Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «Ալիեւին ու Էրդողանին պետք է շնորհակալություն հայտնել»

Սեպտեմբեր 12,2017 16:50

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը խոսեց ղարաբաղյան հարցի շուրջ վերջին շրջանում ձեւավորված գործոնների մասին, որոնք ցույց են տալիս, որ Ղարաբաղը կարող է անկախանալ եւ այդ ճանապարհին մենք շատ լուրջ փուլում ենք գտնվում:

«Առաջին. տեսեք, թե ապրիլյան պատերազմից հետո Արցախի անկախացման եւ աշխարհին դա ապացուցելու համար պայքարի մոտիվացիան որքան է Հայաստանում եւ Արցախում ուժեղացել: Երկրորդ. աշխարհում ինքնորոշման սկզբունքը սկսեց կիրառվել: 90-ականներին, երբ խոսում էինք Ղարաբաղի մասին, աշխարհին փորձում ապացուցել, որ Ղարաբաղն անկախանալու իրավունք ունի, լսում էին, հակափաստարկներ բերում, քանի որ այն ժամանակ տարածքային ամբողջականությունը, որը ՄԱԿ-ի սկզբունքներում ձեւականորեն հավասար էր ինքնորոշման իրավունքին, սակայն առաջինը գերակայություն ուներ: Բայց այսօր ոչ ոք այդպիսի բան չի ասում, քանի որ ինքնորոշման սկզբունքն սկսեց կիրառվել: Ոչ միայն ապագաղութացման ճանապարհով, այլ ազգերի դասական ինքնորոշման:

Օրինակ, Կոսովոն, Հարավային Սուդանը, Էրիտրեան, Չերնոգորիան… Այս տարիներին որակական փոփոխություն կատարվեց՝ ցույց տալով, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը գործնականորեն կարելի է իրականացնել: Երրորդ. աշխարհում լուրջ փոփոխություններ են կատարվում: ԱՄՆ-ը հիմա ՄԱԿ-ի ռեֆորմներ է պահանջում ու քանի որ ՄԱԿ-ի գլխավոր հովանավորն է, դրանք կլինեն: Ռուսաստանը խաղի կանոնների փոփոխում է պահանջում Եվրոպայից: ԱՄՆ-ը ակտիվ է, Ռուսաստանը ակտիվ է, Չինաստանն է ակտիվ: Սա բերում է նաեւ Ղարաբաղի հարցի ակտիվացմանը: Ու դա շատ դրական է: Ղարաբաղի հարցով հիմա նաեւ ԱՄՆ-ն է շատ ակտիվ զբաղվում: Մի բան է Մինսկի խմբի համանախագահող երկիր լինել, այլ բան՝ խնդրով ռեալ զբաղվել ու լինել ակտիվ: Դա շանս է տալիս մեզ, որ մի խաղացող մեզ չթելադրի խաղի իր կանոնները: Չորրորդ գործոնը լրջագույն է: Այստեղ պետք է շնորհակալություն հայտնել Ալիեւին եւ Էրդողանին իրենց լրջագույն սխալների համար: Դա Ադրբեջանի եւ Թուրքիայի միջազգային իմիջի լրջագույն անկումն է, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, երբ սկսեցին այլ երկրների քաղաքացիներին ձերբակալել, բանտարկել: Ադրբեջանում՝ Արցախ գնալու, Թուրքիայում՝ Գյուլենի հետ կապված լինելու մեղադրանքներով: Սրան ավելացնենք Ադրբեջանում կոռուպցիոն եւ փողերի լվացման սկանդալները: Սա բերեց նրան, որ այդ երկու երկրների հեղինակությունը միջազգային հանրության աչքում կտրուկ անկում է ապրում ու իրենք կորցնում են դաշնակիցներին: ԵԱՀԿ-ում ու Եվրախորհրդում նման բաներին շատ լուրջ են վերաբերվում: Իսկ Եվրոպան Հայաստան չէ, որտեղ կաշառակերությունը քննադատում են, սակայն միեւնույն ժամանակ հանդուրժում: Քաղաքական այս ֆոնը մեզ մեծ հնարավորություն է տալիս աշխարհին ապացուցելու, որ Արցախը չի կարող ապրել այնպիսի համակարգում, որը գոյություն ունի Ադրբեջանում», – ասաց քաղաքագետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930