Իտալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող դահուկավազքի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Միքայել Միքայելյանն ու Մարիամ Միքայելյանը Տրենտո քաղաքում մասնակցել են անվադահուկների Մ 20 տարեկանների աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլին:
Առաջին օրը դահուկավազորդները մրցել են 4.7 կմ դասական ոճ մրցաձեւում: Միքայել Միքայելյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ Մարիամ Միքայելյանը՝ 10-րդը: Հաջորդ օրը 6.9 կմ ազատ ոճ մրցաձեւում Միքայելը եզրագիծը հատել է 9-րդը, Մարիամը՝ 14-րդը:
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի խոսքերով մարզիկների առջեւ մրցանակային տեղ զբաղեցնելու խնդիր դրված չէր. «Սա ստուգողական մրցաշար էր նրանց համար: Մեր թիմը մրցավայրից ոչ հեռու ուսումնամարզական հավաք էր անցկացնում եւ որոշեցինք մրցաշարին մասնակցելու առիթը բաց չթողնել: Գոհ ենք նրանց կատարած աշխատանքից»,- նշել է Գագիկ Սարգսյանը:
Անվադահուկների աշխարհի գավաթի խաղարկությունն օլիմպիական խաղերի համար վարկանիշային էր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ