Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Արմեն Սահակյանը պետք է Անահիտ Բախշյանից ներողություն խնդրի» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 12,2017 18:14

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն այսօր, անդրադառնալով առավոտյան Երեւանի ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպին , որի ընթացքում ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Սահակյանը «պարոն»-ով է դիմել «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին եւ պարբերաբար անվայել ռեպլիկներ հնչեցրել, ասաց, որ «Ելք»-ը դատապարտում է նման պահվածքը:

Պարոն Խաժակյանն ասաց, որ իրենք պահանջում են, որպեսզի Արմեն Սահակյանն իր արած անհարգալից արտահայտությունների համար ներողություն խնդրի Անահիտ Բախշյանից. «Մենք նաեւ արձանագրում ենք, որ Հովհաննես Ավանեսյանը ցուցաբերել է ավագանու անդամին ոչ հարիր պահվածք եւ մենք պահանջում ենք ավագանու հանրապետական խմբակցությանը կանխել նման դեպքերը, քանի որ սա ոչ միայն վայել չէ ավագանու անդամներին, այլեւ սա դատապարտելի է»:

Մանրամասները` տեսանյութում:

Այսօր Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները ասուլիս էին հրավիրել գործունեության 100 օրվա առիթով: Ավագանու անդամները համամիտ չէին այն քննադատություններին, համաձայն որոնց, «Ելք»-ը միայն փողոցների անվանակոչության հարցերով է զբաղվում` անտեսելով երեւանցիների համար մի շարք կարեւոր թեմաներ: Դավիթ Խաժակյանն ասաց, որ կարմիր գծերին առնչվող հայտնի փոփոխությունն իրենց ջանքերով է կանխվել: Ըստ նրա, մեկ sms-ի արժեքը 149 դրամ սահմանելը պայմանավորված էր «Փարքինգ սիթի սերվիսի»` համայնքային սեփականություն դառնալու հանգամանքով, սակայն իրենց խմբակցության ուսումնասիրության արդյունքում է, որ կանխվել է. «Այդ խնդրի մեջ մենք խորամուխ եղանք, եւ առանց խորամուխ լինելու հնարավորություն չէր լինի այդ թանկացումը կանխել: Փաստորեն գտնվեց այն ձեւաչափը, որն իրականացվեց մեր առաջարկությամբ»:

Ավագանու «Ելք» խմբակցության մեկ այլ անդամ` Արայիկ Հարությունյանը, մեծ թղթապանակով էր ասուլիսի եկել` ապացուցելու, թե ամեն օր ինչպիսի խնդիրներ են իրենք բարձրացնում քաղաքացիների պահանջով:
Անահիտ Բախշյանն ասաց, որ մանկապարտեզների սննդի հարցերից սկսած մինչեւ կադրային խնդիրներ` իրենց խմբակցությունը զբաղվում է: Ըստ ավագանու «Ելք» խմբակցության` իրենք զբաղվում են նաեւ հասարակական տրանսպորտը բարեփոխելու, քաղաքապետարանի ուռճացված հաստիքացուցակի եւ բնակչության համար այլ կարեւոր հարցերով:

Դավիթ Խաժակյանը քաղաքացիների ուշադրությունը հրավիրեց մի խնդրի, որն առնչվում է Երեւանի ավագանուն. «Խոսքը վերաբերում է Տեղական ինքնակառավարման մասին օրենքին, որով կառավարությունը փորձ է անում խլելու խմբակցությունների կողմից տեղական հանարաքվեով հանդես գալու նախաձեռնության իրավունքը: Սա մենք գնահատում ենք հստակ սահմանափակում ՏԻՄ մարմնի իրավասությունների շրջանակներում, սա գնահատում ենք հետընթաց տեղական ժողովրդավարության տեսանկյունից եւ ակնհայտ է, որ այդ գործողությունը միտված է նվազեցնելու ընդդիմադիր խմբակցության հնարավորությունները եւ քանի որ նաեւ քննարկումներ էին սկսվել փողոցների անվանակոչության հարցը լուծելու տեղական հանրաքվեի միջոցով եւ այդ հանրաքվեի նախաձեռնողը նաեւ մենք առաջարկել էինք, որ մենք լինենք որպես խմբակցություն, ինչը փորձ է արվում խոչընդոտելու: Ես կարծում եմ, մինչեւ փոփոխության հաստատումը այդ դրույթը պետք է հանվի փոփոխությունների փաթեթից»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930