Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանն ԱԺ-ում հիշեց «Սասունցի Դավիթ» էպոսը, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը արձագանքեց՝ «Մենք Դավիթը չենք» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 11,2017 16:27

ԱԺ նիստում քննարկվում է կառավարության մի նախագիծ, որով առաջարկվում է գենետիկ ինժեներիայի գործունեության համար լիցենզավորումը հանվի, այսինքն, այդ բիզնեսի համար բավարարվեն միայն ծանուցելով:

Դեռ հանձնաժողովում այս նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին հարցրել էր՝ ի՞նչ է գենետիկ ինժեներիան, ինչո՞ւ օրենքում չկա սահմանում, իմանանք, թե ինչի հետ գործ ունենք:

Այսօր ԱԺ լիագումար նիստում Փաշինյանը կրկին այդ հարցը բարձրացրեց՝ ի վերջո չե՞ք ասի, թե ինչ է գենետիկ ինժեներիան: ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը պատասխանեց, որ գենետիկ ինժեներիա, քվանտային ֆիզիկա, դրանք լայն հասկացություններ են. «Էնքան մեծ գաղափարներ են, որ բոլորի ձեւակերպման համար չարժե միտք ծախսել»:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում արձագանքեց Հակոբյանին. «Ասում են՝ դե, գիտությունը սահմանել է, էլի, թե ինչ բան է գենետիկ ինժեներիան, հո չենք բռնի մի հատ էլ մենք սահմանենք: Կամ պարոն Հակոբյանն ասում է քվանտային ֆիզիկան հո չենք սահմանի: Բայց տեսեք՝ մի հատ այսպիսի տխուր փաստ արձանագրեմ, օրինակ, ՀՀ օրենսդրությամբ մեծ պարբերությամբ սահմանված է, թե ինչ է անտառը: Բոլորն էլ գիտեն, թե ինչ է անտառը, ավելի պարզ հասկացություն է, քան քվանտային ֆիզիկան եւ գենետիկ ինժեներիան: Բայց օրենսդրությունը սահմանել է՝ անտառ ու գիծ է քաշել, մի երեք պարբերություն գրել, թե ինչ է անտառը: Մեր օրենսդրությունը սահմանել է, թե ինչ է դեղը, պարոն Խաչատրյան, դուք եք հիմնական զեկուցողը եղել, բոլորս գիտենք չէ՞, թե ինչ է դեղը, բա ինչի՞ ենք սահմանել: Մեր օրենսդրությամբ, պատկերացրեք, սահմանված է, թե ինչ է ընդերքը, չգիտե՞նք ինչ է: Սահմանված է, թե ինչ են ջրային ռեսուրսները՝ ահագին մեծ պարբերությունով: Հիմա էլ բավականին մեծ քննարկում է գնում, թե ինչ է հաշմանդամը կամ հաշմանդամություն ունեցող անձը, չգիտե՞նք: Կամ հավաք, հանրահավաք, սահմանված է, չգիտե՞նք ինչ է: Բոլորս էլ գիտենք բանկը ինչ է, բանկային գործունեություն, բայց սահմանել են: Հիմա անտառը սահմանել ենք մեր օրենսդրության մեջ, ասում ենք՝ արա լավ, գենետիկ ինժեներիան ինչ ա, որ մի հատ էլ սահմանենք»:

Փաշինյանը հիշեց «Սասունցի Դավիթ» էպոսը. «Երբ որ Սասունցի Դավթին ասում են՝ առյուծն եկել է, ճամփեն փակել է, ասում ա՝ առյուծն ի՞նչ ա, իմա՞լ առյուծ, ասում են՝ գազանների ջոջն ա առյուծ, ասում ա՝ հեռվի՞ց կուտի, թե՞ մոտենաս ու նոր կուտի: Հիմա ժողովուրդ ջան, եկեք հստակ սահմանենք՝ էս գենետիկ ինժեներիան հեռվի՞ց ա ուտում, թե՞ մոտենում ես, նոր ա ուտում»:

Հակոբ Հակոբյանին հրավիրեցին ամբիոնի մոտ, որ պատմի՝ գենետիկ ինժեներիան իրականում հեռվի՞ց է ուտում: Հակոբյանի պատասխանը հետեւյալն էր. «Մենք էսօր Դավիթը չենք»:

Հակոբ Հակոբյանին օգնության հասավ առողջապահության փոխնախարարը՝ հստակություն մտցնելով. «Գենետիկ ինժեներիան ոչ հեռվից է ուտում, ոչ մոտիկից»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930