Ինչպես հայտնել ենք, ԱԺ նիստում այսօր «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հորդորել էր կառավարությանը օրենքի նախագիծ բերել, որով զսպաշապիկ կհագցնեն ոչ հիգիենիկ արտաքինով զբոսաշրջիկներին: Նրան մտահոգել էր այն, որ երեկոյան ժամերին Երեւանում փնթի արտաքինով զբոսաշրջիկներ են դեգերում եւ պատգամավորը ենթադրում է, որ այդ նույն տուրիստները արդեն գիշերը կփորձեն իրենց ցանկությունների բավարարմամբ զբաղվել, այն էլ՝ մեր աղջիկների հաշվին:
ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը արձագանքեց Գեւորգ Պետրոսյանի հայտարարությանը՝ նրա ձեւակերպմամբ՝ գիշերային թիթեռնիկների չսափրվածների հետ կապված. «Շատ լայն ինֆորմացիա էր: Ես տեղյակ չէի ճիշտն ասած, բայց կարծում եմ, որ առողջապահության նախարարությունը դրանով չպետք է զբաղվի, ինչքան հասկանում եմ: Եթե մարդիկ հանցագործություն չեն կատարում, ուզում են չսափրված լինեն, ուզում են սափրված լինեն՝ նրանք տուրիստ են եւ կարող են գիշերը ման գալ, ցերեկը ման գալ: Հիմա դա ձեզ ինչու է շատ մտահոգում, պարոն Պետրոսյան, ես չգիտեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ