Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրդստանը կարող է դառնալ այն զսպաշապիկը Թուրքիայի համար, որ փորձում է ստեղծել արտաքին աշխարհը». «Իրատես»

Սեպտեմբեր 12,2017 12:12

Սեպտեմբերի  25-ին տեղի  է  ունենալու Իրաքյան Քրդստանի  անկախության  հանրաքվեն։  Տարածաշրջանային այս կարևոր  իրադարձության մասին զրուցում ենք թուրք-քրդական հակամարտությունների փորձագետ  Կարեն Հովհաննիսյանի հետ։

– Պարոն Հովհաննիսյան, ԱՄՆ-ը քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանիին հորդորել էր հետաձգել հանրաքվեն։ Միացյալ Նահանգներն ու Արևմուտքը մտավախություն ունեն, որ այս հանրաքվեն կարող է հակամարտության նոր աղբյուր դառնալ տարածաշրջանում։ Այս մտավախությունն իրական հիմքեր ունի՞, արդյոք հնարավոր է նոր հակամարտության բռնկումը։

– Իրականում ԱՄՆ-ը բանակցում է Քրդստանի իշխանության հետ հանրաքվեի հետաձգման շուրջ։ Սակայն այդ բանակցությունները մինչև օգոստոսի 29-ն էին, երբ հայտնի դարձավ, որ Քիրկուկը նույնպես մասնակցելու է հանրաքվեին։ Քիրկուկը կռվախնձոր է Իրաքի կենտրոնական իշխանության և Քրդստանի, ինչպես նաև, որքան էլ զարմանալի թվա, Թուրքիայի և Քրդստանի միջև։ Մասուդ Բարզանին բազմիցս հայտարարել է, որ հանրաքվեն կայանալու է, որքան էլ դա չցանկանան արտաքին ուժերը։ Մի պահ իսկապես ռեալ մտավախություն կար՝ տարածաշրջանում Իրանը կարող Է Քրդստանի դեմ ռազմական գործողություններ սկսել։ 1979-ից հետո առաջին անգամ Իրանի գլխավոր շտաբի պետն այցելեց Թուրքիա և հանդիպեց իր պաշտոնակցին ու Էրդողանին։ Այդ ժամանակ քննարկման թեման Քրդստանի անկախության հանրաքվեն Իրանի ու Թուրքիայի հնարավոր համատեղ ռազմական գործողություններն էին։

Սակայն երբ Իրանի ԳՇ պետը վերադարձավ Իրան, մեկ օր հետո Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը հայտարարեց, որ Իրանն իր սահմաններից դուրս չի իրականացնի ռազմական գործողություն, պաշտպանելու է միայն իր երկրի սահմանները։ Հենց այս հայտարարությունից հետո Թուրքիան, կարծես, մեն-մենակ մնաց Քրդստանի դեմ և սկսեց Քրդստանի անկախության հանրաքվեի դեմ պայքարել Քիրկուկի թուրքմեններով։ Դրա վառ ապացույցը Քիրկուկի թուրքմենական մանր կուսակցությունների սեպտեմբերի 9-ի համատեղ հայտարարությունն էր՝ անկախության հանրաքվեն բոյկոտելու մասին։ Իրականում Քրդստանի անկախության հանրաքվեն լավ էլ համաձայնեցված է արտաքին ուժերի հետ, քանի որ մինչև հիմա դեռ ոչ մի եվրոպական պետություն, առավել ևս ԱՄՆ-ը դեմ հանդես չեն եկել, պարզապես հորդորել են հետաձգել, իսկ եթե չհետաձգեն, ինչպիսի պատժամիջոցներ կարող են կիրառել, դրա մասին էլ են լռում, այսինքն, ձևականորեն դեմ լինելով՝ իրականում կողմ են այդ պետության ստեղծմանը։

Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Բարզանին լիովին վայելում է Էրդողանի աջակցությունը և ատում է սիրիական քրդերին, հետևապես, Իրաքյան Քրդստանի անջատումը մեխանիկորեն չի հանգեցնի Սիրիայի կամ Թուրքիայի քրդերի անկախացմանը: Քրդերը եղել են, կան և կմնան խաղաքարտ՝ տարածաշրջանային և գլոբալ ակտորների ձեռքում: Բացի այդ, քրդերի մեջ այնքան է տարածված դավաճանությունը իրար նկատմամբ, որ երբեք չեն միավորվի՝ հանուն ընդհանուր շահերի, որոնք վերջնականապես ձևավորված չեն նույնիսկ: Ներկայումս իրաքյան քրդերը փորձում են իրաքյան իշխանություններից հատուկ ստատուսի երաշխիքներ կորզել վիճելի տարածքների, առաջին հերթին՝ Քիրկուկ նահանգի վերաբերյալ, գուցե այդ դեպքում խոստանան հետաձգել հանրաքվեն: Քաղաքականությունը՝ քաղաքականություն, սակայն պարտիզանական պատերազմը և ներքրդական զինված բախումները դեռ ոչ մեկը չի բացառել: Քրդերը անկախանալուց հետո ստիպված կլինեն պատերազմել մտնել շիական մեծամասնություն կազմող Ալ Հաշդ Աշ-Շաաբի ռազմա-քաղաքական կազմակերպության հետ, զրկվել իրաքի քաղաքացու բոլոր իրավունքներից, նաև ներքաշվել Բարզանի-Թալաբանի հին արմատներ ունեցող հակամարտության մեջ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930