Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Զանգվածային անկարգություն չեմ ծրագրել, Պավել Մանուկյանի հետ անձնական շփում չեմ ունեցել». Անդրիաս Ղուկասյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 12,2017 15:37

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստն է:

Նախ, դատավոր Վարդան Գրիգորյանը որոշեց մերժել Անդրիաս Ղուկասյանի՝ նախորդ նիստում դատավոր Պետրոս Պետրոսյանի դեմ ներկայացված  ինքնաբացարկի միջնորդությունը: Դա նշանակում է, որ Պետրոս Պետրոսյանն է շարունակելու գործով հանդես գալ որպես մեղադրող-դատախազ:

Ապա ճշտվեց ամբաստանյալ Անդրիաս Ղուկասյանի ինքնությունը: Նա ասաց, որ 3 երեխա ունի, մեկը՝ անչափահաս: Նախկինում դատապարտված չի եղել, գիտական հոդվածների հեղինակ է, ղեկավարել է «Ռադիոհայ» ՍՊԸ-ն եւ ճարտարապետների ընկերություն, որն առողջապահության եւ անվտանգության ոլորտի նախագծերով է զբաղվում:

Ապա Անդրիաս Ղուկասյանը միջնորդություն կատարեց, որում ասվում է՝  ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը միջնորդություն է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին՝ Անդրիաս Ղուկասյանի  հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնելու մասին, ինչը դատարանը բավարարել է:

«Ըստ միջնորդության՝  Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին,  որ Անդրիաս Ղուկասյանը 2016թ. դեկտեմբերի վեցի սահմանադրական հանրաքվեի նախորդող եւ հաջորդող ժամանակահատվածում ծրագրում է քաղաքացիական անհնազանդության գործողությունները վերածել զանգվածային անկարգությունների, եւ որ նրան օժանդակել են Պավել Մանուկյանը եւ Վիկտոր Դավթյանը: Նախ, այդ ժամանակ անհնազանդություններ չկային…Ոստիկանությունը հեռախոսազանգերի վերահսկողության միջոցով ակնկալել է ստանալ տեղեկատվություն, որը հնարավորություն կտա կանխել իբր թե նախապատրաստվող հանցագործությունը: Դատարանի որոշմամբ հեռախոսազանգերը գաղտնալսելը թույլատրվել է երկու ամիս ժամկետով: Միջնորդության  հիմքում սուտ եւ անհեթեթ տեղեկություններ են: Ես երբեւէ զանգվածային անկարգություններ չեմ ծրագրել, Պավել Մանուկյանի եւ Վիկտոր Դավթյանի հետ անձնական շփումներ չեմ ունեցել, նրանց հեռախոսահամարները չեմ ունեցել, նրանց հետ չեմ զրուցել: Սուտ տեղեկությունների հիման վրա իմ հանդեպ հարուցվել է կեղծ քրեական գործ, որի ընթացքն անգամ ինձ հայտնի չէ: Ոստիկանությունն անօրինական վերահսկողություն է սահմանել իմ անձնական եւ քաղաքական կյանքի եւ գործունեության հանդեպ»,-պնդեց Անդրիաս Ղուկասյանը՝ միջնորդելով, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները ճանաչվեն որպես անթույլատրելի ապացույցներ, քանի որ դրանք շինծու են:

Դատավորը նշեց, որ նման միջնորդություն կարող էր ներկայացվել ապացույցների հետազոտման փուլի ավարտից հետո, ուստի այն կքննարկվի հետագայում: Այնուհետեւ Ղուկասյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանը հեռախոսազանգերի գաղտնալսումները պահանջելու մասին միջնորդություն ներկայացրեց, որը գործի նախաքննության ժամանակ մերժել էր քննիչը: Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը՝ համապատասխան մարմնից պահանջելով բոլոր հեռախոսային խոսակցությունները: Դրանք ծանոթացման կներկայացվեն ապացույցների հետազոտման փուլում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930