Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս էլ հո Մալաթիայի շուկան չի, որ մանիպուլյացիաներ անեք». Փաշինյանը՝ Բաբլոյանին, որը կարգազանց պատգամավորներին չպատժեց

Սեպտեմբեր 12,2017 11:30

«Սիստեմատիկ կերպով ՀՀԿ խմբակցության կենտրոնի յարուսի վերջին շարքում 5 հոգով 8 հոգու տեղ քվեարկում են»,- այսօր ԱԺ-ում օրենքների նախագծերի քվեարկության ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ ԱԺ աշխատակարգով կա հստակ սահմանված դրույթ. «Վերականգնեք քվեարկությունների պատկերը, պարզեք, թե ով է քվեարկում ուրիշի փոխարեն եւ կիրառեք համապատասխան միջոցներ»,- ասաց Փաշինյանը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պատգամավորներին հորդորեց չխախտել կարգը եւ հուշեց, որ ամեն պատգամավոր քվեարկում է իր համար, ուրիշի համար չի կարելի քվեարկել:

Նա որեւէ քայլ չձեռնարկեց, ինչը բարկացրեց Փաշինյանին:

Վերջինս արձանագրեց, որ Բաբլոյանը չկատարեց քվեարկության պատկերը վերականգնելու պահանջը, որը կանոնակարգով է նախատեսվում. «Բացակա պատգամավորների գրանցումը չեղյալ համարեք, նրանց փոխարեն գրանցվել են: Ոչ թե հորդորով, այլ սահմանված կարգով էդ կարգուկանոնը հաստատեք: Ի՞նչ ա նշանակում հանրության, բոլորիս աչքի առաջ… էս էլ հո Մալաթիայի շուկան չի, որ մանիպուլյացիաներ անեք»:

Հիշեցնենք, որ նախորդ գումարման ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի, Ռուբիկ Հակոբյանի, Թեւան Պողոսյանի հեղինակած օրինագծով ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարվեցին եւ սահմանվեց, որ ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորները կհամարվեն կարգազանց: Նիստը վարողը նրանց նկատմամբ պետք է կարգապահական միջոցներ ձեռնարկեր, այն է՝ զգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակելով, խոսափողի անջատում, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում, հեռացում դահլիճից  մինչեւ տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից եւ այլն: Մինչդեռ Արա Բաբլոյանը սրանցից որեւէ մեկը չարեց:

Նա ընդամենն ասաց, որ այսուհետեւ ուշադիր կլինեն. «Շնորհակալ եմ, որ դուք հուշեցիք, որ այսուհետ պետք է ավելի հստակ ուշադիր լինել այս հարցի շուրջ»:

«Ելքի» պատգամավոր Արարատ Միրզոյանն ասաց, որ նման հորդորներ էլի են լսել: Նա Բաբլոյանին հարցրեց՝ երաշխավորո՞ւմ եք, որ չի կրկնվի: Բաբլոյանը երաշխավորեց, որ քվեարկության պատկերը ամեն անգամ մի քանի վայրկյան ավելի կպահվի էկրանին, որ հաշվեն եւ հավաստիանան՝ բոլոր քվեարկողները ներկա՞ են, թե՞ տեղի  ունեցել ուրիշի փոխարեն քվեարկություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930