Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստանդարտ» միջազգային տրիենալեն Հայաստան է բերել ճանաչված անունների (Տեսանյութ)

Սեպտեմբեր 12,2017 14:53

Սեպտեմբերի 12-ին ՀԲԸՄ երևանյան գրասենյակում կայացավ մամուլի ասուլիս` համադրողների և արվեստագետների մասնակցությամբ, Հայաստանում «Ստանդարտ» ժամանակակից արվեստի առաջին միջազգային տրիենալեի թեմայով: Վերջինիս առաջին մասը մեկնարկել է 2017 թվականի հուլիսին: «Ստանդարտ» առաջին տրիենալեի գլխավոր համադրողը Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգն է, որը 2015 թվականին Վենետիկի 56-րդ բիենալեում «Ոսկե Առյուծ» մրցանակը նվաճած հայկական տաղավարի համադրողն է։ Գործընկեր համադրողն է Ռուբեն Արևշատյանը: «Ստանդարտ 2017»-ի խորագիրն է «Անալոգ լեռը»՝ ոգեշնչված ֆրանսիացի սյուրռեալիստ գրող և բանաստեղծ Ռենե Դոմալի համանուն վեպից:

Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը պատմեց, թե ինչ է սպասվում Տրիենալեի երկրորդ փուլին: Նշվեց, որ այն մեկնարկում է սեպտեմբերին եւ կավարտվի դեկտեմբերին եւ կհրատարակվի պատկերագիրք:

Մեկնարկը տրվում է սեպտեմբերի 12-ին Ֆելիչե Վարինի «Վեցանկյուններ, շրջաններ եւ սեղաններ» աշխատանքով` Երեւանի կենտրոնական երկաթուղային կայարանում: Նախատեսված են Փիրուզա Խալափյանի «Իմ տեղը դատարկ է» ընթացիկ նախագծի ներկայացումը, Միմա Վաթինյանի «Գաղտնի հավասարումներ» նախագծերը Երեւանում: Սեպտեմբերի 13-ին Սեւանի գրողների ստեղծագործական տանը «Դեժա-վյու ՍՏԱՆԴԱՐՏ» տեսաինստալյացիաներն են: Կներկայացվեն Ջերարդ Բընրնը, Իգոր Գրուբիչը, Յոզեֆ Դաբ Երնիգը, Մարկուրս Շերերը, ինչպես նաեւ ճարտարապետական նախագծեր` Կարո Հալաբյան, Միքայել Մազմանյան, Լեւոն Չերքեզյան եւ Գեւորգ Քոչար: Սեպտեմբերի 15-ին Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղում կներկայացվի Արման Գրիգորյանի «Միջոցներ եւ նպատակները»: Բացի ցուցահանդեսից, նախատեսվում է անցկացնել նաեւ վարպետաց դասեր, արվեստանոցներ:

Տիկին Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը խոսելով Տրիենալեի աջակիցներից, ի թիվս այլոց ներկայացրեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերին, նրան անվանեց համադրող դեսպան:

Անդրադարձ եղավ նաեւ արվեստի ոլորտում մեծ ճանաչում ունեցող Իլյա եւ Էմիլյա Կաբակովների, ինչպես նաեւ բրազիլահայ հայտնի մոդեռնիստ լուսանկարիչ Գասպար Գասպարյանի աշխատանքներին:

Ասուլիսին ներկա էր նաեւ Գասպար Գասպարյանի որդին` կրտսեր Գասպար Գասպարյանը: «Այսօր շատ հուզիչ օր է ինձ համար: Իմ հայրը ծնվել է Բրազիլիայում եւ երբեք Հայաստանում չի եղել: Հիմա կարող ենք ասել, որ նա Հայաստան է վերադարձել, վերադարձել է իր ցուցահանդեսով: Ու փաստորեն վերադառնում է իր արմատներին: Նա առաջին անգամ է անհատական ցուցահանդես ունենում Հայաստանում, իսկ Բրազիլիայում 3 անհատական ցուցահանդես է ունեցել»:

Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգն ընդգծեց, որ Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ փոխհարաբերությունները միայն տնտեսական չեն, բրազիլահայ մեկ այլ արվեստագետ` Ռոզնա Փալազյանը եւս 2015-ին ներկայացրել է Հայաստանը 2015 թ. Վենետիկի բիենալեին:

«Դեժա-վյու ՍՏԱՆԴԱՐՏ» ցուցահանդեսի համադրող Ռուբեն Արեւշատյանը կարեւորեց ինչպես նախագծի իրականացումը, այնպես էլ վայրի ընտրությունը: Նա հիշեցրեց, որ Սեւանի գրողների ստեղծագործական տունը ներառվել է «Գեթի» հիմնադրամի Keeping It Modern 2016-ի ծրագրում: Նաեւ ընդգծեց, որ 3 շաբաթից Հայաստանում կկայանա միջազգային գիտաժողով, որին, ի թիվս այլ հայտնիների, կմասնակցի «Գեթի» հիմնադրամի ներկայացուցիչը:

Հավելենք, որ Գյումրիի Ասլամազյան քույրերի պատկերասրահում, Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանում եւ Ժողովրդական ճարտարապետության եւ կենցաղի թանգարանում բացվել էին երկու խմբակային նախագծեր հայ եւ օտարազգի 20-ից ավելի արվեստագետների մասնակցությամբ: Ժամանակակից արվեստի այս փորձառության արդյունքում աշխարհի տարբեր երկրներից ժամանած արվեստագետները ապրել եւ ստեղծագործել են Հայաստանում`ստեղծելով «Ստանդարտ» տրիենալեի համար արվեստի հատուկ գործեր` հիմքում ունենալով Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը:

Մանրամասները տեսանյութերում` 

Գոհար ՀԱԿՈԲ ՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930