Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլուխներս կորցրած ենք հայկական ընդունելությունից»

Սեպտեմբեր 12,2017 14:30

Երեւանում են մեցցո սոպրանո Էլենի Մաթոսը
եւ կլարնետահար Ալեսանդրո Կարբոնարեն

Երեւանյան աշունը թատերական եւ երաժշտական փառատոների բուռն շրջան է, հանդիսատեսը մեծ ցանկության դեպքում էլ չի հասցնում ներկա գտնվել յուրաքանչյուր միջոցառմանը, որին որպես օրենք հրավիրվում են համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետներ: Այս օրերին առաջին անգամ Երեւանում են իտալացի կլարնետահար Ալեսանդրո Կարբոնարեն եւ Ամերիկայից ժամանած մեցցո սոպրանո Էլենի Մաթոսը:

Սեպտեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Էդուարդ Թոփչյաի ղեկավարած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) հետ երեւանյան դասական միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի մեկնարկին առաջին անգամ հայաստանցի հանդիսատեսին ներկայացավ Ալեսանդրո Կարբոնարեն, որը 2003 թվականից Հռոմի Orchestra di Santa Cecilia նվագախմբի առաջին կլարնետահարն է, ով մինչ այդ հանդիսացել է Բեռլինի, Չիկագոյի եւ Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբերի կլարնետահարների կոնցերտմայստեր, ընդ որում՝ 15 տարի շարունակ:

Ազգային օպերային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հրավերով էլ մեր երկիր է ժամանել 34 միջազգային մրցույթների հաղթող՝ մեցցո սոպրանո Էլենի Մաթոսը, որը բեմ է բարձրացել այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Դանիել Բարենբոյմը, Զուբին Մետան եւ այլք:

Երեկ կայացած ՀԱՖՆ-ի փառատոնի բացմանը իսկապես եւ երաժշտականությամբ, եւ տեխնիկայով փայլեց կլարնետահար Ալեսանդրո Կարբոնարեն, հայ հանդիսականից «կորզելով» բրավոներ եւ բիսեր: Ի դեպ, նա նախօրեին անցկացրել էր վարպետության դասընթացներ:


«Առավոտի» հարցին, թե ի՞նչ տպավորություն են թողել իր վրա մեր երիտասարդ կլարնետահարները, երաժիշտը պատասխանեց. «Այս պահին չեմ հիշում, թե քանի երաժիշտ եմ լսել, բայց նրանցից 4-ը շշմեցրին ինձ: Սա խոսում է ձեր դպրոցի քոլեջների եւ կոնսերվատորիայի բարձր մակարդակի մասին: Ափսոսում եմ, որ նույնիսկ անուն-ազգանուններ չեմ մտաբերում, բայց վստահ եմ, որ նրանց անունը շատ շուտով կշրջանառվի համաշխարհային կատարողական արվեստի լավագույն երաժիշտների ցանկում»: Հետաքրքրությանը, թե ինչպես է հասցնում մեկ համերգաշրջանի ընթացքում ելույթ ունենալ Ռուսաստանում, Ֆիլադելֆիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում եւ այլ երկրներում, Կարբոնարեն հստակ պատասխանեց. «Նախ՝ իմ նպատակն է դասական երաժշտություն տարածել չունեւոր երեխաների շրջանում եւ այս առիթով համագործակցում եմ համաշխարհային դեմքերի՝ Պինկաս Ցուկերմանի, Լանգ Լանգի, Էնրիկո Պիերանունցիի, Ալեքսանդր Լոնքուիչիի եւ այլ անունների հետ: Ծանրաբեռնված գրաֆիկս նաեւ լրացնում են ամառային դասընթացները, ինչը վարում եմ ողջ աշխարհում»: Ընդ որում՝ ՀԱՖՆ-ի ընկերակցությամբ կլարնետահարը կատարեց Մոցարտի Կոնցերտը, որի կատարման համար 2013թ. արժանացել է հեղինակավոր Record Academy Awards մրցանակին:

Իսկ օպերային երգչուհի Էլենի Մաթոսը Ազգային օպերային թատրոնում սեպտեմբերի 14-ին հանդես կգա Վերդիի Ռեքվիեմի՝ մեցցո սոպրանոյի կատարումով: Առաջին անգամ մեր մշակութային կյանքում կհանդիպենք այս մեծակտավ ստեղծագործության ոչ թե համերգային կատարմանը, այլ բեմականացմանը, որի համար Երեւան է հրավիրվել իտալացի ռեժիսոր Պաոլո Միչիկեն: Երգչուհին հանդես կգա Ազգային օպերային թատրոնի նվագախմբի, երգչախմբի (ղեկավար՝ Կարեն Սարգսյան) եւ մեներգիչների հետ:

Երգչուհին մեզ հայտնեց, որ Կոնստանտին Օրբելյանի հետ վաղուց են իրենց մտերմիկ հարաբերությունները, բնականաբար, ինքը քաջատեղյակ է՝ ուր է եկել, բայց առաջին անգամ Երեւանում է Օրբելյանի ղեկավարությամբ հանդես գալու: «Փորձերի ընթացքում ծանոթացա ձեր թատրոնի մեներգիչների արվեստին եւ ռեքվիեմներում, դա կլինի Վերդի, Մոցարտ կամ այլ կոմպոզիտորի, միանշանակ մենակատար հանդիսացող երգչախմբին: Ամեն ինչ հիանալի է, կուզեմ, որ երեւանյան գործընկերներիս անունը նույնպես հոլովվի աշխարհում: Իսկ դրանում ես վստահ եմ, քանի որ այս ամենը ղեկավարում է ինքը՝ Օրբելյանը»,- հայտնեց Էլենի Մաթոսը: Հավելեց նաեւ, որ Վերդիի Ռեքվիեմի մեցցո սորանոյի պարտիայով ինքը նախկինում հանդես է եկել բազմաթիվ նվագախմբերի, այդ թվում՝ Դետրոյթի, Դալասի, Պրահայի, Բոստոնի եւ այլ սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Հավաստիացրեց նաեւ, որ առաջին անգամ Հայաստանում կայանալիք Ռեքվիեմի բեմականացումը հանդիսատեսի կողմից ջերմ կընդունվի…:

Հետաքրքրությանը, թե հունական եւ ամերիկյան ժառանգության շնորհիվ է, որ ժամանակին արժանացել է Մարիա Կալասի հիշատակին նվիրված Ակրոպոլում Վերդիի Ռեքվիեմի կատարմանը, արժանանալով համաշխարհային մամուլի հիացմունքին, երգչուհին ընդամենը հայտնեց. «Հետաքրքիր է, որ ինձ Հունաստանի, Մեքսիկայի ազգային TV-ները, ինչպես նաեւ թագավորական որոշ նվագախմբեր հրավիրում են ոչ միայն Վերդիի Ռեքվիեմում, այլեւ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայում կատարելու մեցցո սոպրանոյի պարտիաները՝ հաշվի առնելով նաեւ զուտ արտաքին տվյալներս: Միամիտ թող չհնչի՝ սա պարադոքս է…, ինչի պատասխանը ինձ նույնպես հետաքրքրում է»:

Կլարնետահար Ալեսանդրո Կարբոնարեն եւ օպերային երգչուհի Էլենի Մաթոսը իրարից անկախ ժպիտով նշեցին, թե գլուխները կորցրած են հայկական ընդունելությունից, ինչի մասին վաղուց լսել էին իրենց գործընկերներից:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

12.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930