Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սարի թաղի ցուցարար Հրաչյա Բոյաջյանի գործով դիմում է ներկայացվել Ստրասբուրգի դատարան

Սեպտեմբեր 11,2017 17:15

Սարի թաղի ցուցարար Հրաչյա Բոյաջյանին անօրինական կալանավորելու և կալանքի տակ պահելու հարցով նրա պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը 2017 թ. մայիսի 30-ին գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դրա հիմքում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված ազատության և անձնական անձեռնմխելիության (5-րդ հոդված), հավաքների և միավորման ազատության (11-րդ հոդված), ինչպես նաև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի (13-րդ հոդված) իրավունքների խախտումներն են: Հրաչյա Բոյաջյանը կալանքի տակ է գտնվում 2016 թ. սեպտեմբերից և մեղադրվում է 2016 թ. հուլիսի 19-ին Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցին հարող տարածքում ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:

Հիշեցնենք՝ Հրաչյա Բոյաջյանը, ի թիվս Սարի թաղի այլ բնակիչների, փողոց է դուրս եկել իրենց բնակավայրի գազի, ջրի, էլեկտրաէներգիայի մատակարարման ու երթուղային տրանսպորտի աշխատանքի դադարեցման պատճառով և ոստիկանների կողմից զենքի ցուցադրաբար գործադրումից և հայհոյանքներ հնչեցնելուց անակնկալի գալով և վիրավորանք զգալով՝ սկսել է քարեր նետել նրանց ուղղությամբ: Այս գործով դեռևս դատավճիռ չի կայացվել: Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հերթական դատական նիստը նշանակված է 2017 թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ին: Նրան սպառնում է 5-10 տարվա ազատազրկում: ՄԻԵԴ ներկայացրած գանգատով Հրաչյա Բոյաջյանի պաշտպանը հիմնավորումներ է ներկայացրել այն մասին, որ նրա գործողությունները իշխանության ներկայացուցչի դեմ ուղղված չեն եղել, դրանց ոչ ճիշտ ու անհիմն իրավական գնահատական է տրվել, և նա կալանքի տակ է պահվում առանց օրինական հիմքերի:

Ա. Զալյանը նշել է, որ Հր. Բոյաջյանին մեղսագրվող հանցագործության հետ նրա ունեցած առնչությունը ապացուցող փաստեր և տեղեկություններ առկա չեն, կալանքի տակ պահելու դատարանի որոշման հիմքում բացառապես ոստիկանների ցուցմունքներն են, ընդ որում՝ դրանք Հր. Բոյաջյանին մեղսագրվող արարքի վերաբերյալ տեղեկություններ չեն պարունակում: Բացի դրանից՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս դատարանը հաշվի չի առել նրա խնամքի տակ գտնվող անձանց հանգամանքը և ընտանիքի կենսապայմանները: Իսկ խափանման միջոցը փոփոխելու հարցով Հր. Բոյաջյանի պաշտպանի դիմումները մերժել է ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանը: ՀՀ Վճռաբեկ դատարանն էլ բողոքը վարույթ չի ընդունել: Գանգատում շեշտվել է, որ տեղի ունեցածը Հրաչյա Բոյաջյանի՝ հավաքների ազատության նկատմամբ միջամտություն է, և հասարակության մեջ վախի մթնոլորտ ստեղծելու նպատակ է հետապնդում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է դիմումի ստացումը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930