Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքվի նկատմամբ ճնշում միշտ է եղել եւ կշարունակվի». «168 ժամ»

Սեպտեմբեր 12,2017 11:50

Ասում է ՌԴ Արեւելագիտության ինստիտուտի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանդր Սկակովը

– Պարոն Սկակով, Ադրբեջանի շուրջ հերթական միջազգային սկանդալն է զարգանում, «Ադրբեջանի լվացքատուն» անվանումով հետաքննություն է իրականացվում։ Ալիևն ամեն ինչի համար մեղադրել է բրիտանական հետախուզությանը։ Ձեր կարծիքով՝ ո՞ւմ է հարկավոր Ադրբեջանի «սանձահարումը», և Բաքուն կարո՞ղ է կրկին «չոր դուրս գալ այս ջրից»։

– Ես չեմ կարծում, որ այժմ իրավիճակը Բաքվի համար ճգնաժամային է։ Այսինքն՝ իրականում չկան այնպիսի նախանշաններ, որ Ադրբեջանի հանդեպ ճնշումները կուժեղանան։ Անկեղծորեն ասած՝ այժմ Ադրբեջանը ոչ մեկին չի

հետաքրքրում։ Բաքվի նկատմամբ ճնշում միշտ է եղել և կշարունակվի, դա անխուսափելի է: Դրա համար Բաքուն պատճառներ միշտ է տալիս, այդ թվում՝ մարդու իրավունքների խախտումները։ Էլ չեմ խոսում Ղարաբաղյան հակամարտության հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքի մասին։ Այսինքն, կրկնեմ, Ադրբեջանի վրա այդ ճնշումը միշտ եղել է և կլինի՝ ուղղակի որպես ազդեցության լծակ։ Եվ վերջ։

– Ամերիկյան սենատոր Դիք Դուրբինն այսօր Սենատի հատկացումների հանձնաժողովի նիստի ժամանակ առաջարկել է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ։ Արդյոք ԱՄՆ-ը կգնա՞ այդ քայլին՝պատժամիջոցներ  սահմանի  և  սառեցնի արևմտյան բանկերում Ալիևի միլիարդները։

– Ես չեմ կարծում, որ այդ մասին հիմա կարող է խոսք լինել, կամ, որ դա այժմ ակտուալ է։ Այսինքն՝ նման առաջարկություններ կարող են հնչել, քննարկվել, սակայն տվյալ դեպքում՝ ոչ մի սենատորի կարծիք ամերիկյան վարչակազմի կամ Թրամփի կարծիքը չէ։ Եվ ես չեմ կարծում, որ այդ տարբերակը կիրականացվի։ Ամեն դեպքում՝ գոնե առայժմ։

– Այսինքն՝ ամերիկյան կողմը որեւէ քայլ չի՞ նախաձեռնի այս սկանդալի հետ կապված։

– Կարծում եմ, որ որևէ էքստրավագանտ քայլ պետք չէ սպասել։

– Բայց գոնե կարելի՞ է հուսալ, որ այս «լվացքատան» արդյունքում Ալիևին կպարտադրեն կարգավորել ԼՂ հակամարտությունը։

– Դա, իհարկե, շատ լավ կլիներ, բայց ես դեռևս նախանշաններ չեմ տեսնում, որոնք կհուշեին այդ մասին։ Այստեղ պետք է լինի միջազգային խոշորագույն խաղացողների միասնական դիրքորոշում, իսկ դա մանանա չէ և երկնքից չի ընկնում, ու նման հարցերը միանգամից չեն որոշվում։ Այսինքն՝ այստեղ անհրաժեշտ է լրջագույն աշխատանք, որ կնախորդի այդ ճնշմանը։

– Բայց Ալիևն ինքն էր հայտարարել, որ իրեն պարտադրում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը։

– Աստված գիտի, թե էլ ինչեր է հայտարարել Ալիևը։ Բայց չէ՞ որ նա չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը։ Հասկանալի է, որ կարող է ինչ-որ ակնարկներ եղած լինեն, օրինակ՝ եթե նա փոխզիջման գնա կարգավորման Կազանյան տարբերակով, ապա հնարավոր է՝ տնտեսական  համագործակցության  ինչ-որ  նախագծեր իրականացվեն, կամ ֆինանսավորման ռեսուրսներ հատկացվեն Ադրբեջանին, և այլն։ Այդպիսի խոստումներ մշտապես տրվում են։ Բայց եթե Ալիևը դրանց ամբողջությամբ չի հավատում, կարծում եմ՝ ճիշտ է անում:

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930