Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երեւանի ոստիկանապետին հայտնի է եղել ՊՊԾ գնդի վրա հարձակման մասին». Անդրիաս Ղուկասյան

Սեպտեմբեր 12,2017 17:49

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական   նիստում այսօր Ղուկասյանը եւս մի քանի միջնորդություն արեց՝ նոր ապացույցներ պահանջելու եւ գործով նոր վկաների ներգրավելու մասին: Նա նախ նշեց՝ անհրաժեշտ է հետազոտել «Սասնա ծռերի» եւ իշխանությունների միջեւ տեղի ունեցած բանակցությունների ձայնագրությունները, ինչը թույլ կտա պարզել «Սասնա ծռերի» նպատակներն ու պահանջները, ապա միջնորդեց ՀՀ հատուկ քննչական ծառայությունից պահանջել դրանք ներկայացնել դատարանին:

«Քրեական գործի նյութերից պարզ է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներին վերագրվում են գործողություններ, որոնք նրանք չեն կատարել: Մասնավորապես,  հուլիսի 17-ի առավոտյան փոխհրաձգության արդյունքում «Սասնա ծռերի» կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորում է ստացել մի քանի ոստիկան, այդ թվում՝ ավագ լեյտենանտ Ռոբերտ Հայրապետյանը, սակայն փորձագետի եզրակացության համաձայն՝ Հայրապետյանի մարմնից հանված գնդակի կաղապարը կրակված չէ ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից հանձնված ոչ մի ինքնաձիքից: Այն կրակված է գործարանային արտադրության մեկ այլ զենքից: Չնայած դրան, այդ գործողությունը «Սասնա ծռերին» է վերագրվում: Քանի դեռ ապացուցված չէ «Սասնա ծռերի» կողմից հանցագործությունների կատարումը, չեն կարող լինել բավարար հիմքեր՝ «Սասնա ծռերի» հետ համակատարմամբ նշված հանցագործությունների կատարման հանցափորձը ինձ վերագրելու համար: Ուստի միջնորդում եմ փորձագետի եզրակացությունը կցել գործի նյութերին եւ հետազոտել որպես ապացույց»,-հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը:

Հաջորդ միջնորդությունը նոր վկա ներգրավելու մասին էր: Ամբաստանյալն ասաց. «2016 հունիսի 24-ին ոստիկանության Երեւանի վարչության պետ Աշոտ Կարապետյանից(նույն տարվա օգոստոսին ազատվել է զբաղեցրած պաշտոնից,-խմբ.) անձամբ տեղեկացա, որ իշխանություններն ունեն տեղեկություն՝ Սեֆիլյանի համախոհների կողմից հնարավոր հարձակման մասին, սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ՊՊԾ գնդի պահպանման ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկվում: Աշոտ Կարապետյանին ի պաշտոնե հայտնի է եղել ՊՊԾ գնդի վրա հարձակման  մասին եւ հետեւյալ հարցերի շուրջ որոշ հանգամանքների մասին: Մասնավորապես՝ ինչո՞ւ տեղյակ լինելով հարձակման մասին՝ չեն ուժեղացրել ՊՊԾ գնդի պահպանությունը: Ինչո՞ւ հարձակման մասին իմանալուց րոպեներ անց փոխոստիկանապես Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կամավոր ներս են մտել ՊՊԾ գնդի տարածք: Ինչո՞ւ հուլիսի 17-ին ոստիկանության զրահամեքենան կրակ արձակեց «Սասնա ծռեր» խմբի անդամների եւ բարձրաստիճան ոստիկանների ուղղությամբ: Ովքե՞ր են եղել այն անձինք, որոնց կրակոցից վիրավորվել է ոստիկան Ռոբերտ Հայրապետյանը: Ինչո՞ւ հուլիսի 29-ի հանրահավաքից առաջ, երբ հայտարարվեց «Սասնա ծռեր» խմբի հետ իշխանությունների բանակցությունների վերսկսման մասին, իրավապահները փոխհրաձգություն հրահրեցին, որի հետեանքով վիրավորվեցին խմբի երկու անդամները…միջնորդում եմ որպես վկա հարցաքննել Աշոտ Կարապետյանին»:

«Սասնա ծռերի» եւ իշխանությունների միջեւ տեղի ունեցած բանակցությունների ձայնագրությունները հետազոտելու, նաեւ՝ Աշոտ Կարապետյանին որպես վկա հարցաքննելու միջնորդությունները դատարանը մերժեց, իսկ փորձագետի եզրակացությունը գործին կցելու միջնորդությունը բավարարեց:

Հաջորդ նիստը կկայանա մյուս երեքշաբթի՝ 13:00-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930