Այսօր Երեւանի ավագանու նիստին 3 խմբակցության անդամները պարբերաբար միմյանց հասցեին վիրավորական ռեպլիկներ էին հնչեցնում:
Նախ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Սահակյանը նիստի ժամանակ «Ելքի» անդամ Անահիտ Բախշյանի հասցեին վիրավորական ռեպլիկներ էր հնչեցնում, հետո դիմեց «պարոն Բախշյանով»: Սա վրդովվեցրեց «Ելքի» անդամներին, որոնք հորդորեցին ՀՀԿ-ի անդամներին կոռեկտ արտահայտվել: Ապա «Ելքից» Ալեն Սիմոնյանի եւ ՀՀԿ-ից Հովհաննես Ավանեսյանի միջեւ լեզվակռիվ սկսվեց եւ միմյանց «արա»-ով դիմեցին. «Արան դու ես», «չափներդ ճանաչեք»:
Կրքերը չհանդարտվեցին նաեւ նիստերի դահլիճից դուրս: Ընդմիջման ժամանակ միջանցքում «Ելք»-ից Անի Խաչատրյանի եւ ՀՀԿ-ից Հովհաննես Ավանեսյանի միջեւ շարունակվեց միջադեպը:
«Երկու մատով կխեղդեմ, օֆ չեմ անի»,-վրդովված ասաց Անի Խաչատրյանը ՀՀԿ անդամ Հովհաննես Ավանեսյանին, որը «Ելքի» անդամների հետ «արա»-ով էր խոսում:
Մանրամասն՝ տեսանյութում:
Նիստից հետո Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք ավագանու նիստին ավագանու անդամներ միջեւ այս միջադեպը չի՞ մտահոգում քաղաքապետին, ինչին ի պատասխան՝ Մարգարյանն ասաց, որ դա նորմալ չէ. «Եվ իմ հորդորն է եղել դադարեցնել»:
Հարցին՝ ձեզ չէին ենթարկվում, ձեր հորդորից հետո դարձյալ շարունակում էին անպարկեշտ պահվածք, Տարոն Մարգարյանը պատասխանեց.«Իմ հորդորից հետո դուք տեսաք, որ դահլիճում հանդարտվեց»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ