Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե «Ելք» դաշինքն այդքան անկեղծ է, թող պահանջի Պանթեոնից Անդրանիկ Մարգարյանի արձանը հեռացնել. Ավետիք Իշխանյան

Սեպտեմբեր 11,2017 17:03

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հայ-ռուսական հարաբերություններում հատուկ զարգացում չի տեսնում: «Հոդված 3» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Իսկանդարյանը հավելեց. «Հայ-ռուսական հարաբերությունները վերջին տասը տարում չեն փոխվել: Մեզ Եվրոպան կասկածում է, որ ավելի կողմնորոշված ենք դեպի Ռուսաստան, Ռուսաստանն էլ կասկածում է դեպի արևմուտք կողմնորոշվածության մեջ: Եղել է սերնդափոխություն. դա արտահայտվում է տարբեր ձևերով, օրինակ՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին, ինչ-որ ռուս չինովնիկների հայտարարություններին արձագանքելով։ Այս «մեդիա-պղպջակը» նոր թրենդ է, և Ռուսաստանի ռեալ քաղաքականության հետ քիչ կապ ունի»:

Ըստ պարոն Իսկանդարյանի`ներկայիս Ռուսաստանի կերպար հայ հասարակության մեջ գոյություն չունի, այլ դեռ շարունակում է ապրել խորհրդային Ռուսաստանի կերպարը. փոխելով Կասյան փողոցի անունը` մեզանում մտածում են, թե մենք ինչ-որ վատ բան ենք անում ներկայիս Ռուսաստանի դեմ:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հակադարձեց գործընկերոջը` հավաստիացնելով, թե սերնդափոխության խնդիր չէ. «Ասում եք՝ «մեդիա-պղպջակները» կապ չունեն իրական հարաբերությունների հետ, բայց կարծում եմ, որ ցանկացած դաշտ կարող է ներգրավված լինել: Մեդիան երևի այն դաշտն է, որտեղ հայ-ռուսական հարաբերությունները բավականին ադեկվատ են արտացոլվում: Բայց ռուս-հայկական մեդիա հրաձգությունը վերջին շրջանում ինտենսիվ է դարձել»։

Ըստ պարոն Նավասարդյանի` Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, Հայաստանը փողոց է վերանվանում, ինչը ասիմետրիկ պատասխան է, որն արդյունավետ չի կարող լինել. «Դա արդյունավետ կլիներ, եթե երկու պետությունները նույն մակարդակի վրա լինեին, ու համարժեք վնաս հասցնեինք»։

Ազգագրագետ Աղասի Թադևոսյանը նկատեց, որ սերնդափոխությունից ելնելով` հայաստանյան իրականությունը փոխվել է. «Փոխվել է քաղաքակրթական կրթական կենտրոնը: Ռուսաստանի համար էլ քաղաքակրթական կենտրոնը հայտնվեց Արևմուտքում: Ռուսաստանը չկարողացավ պահպանել քաղաքակրթական կենտրոն, ուստի հայկական հասարակության մեջ էլ առաջացան կասկածներ՝ արդյոք Ռուսաստանը կարո՞ղ է դառնալ իր քաղաքակրթական կենտրոնը: Այս պատճառով էլ Ռուսաստանը փորձում է խնդրի լուծման տարբերակներ գտնել»։

Անդրադառնալով փողոցների անվանափոխության շուրջ ծավալվող բանավեճին` Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց, թե ինքն արդեն պատկերացնում է` ինչ են մտածում ռուս պաշտոնյաները նշված նախաձեռնության մասին. «Երևի ասում են՝ հայերն էդ ո՞վ դարձան, որ փողոց անվանափոխեն։ Ես կարծում եմ, որ հիմնական հարցը մեր հոգեբանությունն է։ Ադրբեջանին զենք վաճառելով՝ նրանք ասում են, որ հայերը ոչ մի տեղ չեն կորչի։ Մենք կախվածության մեջ ենք Ռուսաստանից»։

Պարոն Իշխանյանի կարծիքով` ճիշտ կլիներ, որ այդ հարցով ոչ թե ԵԼՔ-ը մի նախաձեռնությամբ զբաղվեր, այլ դա աներ հանձնաժողովը. «Ես ինքս այլախոհական ընտանիքից եմ եղել, կոմունիստական ամեն ինչին դեմ եմ եղել, բայց Մյասնիկյանը, Խանջյանն ինչ-որ գաղափարին նվիրված մարդիկ են եղել։ Ես միշտ զարմացել եմ, թե այդպիսի հանճարեղ մարդիկ՝ Տերյանն ու Չարենցը, ո՞նց են դարձել բոլշևիկ։ Եթե «Ելք» դաշինքն այդքան անկեղծ է, թող պահանջի Պանթեոնից Անդրանիկ Մարգարյանի արձանը հեռացնել, ոչ թե միայն փողոցներ անվանափոխել։ Ես չգիտեմ՝ նա ինչ է արել Հայաստանի համար»։

Անդրադառնալով ԵԼՔ-ի` ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանը`պարոն Իշխանյանն ասաց, թե չի կարծում, որ ԵԼՔ-ն այդքան միամիտ է և կարծում է, թե այս հարցում մեծամասնություն կարող է ապահովել, բայց, այնուամենայնիվ, ընթացակարգ սկսելն արդեն հետաքրքիր է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930