Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս կառավարությունը կարծես մանիակ է». Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 11,2017 12:47

Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ-ում քննարկվում է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը:

ԿԳ նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ասաց, որ գիտնականների 35-50 տարիքային շեմը շատ պահանջված է, նրանք արտերկրում լավ առաջարկներ են ստանում եւ ամսական 5000-10 հազար դոլար աշխատավարձ են ստանալու ակնկալիքով արտագաղթում են:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցրեց. «ՀՀ-ն ինչպիսի՞ միջազգային համաձայնագրերով է սահմանափակված միջուկային զենք ստեղծելու հարցում եւ այդ ուղղությամբ հետազոտություններ կարո՞ղ է իրականացնել: ՀՀ-ում կա՞ գիտական պոտենցիալ՝ միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ, ենք այսօր մասնագետներ ունե՞նք, թե՞ մեր մասնագետները վաղուց արդեն հեռացել են՝ ամսական 10 հազար դոլար աշխատավարձ ստանալու համար»:

Սամվել Հարությունյանը պատասխանեց. «Այսօր կան հայազգի մասնագետներ եւ ՀՀ-ում, եւ ՀՀ-ից դուրս, որոնք տիրապետում են միջուկային զենք ստեղծելու խնդրին եւ կարող են ցանկացած ժամանակ դրանով զբաղվել: ՀՀ-ում ցավոք, առայժմ չկան միջոցներ»:

ԱԺ-ում քննարկվեց նաեւ կառավարության նախագիծը՝ Հարկային օրենսդրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ասաց, որ բիզնեսի կողմից երկար սպասված առաջարկություններ կան: Մասնավորապես, առաջարկվում է ՀՀ մաքսային սահմանին ներմուծվող արտադրական նշանակության հումքի եւ մեքենա սարքավորումների համար ԱԱՀ չգանձել: Գաղափարն այն է, որ սահմանին չպետք է հարկվի դա, հնարավորություն պետք է տալ տնտեսվարողներին, որ ունենան լրացուցիչ շրջանառու միջոցներ, այն ներդնել տնտեսության շրջանառությունում եւ այն ԱԱՀ-ն, որ չի վճարվել սահմանին, կվճարվի պատրաստի ապրանքների իրացման փուլում: Նախագիծն ուժի մեջ է մտնելու 2018-ի հունվարի 1-ից:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ ժամանակին ԲՀԿ-ն առաջարկում էր նման բան, բայց իշխանությունը կտրուկ դեմ էր. «Էդ ո՞նց եղավ, որ հիմա համաձայն եք, քաղաքական որոշում եք ընդունել, առաջ ասում էիք՝ 40 մլրդ-ը ո՞նց կլինի ուշ հավաքվի»: Վախթանգ Միրումյանը պատասխանեց. «Մի քանի հանգամանքներից է դա կախված, առաջինը վարչարարությունից է: Մաքսային սահմանին կարելի է հրաժարվել ԱԱՀ հարկումից, եթե առկա վարչարարական հնարավորությունները թույլատրում են իրականացնել դրա պատշաճ հսկողությունը: Երկրորդը՝ կարեւոր է բյուջետային հնարավորությունները, մենք ունենք էական բարելավում հարկային եկամուտների: Կարծում եմ, դա շարունակվելու է նաեւ ապագայում եւ կկարողանանք ծածկել լրացուցիչ հավաքագրվող պետբյուջեի եկամուտների հաշվին»: Միրումյանը վստահեցրեց, որ այս քայլի տնտեսական էֆեկտը բավականին մեծ է լինելու:

«Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց. «Նախորդ խորհրդարանում ԲՀԿ-ն ներկայացրել է նույնաբովանդակ նախագիծ: Էս կառավարությունը կարծես մանիակ է, թե այլ քաղաքական ուժ է ներկայացնում, անգամ ամենառացիոնալ նախագիծը իրենք պատրաստ չեն քննարկել: Հետո պտտվում են եւ բերում են մի ուրիշ վերնագրով»:Ըստ Նաիրա Զոհրաբյանի, այս կլանային պայքարը արդեն հետաքրքիր էլ չէ, մենք պառլամենտական երկիր ենք:

Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ի նախագիծը բովանդակային առումով տարբերվում էր իրենց ներկայացրած այս նախագծից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930