Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ելքի» նախաձեռնությունը՝ Ելից սկիզբ

Սեպտեմբեր 12,2017 22:00

«Դու նրանց ու նրանց չաստուածների հետ ուխտ չդնես»: Ելք 23:32

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցությունն ընդունեց որոշում օրենսդրական նախաձեռնության կարգով «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության Պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ ներկայացնելու վերաբերյալ:

Ընտրություններից մի քանի ամիս անց այդ դաշինքը կազմող երեք կուսակցությունները, ի պատիվ նրանց, վեր կանգնեցին այն տարաձայնություններից, որոնք գարնանը թույլ չտվեցին նույն ձեւակերպումներով, նույն գաղափարով միասնականորեն հանդես գալ: Ընդունված որոշումը վկայում է, որ դա արդեն անցյալում է, եւ թե՛ դաշինքի, թե՛ հայկական քաղաքականության համար նոր ժամանակաշրջան է մեկնարկել:

Կասկած չկա, որ իշխանությունը բարձրաձայնելուն արժանի որեւէ ռացիոնալ բացատրություն չունի, թե ինչ գործ ունի Հայաստանն այդ, այսպես կոչված, «միության» մեջ, երբ ակնհայտ է, որ այնտեղ գտնվելու յուրաքանչյուր օրը քամում, հյուծում եւ քամուն է տալիս Հայաստանը:

Կասկած չկա, որ այդ որոշման հակառակորդները մանիպուլյացիայից, բյուրոկրատական լծակներից եւ քաղաքական շանտաժից բացի՝ այլ գործիք չունեն, եւ նրանց այդ հարցում «օգնության ձեռք» կմեկնեն ռուսական պրոպագանդայի խոսափողները, եւ արդեն մեկնել են՝ ասենք, «սպառնալով» դուրս բերել իրենց ռազմակայանը Հայաստանից:

Իհարկե, մենք «խիստ վախեցանք» դրանից, «կվախենանք» նաեւ «Գազպրոմի» եւ «Ռոսնեֆտի» գնալուց, առանձնահատուկ «կվախենանք» Իրանի հետ սահմանին կանգնած եւ «Զվարթնոց» օդակայանի անձնագրային հսկողությունից ռուս սահմանապահների հեռանալուց, «կվախենանք» ռուսների հետ «միացյալ զորախմբերը» վերացնելուց, հաստատապես «կվախենանք» Սիբիրից եկող գազը կտրելուց, Պուտինի ընկեր Սեչինի մազութախառն մենաշնորհային բենզինից զրկվելուց եւ մի քանի այլ բաներից էլ այսպես շարունակ «կվախենանք»:

«Կվախենանք» նաեւ, որ հանկարծ հայ ժողովրդին չմեղադրեն «ռուսատյացության» մեջ, եւ կասկած չկա, որ ռուսական պրոպագանդան կուղղի իր այդ «ռուսատյացության» սլաքներն ընդդեմ հայության: Իրականում մենք վաղուց հոգնել ենք այդ՝ Հ. Թումանյանի հիմար կկվի վախերից: Միակ բանը, որից պետք է իրոք վախենալ, դա այս ինքնախաբեության շարունակությունն է:

Իսկ Արցա՞խը՝ կհարցնեք: Իսկ մտածե՞լ եք, թե իսկ ի՞նչ կարող է անել իր բախտը չտնօրինող, Մոսկվայի ողորմածությանը հանձնված Հայաստանը: Կասեք. «բա մեր քաջ զինվորը…», կասկած չկա՛ եւ չի՛ կարող լինել մեր զինվորի քաջության վերաբերյալ, սակայն մեր զինվորը քաղաքական մեղքերի քավության նոխազ սարքելու բարոյական իրավունքը տրված չէ՛ ոչ մեկին, եւ ձեր «դաշնակցի բիզնեսի» կամ «ազդեցության պահպանման» համար մեր զինվորը մատաղացու չէ՛:

Ձեր «դաշնակիցն» այլեւս ուղիղ տեքստով է խոսում՝ առանց կարմրելու: Ադրբեջանի պետության ղեկավարությունը, որը պետականորեն միլիարդավոր փողեր է «լվանում», այդ ռեժիմը ձեռք է բերել կազմակերպված հանցավոր խմբավորմանը բնորոշ բոլոր հատկանիշները, եւ ձեր «դաշնակիցը» համարում է, որ դա «հարված է Ռուսաստանին եւ նրա դաշնակիցներին»: Իսկ Հայաստանի իշխանության ներկայացուցիչն ասում է դրան ի պատասխան, որ Ադրբեջանի ներգրավումը ԵՏՄ-ում «կնվազեցնի պատերազմի հավանականությունը»… Հազիվ թե այդքա՜ն միամիտ լինեն, ըստ ամենայնի, հույսը դրել են նրա վրա, որ այդ ներգրավմանը կխոչընդոտի ինչ-որ մի բան Մոսկվա-Բաքու հարաբերություններում, կամ Թուրքիան…

… Խորհրդային միությունում երբ 1988-ի փետրվարին սկսվեց Ղարաբաղյան շարժումը՝ «Լենին-պարտիա-Գորբաչով» կարգախոսով, շատերին թվում էր, թե Մոսկվան դրանից հուզված՝ հարգելու է հայերի խնդրանքը եւ բավարարելու է քաղաքակիրթ ձեւով պետությանը հասցեագրված միջնորդությունը Ղարաբաղի վերաբերյալ: Օրեր անց ստացանք Սումգայիթ, հետո Կիրովաբադ եւ Բաքու, հետո «Կոլցո» օպերացիա, հետո լայնածավալ պատերազմ, հետո… հայտնի է: Հայտնի է նաեւ, որ «դեմոկրատական» Ռուսաստանն էլ հարցի լուծում չէր, չնայած բազմաթիվ էին անկեղծ ռուս իդեալիստները, որոնց համակրանքը հայերի եւ Հայաստանի կողմն էր: Բայց եւ նույն այդ «դեմոկրատական» Ռուսաստանի բանակն էր, որ 1992-ի ամռանը Գյանջայից հարձակվեց Արցախի վրա եւ հայաթափեց Շահումյանն ու Մարտակերտը: Եվ այդ նույն «դեմոկրատական» Ռուսաստանում էր, որ իշխանությունն ուզուրպացվեց 90-ականների վերջին չեկիստների եւ բանդիտների «անխախտ դաշինքի» կողմից, որը հետագայում նավթի գերշահույթներից հարբած՝ կարծեց, թե ժամանակն է «հետ հավաքել» փլուզված կայսրությունը…

Այսօր Ռուսաստանը վերածվել է կիսասովետի եւ ձգտում է թեկուզ ի վնաս իրեն վերականգնել իր չարաբաստիկ «ազդեցությունն» այնքան հեռու, որքան կարող է, տղաների սիրտը նոր «Յալթա-Պոտսդամ» է ուզում, որով կօրինականացնեն իրենց «ազդեցության գոտին» եւ Արեւմուտքի հետ «հավասարության սկզբունքով» կկիսեն Աշխարհը: Եվ, ինչպես տեսնում ենք, միջոցների մեջ որեւէ խտրականություն չեն դնում. Մոսկվան վերադարձել է իր՝ «արցունքներին չհավատալու» ավանդական վիճակին եւ մեզ մարտահրավեր է նետում, եւ ոչ միայն մեզ:

80-ականների վերջից պարզ դարձավ, որ հայության անվտանգության ապահովումն անհամատեղելի է կայսրության ներկայության հետ, եւ որ Հայաստանի եւ Արցախի անկախությունն այլընտրանք չունի: Կյանքը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը ժամանակին ընդունեց միակ ճիշտ որոշումը: Այլ հարց է, թե հետո ինչ տեղի ունեցավ այդ անկախության հետ, ինչպես եւ ինչու թույլ տվեցինք, որ այն դրվի վաճառքի…

Այո՛, այսօր Հայաստանի անկախությունը եւ ինքնիշխանությունը սահմանափակված է, եւ միակ սահմանափակողը Ռուսաստանի Դաշնությունն է: Հարցը միայն ԵՏՄ-ն չէ, այլ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ողջ համալիրը, որը պետք է վերաբանակցվի, պայմանագրային բազան վերանայվի եւ վերակնքվի, որտեղից պետք է դուրս բերվեն բոլոր դրույթները, որոնք սահմանափակում են անկախությունը, ինքնիշխանությունը, աշխարհի հետ մեր շահերից բխող հարաբերություններ կառուցելու եւ հաստատելու ազատությունը:

Ի վերջո, ռուսասիրությունն այն չէ, երբ Մոսկվային հրավիրում ես գլխիդ նստելու, ինչպես նաեւ ռուսատյացություն չէ, երբ հրաժարվում ես, որ գլուխդ Մոսկվան վերածի նստարանի: Խոսքը քաղաքակիրթ հարաբերությունների մասին է, որին Մոսկվան Հայաստանի պարագայում սովոր չէ, եւ դա արդեն Մոսկվայի խնդիրն է, այլ ոչ թե մեր:

«Ելքի» այս նախաձեռնությունը նաեւ սկիզբ է դնում մի յուրովի «Ելից շարժման»՝ որպես առաջին քայլ, որպեսզի վերացվի այն աննորմալ իրավիճակը, երբ մոտ երկու միլիոն մեր հայրենակից մնում են Մոսկվայի պատանդ հենց Ռուսաստանի տարածքում՝ առանց որեւէ ապագայի: Եվ Ռուսաստանի հայերի ձեռքին քանի փող կա, այն չպետք է ծախսվի, ասենք, Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի, «Արարատ» հյուրանոցների-ռեստորանների կամ այլ նմանատիպ անիմաստ եւ անպտուղ բաների վրա, այլ միայն եւ միայն Մեծ հայրենադարձության, Մեծ ելքի, Հայրենիքից զրկված մարդկանց տուն վերադարձնելու վրա: Եվ ժամանակն է հասկանալ, որ ազգի գոյությունը պայմանավորված է պետականությամբ, այլ ոչ թե «տանիքով», փողով կամ «թափով տղերքով», եւ որ քաղաքականությունը լինում է ոչ թե համայնքում, եկեղեցում, «հզոր լոբբիում» կամ աշխարհի ցաքուցրիվ «գետտոներում», այլ պետության մեջ, հանրային եւ պետական շահից բխող, հանուն պետության եւ հանրության: Տարիներ առաջ Կ. Պոլսի, Բեյրութի, Բաքվի, Բաղդադի, Դոնեցկի, Մոսուլի կամ Հալեպի հայ տղերքը պակաս «թափով» չէին, ոչ էլ պակաս փող ունեին կամ «տանիք», եւ այսօրվա Ռուսաստանը, ցավոք, չի կարող չշարունակել այս ցուցակը…

Սա քմահաճույք չէ, այլ հրամայական, եւ հարցը «Ելք» դաշինքը չէ, այլ բոլորիս Ելքը: Սա մե՛ր պետությունն է, սա՛ է մեր պետությունը, եւ մե՛նք ենք մեր պետության տերն ու պատասխանատուն: Պետք է ազատել պետությունը կապանքներից, եւ Ազատ Հայաստանի Հանրապետությունն է միակ տեղը, որտեղ անորոշության մեջ խորասուզվող աշխարհում փրկություն կգտնեն հայերը:

«…Ինչպէ՜ս զատուեց ու նստեց մենաւորիկ՝ քաղաքը բազմամարդ, տրտմութեամբ լցուած որբեւայրի մի կին դարձաւ հեթանոսների մէջ. երկրի իշխանը հարկատու դարձաւ» (Ողբ 1:1):

 

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

12.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930