Սոչիում ընթացող «Նոր ալիք» միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող մասնակից Էռնա Միրը (Միրզոյան) վաղը՝ սեպտեմբերի 13-ին եզրափակիչ փուլում ներկայանալու է «In love» վերնագրով երգով:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Էռնան նշել է, որ շատ բարձր տրամադրությամբ պատրաստվում է եզրափակիչ փուլին և ամեն ինչ անելու է հայ երկրպագուների հույսերը մինչև վերջ արդարացնելու համար:
«Պայքարելու եմ մինչև վերջ և անելու եմ ամեն ինչ, որպեսզի հաղթանակը բերեմ Հայաստան և Արցախ: Ամեն ելույթիցս առաջ աղոթում եմ, որ ցանկությունս իրականացնեմ: Իմ աշխատանքը թիմային է, և ես ունեմ ուժեղ թիմակիցներ Լիրա Քոչարյանի գլխավորությամբ»,- ասել է Էռնան: Իսկ «Արցախի ձայներ» երաժշտական խմբի պրոդյուսեր Լիրա Քոչարյանն ասել է, որ խմբի սան Էռնան տրամադրված է, որպեսզի առաջին մրցանակային տեղը գրավի:
«Ինչպես արդեն գիտեք Էռնան և Ուզբեկիստանի ներկայացուցիչ Սարդոր Միլանոն մրցույթին հավասար արդյունքներ են գրանցել, սակայն համոզված եմ, որ եզրափակչում մեր Էռնայի ելույթը կրկին անթերի կլինի և առաջին մրցանակով կվերադառնանք»,- նշել է Լ. Քոչարյանը:
Artsakhpress.am