Լրահոս
Օրվա լրահոսը

«Գաղջ մթնոլորտը պահպանվում է. լուծարել այն անիմաստ մարմինը, որի անունը Ազգային ժողով է». Բագրատ Ասատրյան

Սեպտեմբեր 12,2017 14:27

«Այն գաղջ մթնոլորտը, որի մասին երկրի առաջին դեմքն է խոսել, շարունակում է մնալ»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Ըստ պարոն Ասատրյանի` կան նաև դրական զարգացումներ, սակայն դրանք չեն կապվում իշխանությունների հաջողությունների հետ: Ունենք 17 տոկոս տրանսֆերտների աճ վերջին յոթ ամիսների ընթացքում. այն հանգեցրել է առևտրի աճի, ինչից բխում է ներմուծման ավելացումը` 28.5 տոկոս:

Ըստ նրա` երկրում չկա իշխանություն. դրանք առանձին խմբեր են. «Կա իշխանություն, որը մասնատված է, ենթակա ինչ-որ փոքր խումբ մարդկանց շահերի: Կան նաև դրական ձգտումներ, օրինակ ապահովել ներդրումներ, սակայն չկա համակարգված մոտեցում: Մեր իշխանությունը որևէ խնդիր չի ուզում լուծել»:

Ըստ Բագրատ Ասատրյանի` այս տարվա գարնանը կայացած չակերտավոր քաղաքական միջոցառումը եկավ ապացուցելու, որ իշխանությունները ոչ մի ձգտում չունեն բացի սեփական վերարտադրությունն ապահովելուց: Այդ պատճառով էլ խեղդվեցին այն ձգտումներն ու ցանկությունները, որոնք եղել են ինչ-որ խումբ մարդկանց մոտ`այդ թվում նաև վարչապետի: Պարոն Ասատրյանը, իհարկե, փաստեց, որ իշխանության մեջ մարդիկ կան, որոնք, որքան էլ զարմանալի է, բիզնես չունեն:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի`850 միլիոն դոլարի ներդրումների խոստմանը, ՀՀ վիճակագրական ծառայության ներկայացրած մտահոգիչ և ՀՀ տնտեսական զարգացման նախարարության լավատեսական թվերին` պարոն Ասատրյանը նախարարության ներկայացրած թվերը ներդրումների մասին ծիծաղելի համարեց. «Մեկ էլ պարզվում է, որ պատիկ անգամ բարձր թվերով է խոսում ներդրումների մասին այն կառույցը, որը կարծես իրեն պատասխանատու է համարում: Չի կարող թվերի այդքան տարբերություն լինել: Վիճակագրական ծառայության թվերով` պատկերը գորշ է, վատ: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ ՀՀ-ում չկան ոլորտներ, որտեղ կարելի է ներդրումներ անել: ՀՀ-ում կա մարդկանց մի խումբ, որն իշխող է և ամեն ինչ անելու է, որ իրենց դաշտը չխաթարվի»:

Ըստ պարոն Ասատրյանի` անցյալ և այս տարվա յոթ ամիսների կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը կրկնակի աճել է, գրանցվել է արդյունաբերության 12.7 տոկոս աճ, արտահանման աճի տեմպերն էլ են աճել, սակայն դա մեր նորագույն պատմության վերջին հատվածի համար լավագույն ցուցանիշը չէ: Բագրատ Ասատրյանի համոզմամբ` խնդիրների լուծման համար նախ պետք է կանգնեցնել արտագաղթի տեմպերը, քանի որ 2008-2017-ի հունվարի 1-ը ՀՀ-ից մեկնածների ու ժամանածների տարբերությունը կազմում է շուրջ 390 հազար մարդ: Ըստ Կենտրոնական բանկի նախկին նախագահի` սա փախուստի նման երևույթ է. «Այս երևույթը կանխելու պարագայում կարող ենք խոսել հաջողությունների մասին: Թե չէ ներդրողների ակումբը հավաքվում է կամ ես իմ ընկերների հետ մեր տանը քեֆ եմ անում, դրանից ի՞նչ»: Պարոն Ասատրյանը նաև մտահոգություն հայտնեց, որ ՀՀ-ն մոտեցել է այն սահմանին, երբ մահացողների թիվը սկսել է գերազանցել ծնվածների թվին, երբ յուրաքանչյուր չորրորդ զույգն ամուսնալուծվում է:

Պարոն Ասատրյանը հավաստիացրեց, եթե շարունակի որոշիչ դերակատարություն ունենալ թաղի խուժանը, զարգացման մասին խոսել անիմաստ է. «Առաջնային խնդիրն է լուծարել այն անիմաստ մարմինը, որի անունը Ազգային ժողով է: Տասը հազարով ընտրվածների գինն ընդամենը սա է լինելու: Խորհրդարանը պետք է լինի քաղաքական մրցակցության տեղ, ոչ թե թաղի խուժանի: Քաղաքական դաշտից դուրս բերեք մարդկանց, որոնք բիզնեսով են զբաղված: Կոռուպցիան այս իշխանության էությունն է, ո՞նց կարելի է կոռուպցիայի դեմ պայքարել: Հոգեբանությունը պետք է փոխել, թե չէ չինովնիկը պիտի շարունակի ցույց տալ, որ շեֆ, դու ճիշտ ես` լոխ լավ ա: Ամոթ չի՞ սենց խորհրդարան ունենալ` առաջին դեմքից մինչև վերջին դեմք նայեք»:

Ամփոփելով ՀՀ կառավարության մեկ տարվա գործունեությունը, պարոն Ասատրյանը, թեև որոշ դրական տեղաշարժեր նշեց, բայց արձանագրեց, որ «ՀՀ կառավարությունը չկարողացավ ՀՀ տնտեսությունը հանել ճահճից ու ապահովել զարգացում»:

Անդրադարձ կատարվեց նաև Թուրքիայի վարած տնտեսական քաղաքականությանը: Հարցին` բացառո՞ւմ եք, որ Թուրքիան ԵՏՄ անդամ կդառնա, պարոն Ասատրյանը պատասխանեց. «Կարող է Թուրքիայի` ԵՏՄ-ին անդամակցությունը մի քիչ հետ գցենք, բայց ազատ առևտրի նման մի համաձայնագրի առկայությունը բնավ չեմ բացառում: Թուրքիան լուրջ տնտեսական միավոր է, և ՌԴ-ի շահագրգռվածությունն այս հարցում մեծ է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930