Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Իրանի հետ դարպասը կդառնա դուռ, հետո դուռը՝ լուսամուտ, լուսամուտը՝ форточка ու էդպես կփակվի» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 11,2017 14:05

Այսօր ԱԺ-ում ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը ներկայացրեց «Ժամանակավոր ներմուծման մասին կոնվենցիան վավերացնելու մասին նախագիծը»:

Նա նշեց, որ այս կոնվենցիային անդամակցում է 72 երկիր, այդ թվում՝ ԵՏՄ անդամները, ԵՄ բոլոր երկրները: Կոնվենցիային միանալով՝ ժամանակավոր ներմուծման ընթացակարգերը կպարզեցվեն: Առաջարկվում է ապրանքների դեպքում ժամանակավոր ներմուծման գրքույկ ունենալ: Սովորաբար տնտեսվարողը պետք է մաքսային հայտարարագրում իրականացներ, կարող է լինել համապատասխան վճարումներ, եթե չկան, ապա մաքսային ապահովվածություն պետք է լիներ, իսկ հիմա նա այլեւս մաքսային հայտարարագրում, վճարումներ չի կատարելու: Այսպես կարող են տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծում իրականացնել՝ պարզեցված ընթացակարգով: Միրումյանը նշեց, որ ազգային օրենսդրությամբ կոնվենցիայով սահմանված դրական կողմերը սահմանափակվել չեն կարող:

Կառավարությունը ԱԺ-ի քննարկմանը ներկայացրեց նաեւ ՀՀ կառավարության եւ Իրանի միջեւ Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագիրը, որը կհանգեցնի ՀՀ-Իրան փոխադարձ առեւտրի իրականացումը եւ մաքսային ընթացակարգերի պարզեցումը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Միրումյանին հարցրեց. «Ի՞նչ իրավիճակում է գտնվում Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը, որի հիմնարկեքը Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել 2012-ի նոյեմբերին, հայտարարվեց, որ 5 տարվա ընթացքում պետք է կառուցվի: Ես նայում եմ, ոչ մի տեղեկատվություն դրա հետ կապված չկա, ինչը ենթադրում է, որ նման ՀԷԿ չի կառուցվում ու չի կառուցվելու»: Միրումյանը պատասխանեց, որ այդ շինարարության ընթացքի վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում, կճշտի, կասի:

Փաշինյանն էլ արձագանքեց, որ միակը չեք, որ դրա մասին տեղեկություն չունի, նման տեղեկատվություն բնության մեջ գոյություն չունի պարզապես: Նույն հարցը Փաշինյանն ուղղեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին՝ միգուցե դուք տեղեկությո՞ւն ունեք, ձեր կուսակցության ղեկավարն է եղել հիմնարկեքին: Մելիքյանը պատասխանեց, որ նախագծանախահաշվարկային աշխատանքները կատարվել են, բանակցություններ են ընթանում՝ շինարարության համար: Փաշինյանն էլ ի պատասխան հիշեցրեց «Կարգին հաղորդման» անեկդոտներից մեկը:

Ավելի ուշ իր ելույթում անդրադառնալով այս թեմային՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստան-Իրան շատ նախագծեր են այսպես ձախողվել. «Հիմա ոչ ոք չի խոսում Իրան-Հայաստան երկաթուղու մասին, 10 տարի ամեն օր դա էին թմբկահարում, չեն խոսում նավթի վերամշակման համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին, իրանական գազի տարանցման մասին ասում են, բայց հասկանալի է, որ ԵՏՄ կարգավորումները անհաղթահարելի խոչընդոտ են ստեղծում այս խնդրի կարգավորման համար»:

Ըստ Փաշինյանի, «Իրանի հետ համատեղ դարպաս ունենալու մասին ենք խոսում, բայց մի երկու ամսից դարպասը կդառնա դուռ, հետո դուռը՝ լուսամուտ, լուսամուտը՝ форточка ու էդպես կփակվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930