Անցած մեկ տարվա ընթացքում ՀՀ Պետեկամուտների կոմիտեն պետական բյուջէ է հավաքագրել մոտ մեկ տրիլիոն 140 միլիարդ դրամ։
Սա 71 միլիարդով ավելի է, քան 2015 թվականի սեպտեմբերից մինչեւ 2016 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածի նույն ցուցանիշը։ Աճը մոտ 6.6 տոկոս է։ Այսպիսի տվյալներ է ներկայացրել ՊԵԿ-ը մեր հարցմանը ի պատասխան։ Ըստ ՊԵԿ-ի պատասխանի «Ստվերային տնտեսության ծավալների կրճատման ուղղությամբ իրականացվող հետևողական աշխատանքի արդյունքում հաջողվել է 2016 թվականի սեպտեմբերից մինչեւ 2017 թվականի օգոստոս ամիսներին ապահովել 1,139,451.1 մլն. դրամ հարկային եւ մաքսային եկամուտներ (ներառյալ ԱԱՀ վերադարձի գումարը), ինչը շուրջ 6.6 տոկոսով կամ 70,867.1 մլն. դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշը, իսկ նույն ժամանակաշրջանում հարկային եւ մաքսային եկամուտներն առանց ԱԱՀ վերադարձի գումարների կազմել են 1,082,122.6 մլն. դրամ, ինչը շուրջ 6.2 տոկոսով կամ 62,947.0 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշը»։
Ուշագրավ է, որ բացի նրանից, որ ՊեԿ-ը շատ է գումար հավաքում բյուջե, նաեւ ավելի շատ ավելացված արժեքի հարկ է վերադարձնում մասնավորապես արտահանողներին։ «2016 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 2017 թվականի սեպտեմբերի 1-ը ԱԱՀ-ի վերադարձված գումարը կազմել է 57 մլրդ 328.5 մլն. դրամ, ինչը շուրջ 16%-ով կամ 7 մլրդ 920.1 մլն դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշից»։ Նշված է մեր հարցման պատասխանում։
Ըստ այդ պատասխանի՝ էականորեն նվազել են նաեւ գերավճարները. «Հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման արդյունքում կրճատվել է ՀՀ պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին վերաբերող գերավճարները եւ ապառքները, մասնավորապես. 2016 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 2017 թվական սեպտեմբերի 1-ը ՀՀ պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին վերաբերող գերավճարները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 6.401.2 մլն դրամով՝ 2017 թվականի սեպտեմբերի 1-ին կազմելով 265,484.7 մլն դրամ, իսկ չկատարված հարկային պարտավորությունները 2017 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 122,750.0 մլն. դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 7,459.1 մլն. դրամով»։
Մի խոսքով, ինչպես ակնհայտ է դառնում ՊԵԿ-ի պատասխանից, բյուջեի հավաքագրման գործերը, այսպես ասենք, այնքան էլ վատ չեն։ Ինչի արդյունքում է ավելանում հարկերը։ Սա է ամենակարեւոր հարցը։ ՀՀ բնակչության գնողունակության չբարձրացման պայմաններում, օրինակ, մանրածախ առեւտրի ծավալների աճը կարող է խոսել միայն առեւտրի ոլորտում ստվերի կրճատման եւ ոչ թե ծավալների իրական աճի մասին:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում