«ՀՀԿ-ն այսօր իշխող կուսակցություն է, Ազգային ժողովը 2018 թվականից դառնալու է համար մեկ օրենսդիր պետական կառավարման մարմինը: Եվ ՀՀԿ-ն՝ որպես առաջին քաղաքական ուժ ԱԺ-ում, իր որոշումը կունենա այն ժամանակ, երբ որ կավարտվեն հանրապետության նախագահի լիազորությունները»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ատգամավոր Հակոբ Հակոբյանը`պատասխանելով հարցին` ե՞րբ իշխող կուսակցությունում որոշում կլինի թե ո՞վ է լինելու 2018 թվականին ՀՀ վարչապետի պաշտոնում:
Հարցին`Կարեն Կարապետյանը կարո՞ղ է լինել հաջորդ վարչապետի թեկնածուն, նա պատասխանեց. «Ես էլ կարող եմ լինել, բոլորն էլ կարող են լինել: Կուսակցությունը կունենա որոշում: Եթե Սերժ Սարգսյանը ուզենա, ինքն անպայման կլինի, որովհետև ինքն է կուսակցության ղեկավարը: Եվ տվյալ պարագայում կուսակցության ղեկավարը պետք է լինի պատասխանատուն»: ՀՀԿ-ական պատգամավորը պնդում է`Սերժ Սարգսյանը կորոշի վարչապետի թեկնածուին, քանի որ նա է կուսակցության ղեկավարը: Հարցին՝ եթե Սերժ Սարգսյանը միանձնա որոշի, թե ով է լինելու վարչապետի թեկնածուն, ՀՀԿ-ականները բոլոր կո՞ղմ կլինեն, Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Իհարկե»:
Հակոբ Հակոբյանն, ի դեպ, հստակ չպատասխանեց հարցին`ինչպե՞ս է գնահատում վաչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարին: «Այն ցուցանիշները, որոնք այսօր շրջանառության մեջ են դրվել, բոլորը նախնական են: Որպեսզի կարողանանք վարչապետի աշխատանքի նախնական գնահատականը տանք, պետք է ունենանք վերջնական ցուցանիշներ: Շատ պարզ է, համեմատում ես պետական բյուջեում կամ քաղաքական ծրագրում ունեցած պարտավորությունները և բյուջեի ձեռք բերած փաստացի կատարողական ցուցանիշները: Դրանից վարչապետի աշխատանքի գնահատականը պարզ է դառնում»,- ասաց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ