Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բալասանյանի՝ բյուջեի հաշվին տորթ պատիվ տալը բարդացավ․ ԲՀԿ-ն նույնպես դադարեցրեց բոյկոտը

Սեպտեմբեր 11,2017 21:54

Ամառային արձակուրդից հետո վաղը տեղի կունենա Գյումրու ավագանու հերթական նիստը։ Այն կտարբերվի նրանով, որ ներկա կլինեն մեկ տարի շարունակ բոյկոտող ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀՎԿ-ի ու ԳԱԼԱ-ի ընտրված ավագանու անդամները։ Նշենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու անդամները վերջին նիստին արդեն իսկ ներկայացել էին։ ԳԱԼԱ-ն նույնպես հայտարարել է իր մասնակցության մասին, ԲՀԿ-ն ևս դադարեցնելու է իր բոյկոտը։

Aravot.am-ը Գյումրու ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող, այժմ արդեն Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Վարդևան Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ԲՀԿ-ին համոզեցի՞ն մասնակցել ավագանու նիստերին, թե՞ իրենք փոշմանեցին ու որոշեցին մասնակցել։ «Ո՛չ փոշմանել ենք, ո՛չ էլ համոզել են մեզ, ոչ էլ կարող են համոզել, ուղղակի ընտրություններից հետո երեք կուսակցություններ՝ մենք՝ ԲՀԿ-ն, ԳԱԼԱ-ն ու «Հայկական վերածնունդ»-ը համաձայնագիր ստորագրեցինք, որ համաձայն չենք ընտրությունների արդյունքների հետ և բողոքարկեցինք արդյունքները։

Այդ համաձայնագրում նշվում էր, որ մենք կբողոքարկենք մինչև Սահմանադրական դատարան, և դատական ատյանների որոշումներից հետո նոր որոշում կընդունենք, թե ինչ ենք անելու։ Ամենավերջին որոշումը կայացրեց Սահմանադրական դատարանը․ թողեց նույնը ընտրությունների արդյունքները, դրանից հետո արդեն բոլոր 3 կուսակցություններն էլ իրենց իրավունք են վերապահում որոշելու ավագանու նիստերին մասնակցելու-չմասնակցելու հարցը։ Սկզբում մասնակցելու որոշում կայացրեց «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, հետո՝ ԳԱԼԱ-ն, երրորդը՝ մենք ենք կայացրել։ Այսինքն Սահմանադրական դատարանի որոշումից հետո էդ որոշումը կայացրել ենք»,- ասաց Վարդևան Գրիգորյանը։

Նա ասաց, որ համագործակցելու են մյուս կուսակցությունների հետ այն հարցերում, որոնք կապված են Գյումրիի ազգաբնակչության շահերի հետ։ Մեր դիտարկմանը, թե մյուս երկու կուսակցությունների հետ կա՞ համաձայնություն համագործակցության, թե՞ ուղղակի մտադրություն է սա, Վարդևան Գրիգորյանն ասաց․«Մտադրություն կա, նախնական որոշակի խոսակցություններ եղել են, հետագայում աշխատանքները ցույց կտան,թե ինչ ձևաչափով մենք ավագանու նիստերին կմասնակցենք, կաշխատենք»։

Մեր հարցին՝ դուք ընդդիմությո՞ւն եք լինելու «Բալասանյան դաշինքին», Վարդևան Գրիգորյանն ասաց․«Միանշանակ»։ Aravot.am-ի դիտարկմանը, թե 3 կուսակցությունների ավագանու անդամների թվաքանակը զիջում է «Բալասանյան դաշինքի» անդամներին, կհաջողվի՞ որոշումներ կայացնելիս վճռական դերակատարություն ունենալ, մեր զրուցակիցն ասաց․«Այո, 16-17 հարաբերակցություն է, ճիշտ է՝ մյուս կուսակցությունների հետ դեռևս չկա նման պայմանավորվածություն կամ հուշագիր, որ մենք միասին ենք գործելու, բայց «Բարգավաճ Հայաստան»-ի ավագանու անդամները լինելու են ընդդիմություն»։

Կհաջողվի՞ ձեզ քաղաքային բյուջեի անարդյունավետ օգտագործումը, չարաշահումները կանխել, օրինակ՝ հայտնի դարձավ, որ Սամվել Բալասանյանը քաղաքային բյուջեից մարտի 8-ին մոտ 2,84 մլն դրամ է ծախսել տորթ ու շամպայն գնելու համար, ընդ որում տորթերը գնվել են Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող «Անուշարան» հրուշակեղենի ֆաբրիկայից մեր զրուցակիցն ասաց․ «Չեմ կասկածում․ մեր ավագանու անդամները շատ մարտական են տրամադրված, եթե գնում են աշխատելու, գնում են աշխատելու՝ ի շահ քաղաքի, ի շահ ազգաբնակչության։ Իսկ նման ոտնձգությունները բյուջեի հետ կապված, կարծում եմ իրենք անպայման կկարողանան կանխել, եթե առաջիկայում լինեն, իսկ եթե եղել է, անպայման հետամուտ կլինեն օբյեկտիվությունը բացահայտելու համար»։

ԲՀԿ խմբակցության ղեկավարը կլինի ԲՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Բադեյանը, քարտուղարը Սուսաննա Աստոյանն է։ «Մենք ժողովրդի ձայներով պիտի ունենայինք ավագանու 9 անդամներ, բայց բանաձևի , կրկնակի բոնուսի արդյունքում մեր մի ձայնը վերցրեցին, տվեցին «Բալասանյան դաշինքին։ Կանցնենք աշխույժ գործունեության, նախնական խոսակցություն եղել է, նույն տրամադրվածությամբ գնում է նաև ԳԱԼԱ-ն։ «Հայկական վերածննդի» հետ չի եղել խոսակցություն։ Բոլոր հանձնաժողովերում մենք, անպայման, կունենանք անդամներ»,- ասաց Վարդևան Գրիգորյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930