Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պայմանները պահպանվում են, թեկուզ թող սկայպով խոսեն». Թևան Պողոսյանը՝ ԱԳ նախարարների հանդիպման մասին

Սեպտեմբեր 11,2017 14:17

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանն առանձնապես սպասելիքներ չունի, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում դրական զարգացումներ կլինեն ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի հոգևոր առաջնորդների հանդիպումից հետո:

Ըստ պարոն Պողոսյանի՝ սեպտեմբերի 8-ին կայացած հանդիպումը ռուսական կողմի նախաձեռնությունն էր, և հոգևոր առաջնորդների խոսքից էլ պարզ էր դառնում, որ դա ուղղակի հերթական հանդիպումն էր:

«Հենարան» ակումբում լրագրողներ հետ հանդիպմանը պարոն Պողոսյանն այս առիթով ասաց. «Հոգևոր առաջնորդները լավ գիտակցում են, որ քաղաքական խնդիրներ իրենք չեն լուծելու, լավագույնն այն է, որ փորձեն նպաստել խաղաղասիրական տրամադրությունների ձևավորմանը»:

Ըստ Թևան Պողոսյանի՝ հանդիպումը լավ առիթ էր բարձրացնել Հայաստանին հուզող մի շարք խնդիրներ, օրինակ՝ հայկական հուշարձանների պահպանության հարցը:

Անդրադառնալով Հայաստանի կողմից՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու փաստին՝ Թևան Պողոսյանն ասաց, որ կարելի էր հազար ու մի պատճառաբանություն բերել, բայց դա անել նախօրոք. «Ի վերջո, կարող էինք ասել, որ ինչ –ինչ բաներ դուր չի գալիս մեր ռազմավարական գործընկերոջը կամ ՀՀ-ն հաշվարկեց ու տեսավ, որ մասնակցությունը նպաստավոր չէ հայկական կողմի համար: Իմ անձնական կարծիքն է, որ ՀՀ-ն ընդունել է այս որոշումը ապագայում կանխատեսվող ինչ-որ ճնշումներից խուսափելու համար»:

Թևան Պողոսյանը նաև կարևորեց այն, որ խոսվի ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների դրական զարգացումների մասին: Օրինակ՝ այն, որ ՀՀ-ն մասնակցում է խաղաղասիրական առաքելությունների, որ կյանքի է կոչվելու ՀՀ-ՆԱՏՕ նոր ծրագիր՝ «Վստահության հիմնադրամ»:

Սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից Թևան Պողոսյանը ևս ակնկալիքներ չունի: Ըստ նրա, եթե հանկարծ ՀՀ-ն նահանջի իր պահանջներից՝ Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների կատարումից, դա լավ չի լինի. «Եթե պայմանները պահպանվում են, թող ամեն օր էլ հանդիպեն, թեկուզ սկայպով խոսեն»:

Ըստ Թևան Պողոսյանի՝ հայ հասարակությունն ինքն էլ խնդիր ունի հասկանալ՝ որն է իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում. «Ունենք մի հետազոտություն, որտեղ Արցախի բնակչությունն ասում է՝ այսօրվա մեր իրավիճակն ամենալավն է մեզ համար: Ասում են, թե չեն ուզում գնալ զիջումների, քանի որ չկա վստահություն ադրբեջանական կողմի նկատմամբ: Այնպես, ինչպես Ադրբեջանն այժմ սերունդ է դաստիարակում ու կրթում, դա թույլ չի տալու, որ վստահությունն առաջիկա տարիներին առաջանա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930