2016թ. հուլիսի 19-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի Խորենացի փողոցին հարող Գլինկա և Որմնադիրներ փողոցների հատման վայրում իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու գործով դատական նիստն այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի չունեցավ: Դատարան չէին ներկայացել գործով վկաները: Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի չորսին:
Հիշեցնենք, որ Ժորա Ավետիսյանին, Արման Ադամյանին եւ Հրաչյա Բոյաջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2016թ. հուլիսի 19-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մովսես Խորենացի փաղոցին հարող Գլինկա և Որմնադիրներ փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:
Բոյաջյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ 2016թ. հուլիսի 19-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ