Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իգլա»-ի «ոդիսականը». զենքը պահել են դաշտում, հետո՝ հանգուցյալի տանը, նաեւ՝ լուսանկարել «ՕՐՕ»-ի բացիկի հետ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 11,2017 13:10

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Իգլա»-ի գործով հարցաքննվեց մեկ այլ վկա՝ Հրաչյա Մայիլյանը, որն այս գործից անջատված մասով նաեւ մեղադրյալ է:

Հիշեցնենք՝ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն: Գործով մյուս մեղադրյալներն են Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն Քոչարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ժորա Զաքարյանը, Դավիթ Հարությունյանը:

Հրաչյա Մայիլյանը դատարանին պատմեց, որ Թբիլիսիում զբաղվել է ձեռնարկատիրությամբ, ապա խնդրեց հրապարակել իր նախաքննական ցուցմունքը: Ըստ դրա՝ իր ծանոթը՝ գործով մեղադրյալ Արմեն Պողոսյանը, որը Էջմիածնում հայտնի է «Ժորիկ» անունով, իրեն խնդրել է հետաքրքրվել Վրաստանից «Իգլա» ձեռք բերելու հնարավորությունների մասին:

«Չգիտեի՝ ի՞նչ զենքի մասին է խոսքը: Ժորիկն ասեց, որ դա տանելու է Ղարաբաղ՝ բանակին, որ պաշտոն տան, իսկ թե ում՝ չգիտեմ: Հետո պարզվեց, որ «Իգլան»-ն պետք է եղել Սանասար Բաղդասարյանին: Դիմեցի Օթար անունով վրաստանցի ծանոթիս, որն ասաց, որ իրենց մոտ նման զենք չկա: Վերադարձա Էջմիածին եւ Ժորիկին ասացի, որ չկա նման զենք: Հետո ինքնաթիռով գնացել ենք Ուկրաինա, որտեղ Ժորիկը ծանոթներին հարցուփորձ է արել «Իգլա»-ի մասին: Բացասական պատասխան ստանալով՝ վերադարձել ենք Հայաստան: 2017թ. սկզբին էլի գնացել ենք Թբիլիսի, ցանկանում էինք ձկնաբուծությամբ զբաղվել, Ժորիկն էլ մեր հետ եկավ»,-ասել է Հրաչյա Մայիլյանը նախաքննական ցուցմունքում:

Այդ ուղեւորության ժամանակ, ըստ Հրաչյա Մայիլյանի, նա հերթական անգամ հետաքրքրվել է «Իգլա»-ի մասին, այս անգամ՝ Ռոբերտից, որն Էջմիածնի նախկին քաղաքապետերից մեկի տղան է եւ աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայությունում: Մայիլյանի ցուցմունքում ասված է. «Ես Ռոբերտին խնդրել եմ հետաքրքրվել «Իգլա»-ի վաճառքի մասին: Հետո Ժորիկը հանդիպել է Ռոբերտին, որը խոստացել է օգնել «Իգլա» ձեռք բերելու հարցում: Փետրվարին Ռոբերտն ասել է՝ զենքը կա, բայց մարտկոցն ու ինչ-որ այլ մաս է բացակայում: Այդ մասին հայտնել եմ Ժորիկին: Նա խնդրեց լուսանկարել, հետո տեսավ նկարները ու ասաց, որ լավը չեն, պարզ չի երեւում: Մութ ժամանակ եմ նկարել»:

Ըստ ցուցմունքի՝ մարտի կեսերին արդեն Ռոբերտը Հրաչյա Մայիլյանին հայտնել է, որ «Իգլա»-ն արդեն ՀՀ-ում է՝ Էջմիածնին հարակից ավտոճանապարհներից մեկի հատվածում. «Արշալույս գյուղի դաշտերից մեկում Ռոբերտը ցույց տվեց պոլիէթիլենային տոպրակի մեջ կանաչ գույնի խողովակատիպ սարք: Նկարել եմ, որ ցույց տամ Ժորիկին: Զենքը թողել ենք նույն տեղում եւ վերադարձել Էջմիածին: Ժորիկն ասաց, որ զենքն արժի 35 000 ԱՄՆ դոլար»:

Հետո, ըստ ցուցմունքի, Հրաչյա Մայիլյանը «Իգլա»-ն վերցնել է նույն գյուղի ճանապարհի եզրից, իր մեքենայով տարել իր տուն. «Ժորիկը եկավ, նկարեց զենքը՝ ՕՐՕ դաշինքի բացիկով, որը լուսանկարելուց պահեց է զենքի կողքին: Չգիտեմ՝ ինչո՞ւ այդպես արեց»:

Հետագայում, ըստ Հրաչյա Մայիլյանի, որպեսզի «Իգլան» հանկարծ իր տանը «չպայթի», այն տարել ու պահել է իր հանգուցյալ հորեղբոր տանը, սակայն Ժորիկը հրաժարվել է զենքը գնելուց՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ մասեր են բացակայում:

«Ինձ կեղծ փաստաթղթեր օգտագործելու փաստով հրավիրել էին ԱԱԾ հարցաքննության, որի ժամանակ էլ որոշեցի պատմեմ կատարվածի եւ «Իգլա»-ի մասին»,-նշել է Հրաչյա Մայիլյանը: Նա պնդել է, որ Ժորիկն այդ կերպ իրեն «քցել է», եւ ինքը զենքի ապօրինի ձեռքբերման մեղադրանքի հետ կապ չունի եւ չի ընդունում այն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930