Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեխաների և երիտասարդների գրեթե երեք քառորդը չարաշահման, շահագործման և թրաֆիքինգի զոհ է դառնում Միջերկրական ծովով միգրացիայի ճանապարհին

Սեպտեմբեր 12,2017 16:43

12-ը սեպտեմբերի, 2017թ., Նյու Յորք/Բրյուսել- Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության նոր զեկույցի, Եվրոպայի ուղին բռնած փախստական և միգրանտ երեխաներն ու երիտասարդները մարդու իրավունքների սարսափելի ոտնահարման զոհ են դառնում: Կենտրոնական միջերկրածովյան երթուղին բռնած երեխաների և երիտասարդների 77 տոկոսը չարաշահման, շահագործման և թրաֆիքինգի զոհ դարձած կենդանի օրինակներ են:

«Սարսափազդու ճանապարհորդություններ»- զեկույցում նշվում է, որ թեև բոլոր փախստականներն ու միգրանտներն են գտնվում մեծ ռիսկի տակ, գաղթի ճանապարհը բռնած երեխաներն ու երիտասարդները 25 տարեկանից բարձր չափահասներից առավել շատ են տուժում ՝ գրանցելով շահագործման և թրաֆիքինգի երկու անգամ ավելի շատ դեպքեր Արևելյան միջերկրածովյան և 13 տոկոսով առավել բարձր ցուցանիշներ՝ Կենտրոնական միջերկրածովյան միգրացիայի ճանապարհներին:

16-ամյա գամբիացի Աիմամոն (Aimamo) առանց ուղեկցորդի ճանապարհորդող անչափահաս է, ով Լիբիա հասնելուն պես, թրաֆիքինգի զոհ է դարձել: Իտալիայի ապաստաններից մեկում տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ նա նկարագրել է իր տանջալից աշխատանքը Լիբիայում: «Եթե փորձես փախչել, նրանք կրակում են: Եթե դադարես աշխատել՝ ծեծում: Կարծես ստրուկներ լինեինք: Օրվա ավարտին նրանք մեզ պարզապես կողպում էին»:

Զեկույցը հիմնված է ՄՄԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից գրանցված 22,000 փախստականների և միգրանտների, այդ թվում՝ 11,000 երեխաների և երիտասարդների ցուցմունքների վրա:

«Ցավալի իրականությունն այն է, որ այժմ միջերկրածովյան երթուղին բռնած երեխաների շահագործումը, թրաֆիքինգը, ծեծն ու խտրական վերաբերմունքը նրանց նկատմամբ սովորական են դարձել», -նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրեն, Եվրոպայի փախստականների և միգրանտների ճգնաժամի հատուկ համակարգող Աֆշան Խանը (Afshan Khan): «ԵՄ-ի առաջնորդները պետք է առաջ քաշեն երկարաժամկետ լուծումներ՝ ուղղված միգրացիայի անվտանգ և կանոնավոր ուղիների ստեղծմանը՝ հիմնելով պաշտպանական նշանակություն ունեցող միջանցքներ և միգրանտ երեխաների կալանավորումը փոխարինող այլընտրանքներ»:

«Դաժան պատճառներով՝ բռնությամբ, անկայունությամբ, աղքատությամբ դրդված՝ մարդիկ լքում են իրենց երկրները և բռնում գաղթի ճանապարհը՝ գիտակցելով, որ գուցե ստիպված լինեն վճարել իրենց արժանապատվությամբ, բարեկեցությամբ և նույնիսկ՝ կյանքով», -նշեց ՄՄԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության ԵՄ-ի, Նորվեգիայի և Շվեյցարիայի տարածաշրջանային տնօրեն Էուջենիո Ամբրոսին (Eugenio Ambrosi):

«Առանց գաղթի առավել կանոնավոր ուղիների մշակման, այլ լուծումները համեմատաբար անարդյունավետ կլինեն: Մենք պետք է միգրացիային վերագրենք իրավահեն մոտեցում՝ բարելավելով գաղթի ճանապարհը բռնած առավել խոցելի մարդկանց հայտնաբերելու և պաշտպանելու համար անհրաժեշտ մեխանիզմները՝ անկախ գաղթի ճանապարհը բռնածների իրավական կարգավիճակից»:

Զեկույցում նաև նշվում է, որ թեև գաղթի ճանապարհը բռնած բոլոր երեխաներն են գտնվում մեծ ռիսկի տակ, նրանք, ովքեր ծագումով ենթասահարյան Աֆրիկայից են, առավել շատ են տուժում շահագործումից և թրաֆիքինգից, քան աշխարհի այլ անկյուններից գաղթող երեխաները: Նրանց թիվը, Արևելյան միջերկրածովյան գաղթի ճանապարհին հայտնված այլ երեխաների 15 տոկոսի հետ համեմատած, կազմում է 65 տոկոս, իսկ Կենտրոնական միջերկրածովյան գաղթի ճանապարհին՝ 83 տոկոս՝ աշխարհի տարբեր անկյունների երեխաների 56 տոկոսի հետ համեմատած: Տվյալ անհամապատասխանությունների հավանական պատճառը ռասիզմն է:

Գաղթի ճանապարհը միայնակ կամ առավել երկար ուղի բռնած երեխաներն ու երիտասարդները, այդ թվում`առավել ցածր կրթական մակարդակ ունեցողները, թրաֆիքինգով զբաղվողների և հանցավոր խմբերի համար շահագործման ենթակա առավել խոցելի խմբերից են: Զեկույցի համաձայն՝ Կենտրոնական միջերկրածովյան երթուղին առավել վտանգավոր է հիմնականում Լիբիայի միջով անցնող առավել մեծ թվով փախստականների և միգրանտների համար՝ հաշվի առնելով Լիբիայում տիրող անօրինականությունները, զինված ուժերի հարձակումները և հանցագործությունների բարձր մակարդակը: Միջինում ճանապարհորդությունների համար երիտասարդները վճարում են 1,000-5,000 ԱՄՆ դոլար, հաճախ հասնում Եվրոպա պարտքերն ուսերին՝ դրանով իսկ իրենց ենթարկելով հետագա մեծ ռիսկերի:

Զեկույցը կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին՝ ծագման, տրանզիտ և վերջնանպատակ երկրներին, Աֆրիկյան միությանը, ԵՄ-ին, միջազգային և տեղական կազմակերպություններին, դոնորական համայնքի աջակցությամբ անհրաժեշտ գործողությունների օրակարգ ընդունել:

Գործողությունների օրակարգը ներառում է հետևյալ կետերը՝ գաղթի ճանապարհը բռնած երեխաների համար ստեղծել անվտանգ և կանոնավոր միգրացիայի ուղիներ; ծագման, տրանզիտ և վերջնանպատակ երկրներում պաշտպանել փախստական և միգրանտ երեխաներին; ներկայացնել գործածական այլընտրանքներ փախստական և միգրանտ երեխաների կալանքի փոխարեն; փախստական և միգրանտ երեխաների իրավունքների պաշտպանության համար խրախուսել թրաֆիքինգի, շահագործման, քսենոֆոբիայի, խտրականության և մարգինալիզացիայի դեմ պայքարը:

 

ՅՈՒՆԻՍԵՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930