ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Մոսկվայում Ֆինանսիստի օրվա առթիվ կայացած «Հեղինակություն» մրցանակաբաշխության շրջանակներում ստացել է մրցանակ «Եվրասիական տնտեսական ինտեգրման գործում ներդրած անձնական ավանդի համար»։
Կազմակերպիչների կողմից մրցանակը նախարարին տրվել է հետևյալ մեկնաբանությամբ․
«Սուրեն Կարայանը ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության գործընթացում։
Լինելով ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ՝ Սուրեն Կարայանը համակարգում էր դեպի եվրասիական միասնական ֆինանսական շուկա Հայաստանի ֆինանսական շուկայի ինտեգրման խնդիրների լայն շրջանակ, ինչպես նաև վերահսկում էր բյուջետային և հարկային քաղաքականության ոլորտում ինտեգրման օրակարգը։
Ներկայում, լինելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնում, Սուրեն Կարայանի մասնակցությամբ հաջողությամբ իրականացվում են մեր երկրների ինտեգրման զարգացման խնդիրները տնտեսության, արդյունաբերության, ֆինանսական, դրամական, հարկաբյուջետային ոլորտներում»։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն