Բաքվի բանտում բլոգեր Ալեքսանդր Լապշինն ինքնասպանության փորձ է կատարել: Այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը՝ նշելով, որ նախագահը ներում է շնորհել բլոգերին:
Հասանովի խոսքով՝ Լապշինի ինքնասպանության փորձը կանխվել է «բանտի հսկիչների զգոնության և օպերատիվության շնորհիվ»:
Հասանովը հավելել է, որ Լապշինին ներում շնորհելու և նրան Իսրայել արտահանձնելու հարցը վաղուց էր քննարկվում երկու պետությունների համապատասխան մարմինների կողմից: Այդ առնչությամբ համաձայնություն էր ձեռք բերվել, ըստ որի՝ ներում շնորհելուց հետո Ադրբեջանի կառավարությունը բլոգերին կհանձնի Իսրայելին, իսկ հետագա պատասխանատվությունը նա կկրի համապատասխան իսրայելական օրենքների:
«Բայց, ցավոք, Իսրայելի պաշտոնատար անձինք ձգձգում էին նրա արտահանձնման գործընթացը, որի արդյունքում երեկ տեղի ունեցավ տհաճ դեպք: Լապշինը ինքնասպանության փորձ է ձեռնարկել այն հաստատությունում, որտեղ կրում էր պատիժը: Իհարկե, շնորհիվ բանտի հսկիչների զգոնության և օպերատիվության ինքնասպանությունը կանխվել է: Նրան շուտափույթ կերպով ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: Այս պահին Լապշինը շարունակում է բուժումը բժիշկների հսկողության տակ»,- ասել է Հասանովը:
Նա հավելել է, որ ներում շնորհելու կարգադրությունից հետո Լապշինի արտահանձման գործով զբաղվում են Ադրբեջանի ԱԳՆ-ն և Իսրայելի դեսպանությունը: Գործընթացնը նախատեսվում է ավարտին հասցնել ամենակարճ ժամկետներում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ