Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. Մեր անվտանգության համար պետք է ունենանք մրցունակ եւ նորարար տնտեսություն

Սեպտեմբեր 11,2017 12:55

«Մեր ապագան կառուցելու, մեր անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ զարգացած, մրցունակ եւ նորարար տնտեսություն: 21-րդ դարի այսպիսի տնտեսությունը պետք է զարգանա շնորհիվ դինամիկ թվայնացման, միջավայրին անընդհատ խելացի կերպով ադապտացվելով: Դա հնարավոր կլինի միայն ժամանակակից, գլոբալ առումով մրցունակ, բարձր որակավորում ունեցող, մոտիվացված աշխատուժի առկայության դեպքում:

Ապագա Հայաստանի հիմքը պետք է դրվի հենց դպրոցից եւ շարունակվի անընդհատ»,-այսօր Համաշխարհային բանկի (ՀԲ) գործընկերության 25-ամյա տարեդարձին նվիրված «Ապագայի Հայաստան» խորագրով համաժողովի բացմանն ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետի տվյալներով, 25 տարվա ընթացքում ՀԲ-ի կողմից մեր երկրում նախաձեռնվել է 95 ծրագիր, որոնց գումարային ֆինանսական հոսքը կազմել է 2.3 մլրդ ԱՄՆ դոլար: Ներկայումս էլ բանկի վարկային պորտֆելը ՀՀ-ում 620 միլիոն դոլար է:

«Ապագայում հաջողության կարող են հասնել միայն այն տնտեսական համակարգերը, որոնք կկարողանան ժամանակին համընթաց ձևափոխել տնտեսական աճի մոդելը և ապահովել առաջանցիկ, կայուն, երկարաժամկետ տնտեսական աճ»,-ասաց վարչապետը` նշելով, որ 25 տարիների ընթացքում ՀԲ-ի աջակցությամբ իրականացվել են Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման եւ ժամանակակից ինստիտուտների ձեւավորմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր:

«Համաշխարհային բանկի խմբի տարբեր կառույցների կողմից տրամադրված գործիքներն օգնել են ապահովել տնտեսական աճ, զարգացում եւ առաջընթաց: 2014 թվականից մենք թեւակոխեցինք զարգացման նոր շրջան՝ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերից անցում կատարելով Վերակառուցման զարգացման միջազգային բանկի ծրագրերին»:

Կարեն Կարապետյանը նաեւ ասաց, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է եւ իրականացնում է մեր տնտեսության արմատական բարեփոխումների եւ արդիականացմանն ուղղված համակարգային ծրագիր. «Ես ուզում եմ այս պահին նաեւ նշել, որ կառավարության ծրագիրը նման գնահատականի է արժանացել նաեւ մեր գործընկերների կողմից, ինչը մեզ համար չափազանց կարեւոր է: Այդ ծրագիրը պահանջում է առկա ռեսուրսների մոբիլիզացում, դրանց օգտագործման արդյունավետության բարձրացում եւ էլ ավելի սերտ համագործակցություն մեր հիմնական գործընկերների հետ: Ուրախ եմ փաստելու, որ կառավարության եւ Համաշխարհային բանկի հիմնական նպատակները համահունչ են»,- ընդգծեց վարչապետը: Նա ասաց, որ ապագային ուղղված կառավարության վերջնանպատակն է՝ ունենալ անկախ, անվտանգ, արդար եւ խելացի Հայաստան. «Ապագայի այսպիսի Հայաստանի կերտումը պետք է հանդիսանա Հայաստանի և բանկի համագործակցության առանցքային հենասյունը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930