Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սվիտալսկի. «Եվրոպական սպառողը շատ է կորցնում, երբ նրան հասանելի չէ հայկական արտադրությունը» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 11,2017 16:50

«Համոզված եմ, Եվրամիությունը հանձն կառնի աջակցել հայ ֆերմերներին, հայ ժողովրդին, գյուղատնտեսության նախարարությանը օրգանական գյուղատնտեսության զարգացման ճանապարհով ճիշտ անցնելիս»,-այս մասին այսօր ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ օրգանական գյուղատնտեսության վերաբերյալ հրավիրված միջոցառման ժամանակ: Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ, համաֆինանսավորումը՝ ավստրիական զարգացման գործակալության:

Դեսպան Սվիտալսկիի կարծիքով՝ օրգանական գյուղմթերքների համար պետք է գտնել նոր շուկաներ. «Սա ամենաբարդն է, շատ բարձր է մրցունակությունը: Բայց համոզված եմ՝ ԵՄ-ում հայկական արտադրանքն էլ ավելի տեսանելի կլինի, որովհետեւ ե՛ւ լավն է, ե՛ւ համեղ է, ես ամեն օր համոզվում եմ դրանում: Համոզված եմ՝ եվրոպական սպառողը շատ է կորցնում, երբ նրան հասանելի չէ հայկական արտադրությունը»:

Միջոցառման ժամանակ «Ֆերմերային շարժում» կազմակերպության ղեկավար Սարգիս Սեդրակյանը դեսպան Սվիտալսկուց հետաքրքրվեց՝ այսօր Հայաստանից շատ գյուղացիներ թողնում , գնում են, անկախ նրանից, որ նոր փոփոխություններ են լինելու, որոշակի աջակցություն է արվում, ԵՄ-ն էլ ի՞նչ ծրագրեր է նախատեսում, որպեսզի գյուղացիները չլքեն գյուղը:

Թեեւ հարցն ուղղված էր դեսպանին, բայց պատասխանեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, որը հիշեցրեց՝ գյուղատնտեսության ոլորտը գերակա ճյուղ է հայտարարված. «Նոր ծրագրերը, որոնք միտված են զարգացնել ոլորտը, թույլ կտան 2-3 տարվա ընթացքում Հայաստանում ունենալ ավելի շատ գործունյա գյուղատնտեսություն»:

Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա նախարարն ասաց. «Խորհրդային տարիներին էլ մարդիկ գնում էին արտագնա աշխատանքի եւ վերադառնում էին. «Ես համոզված եմ, որ այս բոլոր ծրագրերը, որ իրականացվում են, կբերեն նրան, երբ նրանց հետաքրքիր կլինի աշխատել Հայաստանում, վաստակել այնքան գումար, ինչքան այսօր վաստակում են արտագնա աշխատանքի ժամանակ: Այս պահին եթե հնարավորություն կա դրսում ավելի շատ փող աշխատել եւ օգնել բարեկամներին…դա միշտ եղել է»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նշենք, որ օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն ծրագիրը մեկնարկել է 2015 թվականի սեպտեմբերին, ծրագրի բյուջեն 3.3 միլիոն եվրո է:

Այս ծրագրի միջոցով ֆերմերներն աջակցություն են ստանում բացառապես օրգանական գյուղմթերք արտադրելու համար: Այսօր հայտարարվեց «օրգանական սեպտեմբեր» ամիսը, որի ընթացքում տարբեր միջոցառումների ժամանակ կցուցադրվեն ԵՄ աջակցությամբ հայ ֆերմերների օրգանական գյուղատնտեսական արտադրանքները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930