսանելի արդյունքներ են գրանցվել վերջին ժամանակահատվածում ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում, բանախոսը պատասխանեց. «Ես տեսանելի առաջընթաց չեմ էլ ցանկանում, որովհետև ինձ համար շատ ավելի կարևոր է, թե տեսանելի ի՛նչ է տեղի ունենում Արցախի Հանրապետությունում, իսկ դա ես տեսնում եմ: Ես տեսնում եմ, որ այնտեղ տեղի են ունենում բանակցություններ, որոնք հիմնականում Ադրբեջանի մեղքով արդյունք չեն տալիս, իսկ Արցախում այդ ընթացքում կառուցվում են նոր դպրոցներ, նոր տներ, հիվանդանոցներ… Կարևոր է, որ յուրաքանչյուրս իմանանք մեկ բան. սահմանի դեպքերի բացառման առումով բավականին լուրջ աշխատանք է հիմա տարվում: Եվ հիմա այն աշխատանքները, որ տարվում են առաջնագծում, վաղը բերելու են նրան, որ մենք այդ առումով թշնամու դիվերսիաների դեպքում որևէ զոհ չենք ունենա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ