Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն այսօր ԱԺ-ի քննարկմանը ներկայացրեց «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի նախագիծը, որը, իր խոսքերով՝ շատ «նավսած» օրենք է, 10 տարի է՝ չարչարվում են օրենքի վրա:
Նարեկ Սարգսյանն ասաց, որ նախագծով պարտադիր պահանջներ են սահմանված ճարտարապետների համար, Ճարտարապետների պալատի անդամ համարվելու համար, նրանք պետք է ունենան համապատասխան որակավորում: Ստեղծվում են որակավորման հանձնաժողովներ, ստեղծվում է էթիկայի հանձնաժողով:
«Ելքի» պատգամավոր Արտավազդ Միրզոյանը հարցրեց՝ չարտոնագրված ճարտարապետները կարո՞ղ են գործունեություն իրականացնել, թե՞ նրանց կարգելվի, նախագծից պարզ չէ: Իսկ օտարերկրյա մասնագետների հետ կապված ո՞նց է լինելու: Օտարերկրյա հայտնի ճարտարապետ կարող է գալ այստեղ, ուզենա շենք կառուցի, նա ստիպված է լինելու քննություն հանձնել ու արտոնագի՞ր ստանալ:
Նարեկ Սարգսյանը պատասխանեց, որ ՀՀ-ում գործունեություն իրականացնելու համար արտոնագիր ունենալը պարտադիր չէ: Չի պարտադրվի նաեւ, որ նա լինի պալատի անդամ: Ինչ վերաբերում է օտարերկրյա մասնագետներին, նրանք պետք է ներկայացնեն իրենց երկրում ստացած համապատասխան արտոնագրի փաստաթուղթը, այն կընդունի պալատը:
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվեց՝ մեր արտոնագիրը այսպես ասած «անցնո՞ւմ է» ՌԴ-ում, մեր ճարտարապետները կարո՞ղ են իրենց ստացած արտոնագրով այնտեղ գործունեություն ծավալել: Նարեկ Սարգսյանը պատասխանեց, որ քաղաքաշինության ոլորտում ՌԴ-ի հետ պայմանագիր ունենք, բայց կոնկրետ այդ հարցի հետ կապված պետք է ճշտի, նոր ասի. «Մի բան կարող եմ ասել՝ այս օրենքին հետեւում են մեր գործընկերները ԽՍՀՄ նախկին տարածքում»:
Էնֆիաջյանը նաեւ հարցրեց՝ ի՞նչ երաշխիք կա, որ ոչ բավարար գիտելիքներ ունեցող ճարտարապետները կոռուպցիոն գործարքի կգնան եւ այդ արտոնագրերը կստանան:
Նարեկ Սարգսյանը պատասխանեց, որ ճարտարապետները իրար հնարավորությունները գերազանց ճանաչում են: 500-ից ավելի ճարտարապետ կա, իսկ նախագծող ճարտարապետները ընդամենը 200-ն են:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցրեց, թե ի՞նչ կարծիք ունեք ստեղծագործական տարբեր միությունների մասին, աշխարհում չկա նման բան, որ այդ միությունը տարածքները տա վարձակալության, պարզապես կոմպոզիտորների, գրողների սոցիալական հարցերը այդ գումարով լուծելու համար:
Նարեկ Սարգսյանը պատասխանեց. «Ես ինձ թույլ մարդ չեմ համարում, բայց հիմա իմ քաջությունը չի բավարարի, որ անկեղծ ասեմ, թե ես ինչ եմ մտածում միությունների մասին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ