Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանի տարածաշրջանի զբոսաշրջային զարգացման նախադրյալներից մեկը հյուրատների կայացումն է

Սեպտեմբեր 11,2017 13:22

«Տեխնոդրոմ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Տուրիզմ ստարտափ» եռամսյա ծրագրի շրջանակներում Սևանի և հարակից մի քանի համայնքների բնակիչները հնարավորություն ունեն ծանոթանալու զբոսաշրջային գործի զարգացման ևս մեկ բաղադրիչին` հյուրատների գործունեությանը:

«Տուրիզմի առաջխաղացման միջոցով համայնքի զարգացումն օրախնդիր է: Հանրապետության մի քանի համայնքներում` Դիլիջան, Ալավերդի, Գորիս, ընտանեկան բիզնեսի այս տեսակն արդեն իսկ գրանցել է հաջողություն: Մեզ մոտ ռեսուրսներն առավել շատ են, դրան հավելենք նաև Սևանա լիճը, սակայն շատերը չեն համարձակվում գործ սկսել, այն ինչ տեղացիները կարող են բարելավել իրենց ֆինանսական վիճակը հյուրատնային գործ հիմնելով»,- ներկայացնում է ծրագրի ղեկավար Գայանե Մհերյանը:

Անշուշտ, տեղացիների համար դյուրին չէ միանգամից ներգրավվել այս գործընթացների մեջ, սակայն, ինչպես նկատում է Սևանի համայնքապետարանի զբոսաշրջության տեղեկատվական գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանը, հյուրատների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության տրամադրման դեպքում արձագանքները լինում են դրական:

«Զբոսաշրջիկների մի մասը ձգտում է կենդանի շփման. նրանք հյուրանոցներից դուրս փնտրում են հյուրընկալ զբոսաշրջային տներ, որտեղ հնարավորություն կունենան ծանոթանալու տվյալ տարածաշրջանի սովորույթներին, ընտանեկան նիստ ու կացին, ազգային խոհանոցին, իրենց կզգան առավել մոտ բնությանը, միաժամանակ ավելի ազատ ու անկաշկանդ,- ասում է Դավիթ Թորոսյանը և հավելում:- Սակայն չմոռանանք, որ հյուրատների կառավարումն էլ անձնական մեծ ներգրավվածություն պահանջող գործունեություն է, որի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է դրա իրագործմամբ»:

Ծրագրի ընթացքում մասնակիցներին տրվում է նաև համապատասխան տեղեկատվություն հյուրատների առանձնահատկությունների, մրցակցային առավելությունների վերաբերյալ:

Ծրագրի ղեկավարի փոխանցմամբ` գործ սկսելուց առաջ անհրաժեշտ է հստակ ձևակերպել գնային քաղաքականությունը, զբոսաշրջիկների գրավման մեթոդները, հյուրատան զարգացմանը նպաստող մի շարք գործոններ:

Սևանի տարածաշրջանում հյուրատների բիզնեսով արդեն իսկ զբաղվում է 4 ընտանիք: Նրանք տարիների ընթացքում ոչ միայն ավելացրել են իրենց ընտանիք հյուրընկալվող զբոսաշրջիկների թիվը, այլ նաև ձեռք են բերել նոր հմտություններ և կարողություններ, սակայն տարածաշրջանում այս առումով կա մեծ ներուժ, և ծրագիրն էլ լավագույն հարթակ է նոր մարդկանց ներգրավելու, այս ոլորտում ընտանեկան բիզնեսը զարգացնելու համար:

Ծրագրի շահառուները հանդիպումների ընթացքում հյուրատների գործունեության վերաբերյալ ստացած գիտելիքները` օրենսդրությունից մինչև հաջողված պատմություններ, կարող են կիրառել իրենց հետագա գործունեության մեջ:

«Տեղացիներն այս ծրագրի միջոցով ստանում են մեկնարկային տուրիզմի, հյուրատնային բիզնեսի և գործունեության, գյուղական և էկոտուրիզմի մասին տեսական և գործնական գիտելիքներ,- ներկայացնում է ծրագրի ղեկավարը և հավելում:- Ծրագրի բաղադրիչներից է նաև տարածաշրջանի և բնական և մշակութային ժառանգության վերաբերյալ ապագա զբոսավարներին անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը»:

Մասնակիցների այցերը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի բուսաբանական այգի և բնագիտական թանգարան /այցելուների կենտրոն/, թերակղզում գտնվող Սևանավանք, այնտեղ ստացած տեղեկատվական պաշարը ևս օգնելու են լավագույն մեկնարկին:

Սևանի համայնքապետարանի զբոսաշրջության տեղեկատվական գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանի հավաստմամբ` այս ծրագրի ավարտից հետո հյուրատների թիվն ավելանալու է, քանի որ ծրագրի շահառուները մոտիկից են ծանոթացել այդ գործին, միաժամանակ ցանկացողներն էլ այսուհետ կստանան համապատասխան խորհրդատվություն սեփական գործը սկսելուց առաջ և ընթացքում:

Տեսական գիտելիքներն ամրապնդելու նպատակով սեպտեմբերին նախատեսված է պրակտիկ տուրեր Դիլիջան, Էջմիածին համայնքներ, հանդիպումներ գործող և կայացած հյուրատների սեփականատերերի հետ:

Տեղեկատվական բուկլետների տպագրությունն էլ ներառելու է տվյալներ գործող հյուրատների վերաբերյալ, նաև այն երիտասարդների տվյալները, որոնք կարող են հաղորդակցվել զբոսաշրջիկների հետ, պատրաստ են նրանց ներկայացնելու իրենց համայնքը: Նույն տեղեկատվությունը տրամադրվելու է նաև օնլայն եղանակով:

Այս ամենի հիմքում ընկած է մեկ գաղափար` տեղացիները պետք է սովորեն գումար վաստակել, ունենալ կայուն եկամուտ` օգտագործելով առկա ռեսուրսները, իրենց հնարավորությունները:

Հավելենք, որ «Տուրիզմ ստարտափ» ծրագիրն իրականացվում է 2017թ. ԱՄՆ դեսպանատան կողմից հայտարարված ԱՄՆ շրջանավարտներին դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որի նպատակն էր կապ պահպանել փոխանակման և ուսումնական ծրագրերի մասնակիցների հետ, խրախուսել նրանց` համախմբելու ջանքերը մի շարք ոլորտներում, որոնք թույլ կտան ապահովել ժողովրդավարական զարգացումը:

«Տեխնոդրոմ» ՀԿ-ն ներկայացրել է տարածաշրջանի գերակա ուղղություններից մեկին` զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագիր, որը ներառում է աջակցություն ստարտափներին և ձեռներեցության խթանմանը:

Ծրագիրն իրականացվում է Սևան /ներառյալ Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերը/, Լճաշեն, Ծովագյուղ համայնքներում: Ծրագրի մասնակիցներն են Սևանի պետական քոլեջի ուսանողները, հյուրատներ ստեղծելու ոլորտում 1-ին քայլեր կատարողները, այն անձինք, որոնք պատրաստվում են նոր գործ սկսել այս ոլորտում:

 

 

ԱՐՄԻՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930