«Դատարանը բոլոր միջոցները ձեռնարկում է, սակայն չի կարողանում ապահովել վկաների ներկայությունը, չկան, ինչ ասեմ»,- այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Խորենացի փողոցի դեպքերով քննվող գործով չկայացած նիստից հետո ասաց Ժորա Ավետիսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը: Այսօրվա ոստիկանները, ըստ փաստաբանի՝ ե՛ւ ոստիկաններ էին, ե՛ւ քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ Ժորա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 19-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող Գլինկա և Որմնադիրներ փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:
Մեր հարցին՝ վկաների չներկայանալը ի՞նչ է ձեզ հուշում, արդյոք ասելիք չունե՞ն, ու նրանց չգալը հաստատո՞ւմ է կեղծ նախաքննական ցուցմունքների մասին, ինչից այս գործերով սովորաբար բողոքում են փաստաբանները, ի պատասխան պարոն Ավետիսյանն ասաց. «Այն, որ մեղադրանքի հիմքը կայուն չէ, բոլորս գիտենք, բայց վկայի գալը-չգալը դրա հետ կապել հնարավոր չէ, մինչեւ վկային չհարցաքննես, ոնց կարող ես իմանալ՝ կե՞ղծ է այդ վկան, սո՞ւտ է ասել, թե՞ ճիշտ է ասել… Այս գործը հում է, վերջնական կարծիք հայտնելու համար ժամանակ է պետք, ապացույցների վերլուծություն է պետք: Իմ պաշտպանյալը բոլորովին մեղք չունի այս գործով, ուղղակի ապօրինի կալանքի տակ է գտնվում, որովհետեւ դեպքի օրն այնտեղ է գտնվել ու մի քար է նետել, բայց թե այդ քարն ում է հասել, ոչ մի ապացույց չկա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ