Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւակ Խանաղյան. «Ես խարիզմատիկ կանանց եմ սիրում» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 11,2017 15:35

ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ սեպտեմբերի 11-ին ԵՊԼՀ-ում կազմակերպել էր հանդիպում Ուկրաինայի X-factor մրցույթի հաղթող, սիրված երգիչ, երգահան Սևակ Խանաղյանի հետ: Ուսանողները հատուկ պատրաստվել էին, դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: Սեւակ Խանաղյանի ներս մտնելուն պես նրանք երգչի հայտնի երգերից մեկի կրկներգը կատարեցին:

Սեւակ Խանաղյանն ապշել էր նման ընդունելությունից: Նա բեմից իր հեռախոսով նկարում էր երկրպագուներին, դահլիճից էլ ուսանողներն էին նրան նկարում: Սկզբում խաղ կազմակերպվեց. հայերեն նկարագրվում էր Սեւակի որեւէ երգը, այնուհետեւ երգիչը գուշակում էր, թե դա իր ո՞ր երգն է: Նա դահլիճին խնդրեց չհուշել իրեն:

Սեւակ Խանաղյանը ներողություն խնդրեց ռուսերեն խոսելու համար, ասաց, որ գիտի հայերեն, բայց դժվարանում է մտքերը արագ ձեւակերպել: Նաեւ ասաց, որ ուրախ է դահլիճում այդքան աղջիկների տեսնել:

Ուսանողներից մեկը հարցրեց. «Կա՞ն արտահայտություններ, որոնք որոշ իրավիճակներում կդժվարանա բարձրաձայնել»: Ի պատասխան՝ երգիչն ասաց. «Միշտ էլ պատահում է, որ մարդ հայտնվում է այնպիսի իրավիճակներում , որ հաճելի չի լինում որոշ արտահայտություններ անել: Օրինակ, թեկուզ սա` ինչո՞ւ դավաճանեցիր ինձ»:

Հարցին` ո՞ւմ հետ կցանկանար դուետով հանդես գալ, Սեւակ Խանաղյանը պատասխանեց. «Օրինակ, Նիկոլայ Նոսկովի հետ»: Ավելի ուշ նույն հարցը նորից հնչեց: Երգիչն ասաց, որ կան այնպիսի անուններ, որոնց հետ կուզենար դուետ կազմել, բայց ոչ թե կերգեր, այլ ուղղակի բեմի վրա նրանց կողքին կանգնած նրանց կլսեր, նման աստղերի թվում են Սթինգը, Սթիվի Ուանդերը:

 Հարց հնչեց` ինչո՞վ է ինքը տարբերվում ուրիշներից: «Դա ես ձեզ պետք է հարցնեմ, ինչով եմ տարբերվում ուրիշներից…Ես միայն մի բան գիտեմ` ես ասում եմ այն, ինչ ուզում եմ եւ միշտ անկեղծ եմ»,-պատասխանեց արտիստը:

Իսկ ինչպե՞ս է հաղթահարում վայրէջքները եւ ինչպես է վերաբերվում վերելքներին: «Ես ինձ հավասարակշռված մարդ եմ համարում, իսկ վերելքներին եւ վայրէջքներին համարժեք եմ վերաբերվում: Վայրէջքներն ինձ ստիպում են ավելի բարձր թռչել, երբեք չեմ կախում ձեռքերս…Չեմ ընկնում դեպրեսիայի մեջ»,-ասաց Սեւակը:

Կա՞ որեւէ իրադարձություն, որ փոխել է իր կյանքը հիմնովին: «Այո, երբ երեխա էի, հասկացա, որ սիրում եմ երաժշտությունը եւ դա փոխեց իմ կյանքը: Այժմ էլ երաժշտությունը ոչ թե հոբի է կամ աշխատանք, այլ իմ կյանքն է»,- հայտնեց երգիչը:

Ուսանողուհիներից մեկը հասցրեց սեր խոստովանել Սեւակ Խանաղյանին, մեկ ուրիշին էլ հետաքրքրում էր, թե ի՞նչ տեսակ կանայք են նրա սրտով: «Տեսել եք, չէ,՞ մոդելային գեղեցկությամբ աղջիկներ կան…Այնքա~ն գեղեցիկ են, ասես տիկնիկ լինեն: Կանանց այդ տեսակը չեմ հավանում: Ես սիրում եմ խարիզմատիկ կանանց ու կարեւոր չէ, որքան թմբլիկ է նա»:

 Հանդիպման ավարտին բոլորը լուսանկարվեցին Սեւակ Խանաղյանի հետ, իսկ ուսանողական խորհուրդը նրան փոքրիկ հուշանվեր արձանիկ նվիրեց:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930