Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը հանձնարարականներ է տվել. «Ծառուկյան» դաշինքի առաջարկները պետք է ունենան որակի նշան»

Սեպտեմբեր 12,2017 12:25

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը պարզաբանում է, թե ինչ հանձնարարականների մասին է խոսքը

– Տիկին Տոնոյան երեկ տեղի է ունեցել «Ծառուկյան» խմբակցության նիստ, որը վարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ հանձնարարականներ է տվել: Կմանրամասնե՞ք`ինչ հանձնարարականներ են տվել Գագիկ Ծառուկյանի կողմից:

– Առաջին հերթին պարոն Ծառուկյանը հանձնարարել է պատգամավորներին` ցանկացած  խորհրդարանական խմբակցության առաջարկին, նախագծին վերաբերվել հարգանքով և ամենայն մանրամասնությամբ քննարկել, վերլուծել և այդպես ձևակերպել սեփական դիրքորոշումը։ Մենք մշտապես պատրաստ ենք խորքային մասնագիտական քննարկումների, և միայն այդ ճանապարհով կձևակերպվի մեր տեսակետը, որը մենք կներկայացնենք մեր գործընկերներին և հանրությանը:

– Որո՞նք են լինելու «Ծառուկյան» խմբակցության առաջիկա անելիքները:

– Պարոն Ծառուկյանի հիմնական հանձնարարականներից մեկն էլ այն է եղել, որ «Ծառուկյան» խմբակցությունը ինքը պետք է հանդես գա մշակված, հիմնավորված առաջարկներով և նախագծերով։ Մենք չենք պատրաստվում միայն միանալ կամ չմիանալ այլոց առաաջրկներին: Մենք ինքներս հանդես ենք գալու մեր առաջարկների փաթեթով։ Եվ դրանք լինելու են, կրկնում եմ, փաստարկված, հիմնավորված և, երբեք չեն լինելու անհիմն և անիրականանալի։ Պարոն Ծառուկյանը տվել է հետևյալ ձևակերպումը. «Ծառուկյան» դաշինքի առաջարկները պետք է ունենան որակի նշան»: Այսինքն՝ ժողովուրդը պետք է տեսնի, որ դրա հետևում կա կատարված ահռելի  աշխատանք, կա հիմնավորում,  և արդյունքներն էլ բնականաբար կլինեն տեսանելի։

– Իսկ խմբակցության պատգամավորների աշխատանքը սահմանափակվելու է միայն ԱԺ պատերի ներսո՞ւմ, թե նրանք հասանելի են լինելու, հանդիպումներ են ունենալու ընտրողների հետ եւ այլն:

– Բնականաբար մեր աշխատանքը չի կարող սահմանափակվել միայն ԱԺ պատերի ներսում։ Մենք պետք է մշտապես շփումների մեջ լինենք հասարակության բոլոր խավերի հետ, բոլոր սոցիալական շերտերի հետ։ Մենք մշտապես պետք է համագործակցենք տարբեր խմբերի շահեր ներկայացնող հասարակական կազմակերպությունների և մասնագիտական կազմակերպությունների հետ՝ մշտապես խնդիրների պուլսին տիրապետելու և միասին լուծումներ գտնելու նպատակով։ Սա է արդյունավետ աշխատանք իրականացնելու միակ ճանապարհը: Սրանից զատ՝ մեր պատգամավորները հասարակության տարբեր շերտերին հանդիպումների ընթացքում և ԱԺ ամբիոնից պարբերաբար ներկայացնելու են  մեր 15 կետերի դրույթները, մենք պատրաստ ենք տարբեր ձևաչափերով դրանք քննարկել, հիմնավորել դրանց անհրաժեշտությունը։ Մենք վստահ ենք, որ դրանց իրագործումից շահելու է պետությունը և ժողովուրդը։  Կարծում եմ, բոլորիս նպատակը պետք է դա լինի՝ ժողովրդի  բարեկեցությունն ու բարօրությունը:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930