Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահի դրությամբ որևէ ցայտնոտային իրավիճակ չկա, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրը չստորագրվի». Սուրեն Սարգսյան

Սեպտեմբեր 12,2017 16:57

«Հնարավորության դեպքում Ադրբեջանը լարելու է իրավիճակը: Բայց ապրիլյան իրադարձություններից հետո տեղյակ է, որ Հայաստանին հանկարծակիի բերելու էֆեկտը չի լինելու: Դրա համար էլ այս մեթոդը փոխարինել է մեկ այլ մեթոդով` հանրության աչքերին կամ միջազգային հանրության աչքին փոզ փչելը, օրինակ` բաց է թողնում Լապշինին»,- անդրադառնալով հարցին` հնարավո՞ր է սահմանում իրավիճակն Ադրբեջանը կրկին սրի, «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Նա փաստեց, որ Ադրբեջանը գնում է իրավիճակի սրման հատկապես ներքաղաքական սկանդալներից հետո: Այնուհետև հիշեցրեց. «Նախորդ անգամ, երբ Ադրբեջանն ու Ալիևը հայտնվել էին Պանամայի օֆշորային պատմությունների մեջ, օրեր անց տեղի ունեցան ապրիլյան իրադարձությունները: Պարբերաբար նման սկանդալներից հետո Ադրբեջանը գնում է իրավիճակի սրման: Նման գործողություններով Ադրբեջանը փորձում է մեղմել ներքաղաքական իրավիճակը և ցուց տալ, որ Ադրբեջանում չկա բռնապետություն»:

Անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերություններին` պարոն Սարգսյանը կարծիք հայտնեց, որ աշխարհում քիչ հարթակներ կան, որտեղ ԱՄՆ-ն և ՌԴ-ն կարող են աշխատել: Ուստի Մինսկի խումբն այն բացառիկ հարթակներից է, որտեղ  ՌԴ-ն և ԱՄՆ-ն կարող են միասին աշխատել:

Հայաստանի կողմից` ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց հանկարծակի հրաժարումը միջազգայնագետն առանձնապես մտահոգիչ չի համարում: Այս առիթով պարոն Սարգսյանը պարզաբանեց. «Այստեղ բացասական բան չեմ տեսնում. ավելի խոշոր ու մասշտաբային զորավարժությանը` ԱՄՆ փոխնախագահի ներկայությամբ, որին հակառուսական շապիկ էր հագցվել, Հայաստանը մասնակցել է: Դրանից խոշոր բան չեմ հիշում, որ կազմակերպված լիներ»:

Դառնալով նոյեմբերին ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրմանը` պարոն Սարգսյանն ասաց. «Այս պահի դրությամբ որևէ ցայտնոտային իրավիճակ չկա, որ հայկական կողմի նախաձեռնությամբ համաձայնագիրը չստորագրվի, քանի որ նախորդ անգամ այն չի ստորագրվել եվրոպական կողմի նախաձեռնությամբ: Հիշում եք, որ Ֆյուլեն մշտապես ասում էր` ՀՀ-ն պատրաստ չէ ստորագրելու: Հիշում ենք նաև և-և կամ-կամի սկզբունքը»:

Սուրեն Սարգսյանը փաստեց, որ այժմ այլ իրավիճակ է. ունենք նախագահի մակարդակով հայտարարություն, որ Հայաստանը պատրաստվում է ստորագրել ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր: Այս պահին ունենք նախաստորագրված փաստաթուղթ: Պարոն Սարգսյանը հաստատեց, որ այս համաձայնագիրը նախորդի կշիռը չունի, սակայն հնարավորությունե է ստեղծում տնտեսության դիվերսիֆիկացման:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930